ՀՖԲ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ Երեկ Հայաստանի ֆոնդային բորսան գումարեց իր առաջին տարեկան ընդհանուր ժողովը: Այն դրական գնահատեց գործադիր մարմնի անցած տարվա գործունեությունը: Կայացած ընտրությունների արդյունքում դիտորդ խորհրդի անդամ ընտրվեցին «Կապիտալ Ինվեստ», «Վրինկո», «Արժեթղթերի կենտրոն», «ՏոնՏոն». «Արմենբրոկ», «Արդշինբրոկ», «Մ.Գ.Ս.», «Պրիվատ Ինվեստ», «Ամերիա Ինվեստ» բրոքերային (դիլերային) ընկերությունների ներկայացուցիչները: Դիտորդ խորհրդի նախագահ միաձայն վերընտրվեց «Արմենբրոկ» ընկերության ներկայացուցիչ Էդվարդ Սանդոյանը: Ներկայումս ՀՖԲ-ին անդամակցում են 19 բրոքերային ընկերություններ: Բորսայի գործադիր տնօրեն Արմեն Մելիքյանը զեկուցման ընթացքում տեղեկացրեց, որ ՀՖԲ-ում անցած տարվա դեկտեմբերի դրությամբ գրանցվել եւ ցուցակվել են 143 հատ արժեթղթերի հայտարարագրեր, բորսան գրանցել է 118 թողարկողների արժեթղթեր, որոնցից 117-ը սովորական անվանական բաժնետոմսեր են, մեկը՝ արտոնյալ բաժնետոմս: ՀՖԲ-ում հաշվետու ժամանակաընթացքում ցուցակվել են 106 թողարկողների սովորական անվանական բաժնետոմսեր, այդ ընթացքում մերժվել է մեկ հատ արժեթղթի գրանցման հայտարարագիր: Հայաստանի ֆոնդային բորսայում առաջին առեւտրային նստաշրջանը հնարավոր եղավ կազմակերպել անցած տարվա հուլիսի 6- ին, երբ շահագործման հանձնվեց RTS-plaza առեւտրային էլեկտրոնային համակարգը: 2001 թվականին ՀՖԲ անդամների կողմից կատարվել է շուրջ հինգ միլիարդ դրամի գործարք: Ժողովը լսեց եւ դրական գնահատեց նաեւ վերահսկիչ ծառայության տարեկան գործունեությունը: ՀՖԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն