Իմ արվեստանոցն իմ տունն է Նկարիչ-ստեղծագործող Բորիս Մատինյանն իր նկարչական թոթովանքները սկսել է դեռ մանկուց։ Արվեստագետն արդեն 55 տարեկան է եւ մոտ 600 գործերի հեղինակ։ Բ. Մատինյանի համոզմամբ, նկարելն իրեն տրված աստվածային շնորհ է։ Նա շուրջ 400 աշխատանք (նկարներ, մոմակալներ, քանդակներ եւ այլն) է նվիրել Խնկո-Ապոր, Մյասնիկյանի, Իսահակյանի անվան գրադարաններին, գեղարվեստի դպրոցներին, մանկապարտեզներին, ծերանոցներին, մանկատներին։ Նրա գործերը հանգրվանել են ինչպես Երեւանի, այնպես էլ տարբեր մարզերի թանգարաններում։ Երազում է իր գործերը տեսնել աշխարհի բոլոր թանգարաններում։ Ինչպես նաեւ լինել Սեւերոմորսկում՝ Հյուսիսափայլը նկարելու ակնկալիքով. «Հետո հյուսիսի եւ հարավի գույների համադրությամբ ստեղծված նկարները՝ Արարատյան դաշտավայրի հրավառ գույներով, անպայման նվիրել հյուսիսի թանգարաններին»,- ասում է նկարիչը։ Նրա նկարների թեմատիկան եւ լուծումները դուրս են ստանդարտներից. նկարիչն ամեն ինչ թողնում է նկարը դիտողի երեւակայությանը։ Արվեստագետը նկարում է երկու ձեռքով։ Կտավից առավել գերադասում է անմշակ փայտի վրա նկարել։ Մի շարք նկարներ էլ վրձնած էր գրքերի կազմերի վրա։ Նկարներից զատ, նրա տարերքը փայտի եւ բրոնզի համադրությամբ աշխատելն է։ Նկարչի մտահղացումներից մեկն էլ նախնիների հայրենիքում՝ Աշտարակում ժամանակակից արվեստի թանգարան հիմնելն է։ Զարմանալի էր նաեւ, որ նրա պահարանում հոգատարությամբ պահպանվում էին Լենինի, Բրեժնեւի մեծադիր լուսանկարները, որոնց առկայությունը արվեստանոցում նա բացատրում էր նրանց ժամանակներում ապրած իր լավագույն տարիներով։ «Իմ արվեստանոցն իմ տունն է,- ասում է նկարիչը,- իսկ տունը կյանքի վերջին օրերին պետք է դատարկ լինի, որովհետեւ մարդ այս աշխարհից նյութական ոչինչ չի տանում իր հետ»։ Դրա համար էլ նկարիչը որոշել է իր բոլոր գործերը նվիրել մարդկանց։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ