Լրահոս
Օրվա լրահոսը

Բրավո՛, Սարոյան

Մարտ 14,2002 00:00

Բրավո՛, Սարոյան Բրավո՛, դրամատիկական Երեւանի դրամատիկական թատրոնը ներկայացնում է Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Մի պիես, որը լավ ծանոթ է հայ հանդիսատեսին։ Չեմ ուզում համեմատություններ անել, որովհետեւ կարծում եմ՝ յուրաքանչյուր արվեստի գործ իր ուրույն արժեքն ունի, իր տեղն ու գնահատականը։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է պիեսի ընտրությունը։ Հավանաբար ճիշտ է, որ ինչ-որ գործեր պարբերաբար պետք է կրկնվեն մեր բեմերում՝ նոր լուծումներով, կերպարների նոր մեկնաբանություններով։ Չէ՞ որ վերջին հաշվով դա մեր պատմությունն է, մեր էությունը, մեր կերտվածքը։ Վ. Սարոյանի փիլիսոփայությունը, որ «ինչ-որ տեղ մի բան սխալ է», հավերժական է բոլոր ժամանակների համար, իսկ մեզ համար՝ խիստ արդիական։ Շատ բան կա սխալ մեր շուրջը։ Եվ Սարոյանի սփռած բարության գաղափարը թերեւս հիմքն է՝ սխալները ուղղելու։ «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը զարմանալիորեն հաջողված է։ Ասում եմ զարմանալիորեն, որովհետեւ վերջին շրջանում, ցավոք, ամբողջության մեջ հաջողված բեմադրությունները շատ հազվադեպ են։ Նախ բեմադրությունը շեղված չէ պիեսից, ուրեմն հեղինակները Վ. Սարոյան գրողի հարկն ու արժեքը լավ գիտեն, ներկայացումը չեն «հագեցրել» ռեժիսորական հավելումներով ու հնարքներով, այլ փորձել են գտնել պիեսի մատուցման «կարճ» ճանապարհը։ Ընտրված է դերասանական ծանոթ, սիրելի ու հաջողված կազմ։ Լեւոն Թուխիկյանը (Մեք Գրեգոր) ինքն է՝ իր տաղանդով, իր դերասանական հմայքով, իր շեքսպիրյան դերակատարումներով։ Միանգամայն ընդունելի է Վլադիմիր Մսրյանի Բեն Ալեքսանդրը՝ տաղանդավոր ու զգայուն՝ ինչպես միշտ։ Շատ համակրելի է Հայկուհի Խուդավերդյանի ստեղծած կերպարը։ Իսկ, հավանաբար շատ երիտասարդ Շուշան Ղազարյանը (Ջոնի) ուղղակի հրաշալի է։ Բրավո։ Եվ այսպիսով՝ դերասանական ընտրված կազմի, ռեժիսորական գրագետ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք մի ներկայացում, որը չի դավաճանել Սարոյանի փիլիսոփայությանը։ Այո, մեր աշխարհին բարություն է պետք, բարություն՝ առանց վերամբարձ խոսքերի, առանց բարձրագոչ ճառերի, առանց ցուցամոլության։ Եվ հանճարեղ է ասված, որ «ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից» (Վ. Սարոյան)։ ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել