Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳՍ ԿԱ ՈՒ ԿԱՊՐԻ ԴԵՌ

Մարտ 14,2002 00:00

ԵՐԳՍ ԿԱ ՈՒ ԿԱՊՐԻ ԴԵՌ «Յուրաքանչյուր հայի պարտքն է գնահատել մեծերին եւ այդ հսկաներով իրավունք ունենալ ներկայանալ համաշխարհային հանրությանը։ Եվ այսօրվա հանդիսությունն էլ թող դառնա մեր տուրքը մեծ քաղաքացուն, մեծ մարդուն եւ մեծ բանաստեղծին ի խորոց սրտի»,- այս խոսքերով հանդիսատեսին ողջունեց Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանը։ Մարտի 13-ին Չարենցի դպրոցի սաները եւ «Ինդիվիդիում» մանկապատանեկան թատրոնը «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով Չարենցի ծննդյան 105-ամյակի առթիվ Համազգային թատրոնում մեծ թատերականացված միջոցառումներ էին կազմակերպել։ Միջոցառման կազմակերպիչը եւ բեմադրողը դպրոցի փոխտնօրեն եւ «Ինդիվիդիում» թատրոնի ղեկավար Կարինե Դավթյանն էր։ «Ինդիվիդիում» թատրոնը գործում է արդեն 4 տարի, սակայն հասցրել է բազմաթիվ ներկայացումներ բեմադրել եւ Վիլյամ Սարոյանի «Ջիմ բենդի» ներկայացումով մասնակցել է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնին։ «Ինդիվիդիում» թատրոնն առայժմ շենք չունի եւ իր ներկայացումները պատրաստում է Չարենցի դպրոցում։ Բեմադրություններին մասնակցում են ոչ միայն դպրոցի սաները, տարիքային սահմանափակումներ նույնպես չկան։ Տիկին Դավթյանի կազմակերպած միջոցառումը ամբողջովին նվիրված էր Չարենցի կյանքին, իսկ որպես Չարենց հանդես եկավ թատրոնի սան, Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարեն Գրիգորյանը, որը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հանճարի կյանքը թեկուզ կանցնի, կմարի, բայց երգը կա ու կապրի դեռ։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել