ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն իրեն առաջադրված մեղադրանքներով մեղավոր չի ճանաչում: Ըստ նրա, դրանք «27»-ի կազմակերպմանը նախագահ Ռ.Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի առնչությունների մասին հրապարակային կասկածներ հայտնելու հետեւանք են ու քաղաքական հետապնդում: Մ.Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն էլ դատավարության ընթացքում փորձելու է մեղադրանքների անհիմն լինելը իրավական տեսանկյունից փաստարկներով ամրապնդել: Դատավարության առաջին օրը դահլիճում ներկա էին քրգործով տուժած 12 վկաներից միայն երկուսը, որոնցից մեկը Ռաֆայել Զորոյանի՝ «Խելառ Ռաֆոյի», կինն էր: Մն,lացած տասը, այդ թվում՝ պատգամավորներ Աղասի Արշակյանը, Ֆիլարետ Բերիկյանը, նախարար Դավիթ Վարդանյանն ու այլք, հարկ չէին համարել ներկայանալ: «Պետք է ասեմ, որ ինձ համար մի քիչ տարօրինակ էր ու անհասկանալի: Դատարանը նույնիսկ չքննարկեց դատարանի կազմի լիարժեքության հարցը ու չհարցրեց դատավարության կողմերի կարծիքը՝ առանց տուժողների մասնակցության դատը սկսելու հնարավորության մասին, թեեւ կարծում էի, որ դա քննարկման առարկա կդառնար՝ թեկուզ ձեւական առումով: Դա, իհարկե, վրիպում էր»,- նկատեց փաստաբանը: Վերջինս՝ խոսելով իր միջնորդության մերժման մասին, նկատեց, թե Մ.Սաղաթելյանի նկատմամբ խափանման միջոցի մերժման դեպքում դատարանն ավելի շատ հաշվի առավ ՔՕ 183 հոդվածի 2-րդ մասով (իշխանազանցություն) առաջադրված մեղադրանքը, որը համեմատաբար ամենածանրն է: «Իմ միջնորդությունը հիմնավոր էր նաեւ այն առումով, որ կար պատգամավորների երաշխավորությունը: Նրանք պատասխանատվություն էին ստանձնել, որ Մ.Սաղաթելյանը չէր խուսափի դատաքննությունից եւ չէր խոչընդոտի դրան: Ի վերջո, նրան բերման չեն ենթարկել. ինքն է ներկայացել, ցանկանում է, որ գործի քննությունը կատարվի ամբողջ ծավալով»,- ասաց Ռ.Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով, որ իր միջնորդության ձեւակերպումն անհիմն է եղել, բայց եւ ողբերգություն չէր, որովհետեւ սպասելի էր: «Դա մեզ համար, այսպես ասած, «զոնդաժի» նշանակություն ուներ՝ պարզելու դատարանի տրամադրվածությունն ու այն, թե ինչ նպատակ է հետապնդում դատավարությունը՝ արդարադատությո՞ւն իրականացնել, թե՞ դրա անվան տակ մարդու նկատմամբ հաշվեհարդար իրականացնել: Չէի ասի, թե դրական տպավորությամբ ենք սկսում դատավարությունը»,- խոստովանեց փաստաբանը: Իհարկե, պաշտպանը նույն միջնորդությունը հետագայում եւս պնդելու հնարավորություն ունի: Փաստաբանն անդրադարձավ նաեւ «27»-ին առնչվող՝ Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից նրանց, որոնցում իբրեւ հանցագործություն է համարվել «27»-ի ու դրա կազմակերպիչների վերաբերյալ տվյալների, տեղեկատվության ձեռքբերումը: «Այդ գործի առնչությամբ օպերատիվ աշխատանքների հետ Մ.Սաղաթելյանն, իհարկե, ի պաշտոնե առնչություն է ունեցել: Դրա համար նրան՝ իբրեւ իրավապահ մարմնի ներկայացուցչի, որի պարտականությունն օրենքով հենց հանցագործության կանխումն ու բացահայտումն է, առանձին հանձնարարական տալ պետք չէր: Մյուս կողմից՝ եթե «27»-ից անջատված մասով նախաքննության ժամկետը երկարացվում է, նշանակում է՝ ստուգելու բան դեռեւս կա, կան չբացահայտված մեղավորներ: Ի վերջո, «27»-ի կազմակերպիչների մասին կասկածները դեռ պետք է հերքվեն: Իսկ եթե, ասենք, տեղամասային տեսուչին մի այնպիսի տեղեկություն է տրվում, որ այդ գործի համար շատ կարեւոր է իր բովանդակությամբ, ծավալով, ստուգման հնարավորությամբ, նա պետք է ոչ մեկին չտրամադրի՞, պահի՞ իր մոտ: Մ.Սաղաթելյանը ՆԳՆ վարչության պետ էր եւ ստացել էր հսկայական ծավալով օպերատիվ տվյալներ: Բնական է, որ նա պետք է ստուգեր դրանց հիմնավորվածությունը: Զարմանում եմ այն հարցադրումից, թե ինչո՞ւ է նա այդ արել առանց նախարարի, դատախազի հանձնարարության, կամ, որ ինքը կասկածել է, թե գործն ամբողջ ծավալով չի արվում, որ նախաքննությունն ինչ-որ տեղեկություններ չի ստուգել: Մյուս կողմից, որ Մ.Սաղաթելյանը կասկածում է որոշ պաշտոնյաների «27»-ի կազմակերպման մեջ՝ ես ողբերգություն չեմ տեսնում: Անձին կասկածել-չկասկածելը նրա զբաղեցրած պաշտոնով չի պայմանավորվում: Չեմ թաքցնում, որ այդ մասով ես դատարանում դեռ գնահատականներ ունեմ տալու եւ միջնորդություններով հանդես կգամ՝ որոշ հարցերում հստակություն մտցնելու համար: Այս թմբիրից պետք է դուրս գանք: «Սուտ մատնության» «ակնհայտ» լինելն էլ դեռ պետք է ստուգել: Բայց չէ. ասում են՝ դու համարձակվել ես կասկածել: Եթե կասկածներ կան, դրանք մե՞ղք են»,- հռետորական հարցադրում արեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ պաշտոնական որեւէ հայտարարություն չկա, որ այդ կասկածները ստուգվել եւ հերքվել են: «Եթե այդ կասկածները քննությամբ չեն փարատվել ու դրա համար մարդուն մեղադրանք են առաջադրում. է՛լ «զրպարտիչ», է՛լ «սուտ մատնություն», ու ասում՝ եթե դու ես ասում ու պաշտոնյաների մասին ես ասում, ուրեմն դա սուտ է, այդպես չի լինում»,- կարծիք հայտնեց Ռ.Գրիգորյանը: Նրա տպավորությամբ, այդ քրգործով դատախազությունը ցույց տվեց, որ ինքը պայքարում է ոչ թե հանցագործությունը բացահայտելու համար, այլ որոշակի անձանց դեմ: «Մ.Սաղաթելյանի գործը դրա դասական օրինակներից մեկն է»,- վկայեց փաստաբանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ