ԲԵՄՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է Երգչուհի Անահիտ Մանուկյանը մասնագիտությամբ նաեւ դերասանուհի է եւ նկարահանվել է երկու կինոֆիլմում՝ 1992-ին՝ «Ընկեր» եւ 1998-ին՝ «Օտարական», որն, ի դեպ, դեռեւս անավարտ է։ 1995-ից մինչեւ 1998-ի փետրվ ար աշխատել է Երգի թատրոնում, այնուհետեւ նախընտրել է անհատական գործունեությունը։ Մինչ օրս հեղինակ է հինգ տեսահոլովակի։ Հյուրախաղերով եղել է Փարիզում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Ավստրալիայում եւ այլուր։ Գնահատում է լավ ընկերությունը, տրամադրություն ստեղծելու կարողությունը, նվիրվածությունն ու անկեղծությունը։ Թե՛ արվեստում, թե՛ կենցաղում եւ թե՛ շփման մեջ սիրում է նորարարություններ։ Ազատ ժամանակ սիրում է տարբեր աղբյուրներից ինֆորմացիա հավաքել եւ դիտել կենդանական աշխարհի մասին հաղորդումներ։ Մեծ ցանկություն ունի հետագայում ունենալ սեփական ստուդիա եւ աշակերտներ։ – Մուտքդ երգարվեստ։ Առաջին ուսուցիչ, առաջին երգ եւ առաջին ելույթ։ – Երաժշտական ունակությունը ժառանգել եմ իմ հայրիկից, որն, ի դեպ, շատ սիրված երաժիշտ էր եւ նվագում էր թառի վրա, իսկ երգչուհի դառնալ երազել եմ մանկուց եւ երգել եմ դեռեւս շատ փոքր հասակից։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Ա. Բակունցի ջազային քոլեջի վոկալ բաժինը, որտեղ իմ առաջին ուսուցիչներն էին Հասմիկ Բոխյանն ու Արթուր Գրիգորյանը։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ հանդիպեցի այնպիսի մարդկանց, ովքեր սիրեցին ինձ ու իմ արվեստը եւ օգնեցին ինձ հավատալ իմ ներուժին։ Ուսանողական երեք տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցել եմ հայաստանյան բազմաթիվ համերգների ու փառատոների եւ ունեմ շատ մրցանակներ։ Այնուհետեւ չորս տարվա ընդմիջումից հետո ընդունվեցի թատերական ինստիտուտ եւ կրկին վերսկսեցի իմ բեմական գործունեությունը։ Այդ ժամանակ ես երգում էի «Ազատ ժամանց» սրճարանում, որտեղ, ի դեպ, երգում էին նաեւ Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանը եւ իմ մյուս ընկերները, եւ հենց այնտեղ էլ 1988-ին գրվեց իմ առաջին՝ «Բամբասանք» երգը, որի հիման վրա 89-ին նկարահանվեց նաեւ տեսահոլովակ եւ հենց «Բամբասանքն» էլ ինձ ճանաչում բերեց։ Առաջին անգամ երաժշտասերներին ներկայացա «Բամբասանք» երգով, որը շատ ջերմ ընդունվեց, իսկ ավելի մեծ բեմում առաջին անգամ երգել եմ 1992-ի մայիսին՝ Ա. Գրիգորյանի «Այո» հեռուստաշոուի ժամանակ։ – Ովքե՞ր են երգերիդ հեղինակները։ – Սկզբում երգել եմ Ռ. Ամիրխանյանի եւ Ա. Գրիգորյանի երգերը, իսկ այնուհետեւ Հասմիկ Մանասերյանի ռոմանսները։ Իմ երգացանկում կան նաեւ Իրինա Մալխասյանի երգերից։ Յուրօրինակ ոճով եւ ինքնատիպ մեկնաբանությամբ ներկայացրել եմ նաեւ Սայաթ-Նովա։ Ի դեպ, շուտով երաժշտասերներին կներկայանամ Ժաննա Բլբուլյանի, Մարինե Գյուլումյանի, Մարինե Աղաբեկյանի նոր երգերով։ Ես աշխատում եմ տարբեր ոճերում եւ անընդհատ որոնումների մեջ եմ։ – Մասնագիտությամբ ե՛ւ երգչուհի ես, ե՛ւ դերասանուհի։ Բեմի դերը քո կյանքում։ – Իմ երգերում ես սինթեզում եմ երգն ու դերասանությունը եւ պիտի խոստովանեմ, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, կարծես մի նոր քննություն եմ հանձնում եւ աննկարագրելի կերպով հուզվում եմ՝ ընդհուպ մինչեւ արտասվելը։ Բեմն իմ կյանքի մի մասնիկն է եւ ես չեմ կարող առանց բեմի, քանզի այնտեղ ունեցել եմ ե՛ւ հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ, որոնք, ըստ իս, երեւի թե պետք են արտիստին, որպեսզի նա հասկանա, թե որքան բարդ եւ միաժամանակ որքան հարազատ է բեմը։ – «Էրեբունի-Երեւան-2001» տոնակատարությունների շրջանակում հայտարարված Երեւանին նվիրված նոր երգերի մրցույթ-մրցանակաբաշխությունում ներկայացնելով Ռ. Ամիրխանյանի հեղինակային «Երեւան» երգը, թե՛ դու՝ որպես կատարող, եւ թե՛ հեղինակը արժանացաք մրցույթի լավագույն երգի համար սահմանված գլխավոր մրցանակին։ Ուրիշ էլ ի՞նչ մրցանակաբաշխությունների ես մասնակցել։ – 1992-ին «Ասուպ» մրցանակաբաշխությունում օտար լեզվով երգի լավագույն կատարման համար արժանացել եմ «Ասուպ» մրցանակին։ 1994-ին, կրկին «Ասուպում», Շ. Պետրոսյանի հեղինակային «Իմ երգը» ստեղծագործության համար պարգեւատրվել եմ «Ասուպի» լավագույն մրցանակով։ 1996-ին Ալմա Աթայում մասնակցել եմ միջազգային փառատոնի եւ արժանացել դափնեկրի կոչման։ Իսկ 2000-ին, մասնակցելով «Սայաթ-Նովա» համահայկական երգի փառատոնին եւ ներկայացնելով Ավետիս Բերբերյանի «Ելիր, ով հայ» զուգերգը՝ Արմեն Միրաքյանի հետ, ստացա հայրենասիրական ոճի գլխավոր մրցանակակիր երգի լավագույն կատարող մրցանակը։ – Հուրախություն երաժշտասերների, շուտով նրանց կնվիրես ավելի քան 10 տարիներ սպասված քո անդրանիկ ձայնասկավառակը։ Իսկ ինչո՞ւ այսքան ուշ։ – Շուրջ երկու տարի աշխատում եմ իմ երկար սպասված առաջին սկավառակի վրա, որը շուտով կնվիրեմ իմ երկրպագուներին։ Ի դեպ, նշեմ, որ սկավառակի թողարկման հետ կապված բոլոր աշխատանքներն ինքս եմ անում՝ առանց հովանավորների օգնության։ Բեմում լինել, աշխատել եւ առաջ գնալ՝ դրանք տարբեր բաներ են։ Ցավով պիտի նշեմ, որ մեզ մոտ այսօր դեռեւս չի գործում շոու-բիզնես միասնական հասկացությունը եւ արդյունքում սկսնակ երգիչ-երգչուհին կարող է հեշտությամբ եւ շատ արագ սկավառակ թողարկել, իսկ նա, ով տարիներ շարունակ բեմում է, չունենա իր աշխատանքի արդյունքը։ Անկեղծ ասած, միշտ մտածել եմ միմիայն մնայուն արժեքների մասին, իսկ որքան շատ ես մտածում որակի մասին, անպայման ինչ-որ բան տուժում է։ – Սկավառակից բացի, ուրիշ էլ ի՞նչ հաճելի անակնկալներ են սպասվում երկրպագուներիդ։ – Սկավառակի թողարկմանը կհաջորդի նրա շնորհանդեսը։ Տեղեկացնեմ նաեւ, որ թողարկված սկավառակում ընդգրկված երգերից մեկի հիման վրա մտադիր եմ նկարահանել մի նոր տեսահոլովակ։ Պատրաստվում եմ նաեւ մենահամերգի։ Ի դեպ, հավատում եմ, որ երբ մարդն ինչ-որ բան շատ է ցանկանում՝ անպայման իրականանում է։ Իմ երազանքներն իրականացման ճանապարհին են։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ