Մարտի են գնում միայն 14-ի թերապեւտները – Ես ներկայացել եմ ոչ թե կոլեկտիվի, այլ ինձ համար, ինչպես պատերազմի զինվոր, մտածելով, որ այս կռիվը բոլոր բուժաշխատողներինն է,- հայտարարեց երեկ կառավարության շենքի մոտ կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկը։ Նույն այդ «մեկը» չցանկացավ ներկայանալ նաեւ անուն-ազգանունով, քանի որ Ավանի իրենց պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը խիստ զգուշացրել էր աշխատողներին. «Եթե դուրս գաք ցույցի, ես այնպես կանեմ, որ ամբողջ կյանքում գործ չեք ունենա ոչ այստեղ, ոչ էլ որեւէ բուժհիմնարկում»։ Չնայած հետո պարզեցինք, որ տիկինը բժշկուհի Լյուդմիլա Աղաբեկյանն է, բայց նրան ներկայացնելը «վառելու» նպատակ չունի, քանի որ հեռուստատեսային խցիկներն, այսպես թե այնպես, այդ «սեւ» գործն անում էին։ Հիմա անդրադառնանք Երեւանի թիվ 14 պոլիկլինիկայի թերապեւտիկ ծառայության բժիշկ-բուժքույրերի հերթական կիսախաղաղ ցույցին։ Մարտի 6-ից գործադուլ հայտարարած այս կոլեկտիվն առայժմ միակն է, որ պայքարում է իր իրավունքների համար։ Այն է՝ 17 ամսվա աշխատավարձի մարում, նախկին 18 հազար դրամ ամսավճարի վերականգնում (2001-ի ապրիլից այդ թիվը կրճատվել է 8 հազարով)։ Գործադուլավորները պահանջում էին նաեւ առողջապահական գործակալության լուծարումը, ստեղծված այս իրավիճակի համար մեղադրելով միայն «կաշվե բազկաթոռների մեջ ուռճացող» այդ կազմակերպությանը։ Խրատվելով դեպի քաղաքապետարան եւ նախարարություն կատարած անօգուտ երթերից, բուժաշխատողներն այժմ միայն վարչապետից ու նախագահից էին ակնկալում հարցի լուծումն առանց որեւէ զիջման։ Նրանք գիտեին, որ գուցե եւ այս «ըմբոստության» հետեւանքով մնան առանց աշխատանքի (ասենք՝ փակեն պոլիկլինիկան), բայց պատրաստ էին գնալ մինչեւ վերջ։ Հարգարժան տիկնանց «պատգամավորական» խումբը նախ «հաջողացրեց» լինել կառավարության աշխատակազմի սոցիալական եւ առողջապահական վարչության պետի մոտ, բայց այնտեղից դուրս եկավ փոշմանած՝ պարոն Կարապետյանը «պատգամավորների» փոխանցմամբ նույնիսկ տեղյակ էլ չէր նրանց մեկշաբաթյա գործադուլից ու բողոքից: Երբ բուժաշխատողները բողոքեցին, թե՝ միայն վարչապետին են ուզում տեսնել, կառավարության ոստիկանական պահակախմբի պետը կատակով նկատեց. «Քայլ առ քայլ բարձրանում ենք, էլի, հո միանգամից վարչապետը չի՞ ընդունելու»։ Ի դեպ, հետկեսօրին գործադուլավորներին է սպասում նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Տեսնենք, թե «քայլ առ քայլ» զարգացող այս բողոքն ի՞նչ ավարտ կունենա։ Մի բան պարզ է՝ թիվ 14 պոլիկլինիկայի բուժաշխատողներն, այլ բուժհիմնարկներում աշխատող իրենց կոլեգաներից վիրավորված, պահանջ են ներկայացնում միայն իրենց կոլեկտիվի աշխատավարձերի համար։ Եվ եթե հարցը դրական լուծում ստանա, պատկերացրեք, թե ինչ է կատարվելու մյուս պոլիկլինիկաներում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ