Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողներից մեկը ներկայացավ

Մարտ 14,2002 00:00

Տուժողներից մեկը ներկայացավ «27»-ի քրգործի երեկվա դատական նիստին հրապարակվեցին ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի հարցաքննության արձանագրությունները դատարան բերված երկու ամբաստանյալների՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանների համար։ Հրապարակման ժամանակ նիստերի դահլիճում հայտնվեց ԱԺ 91 տուժած պատգամավորներից միայն մեկը, որի հարցերին ոչ միայն պատասխանեց ամբաստանյալ Բեջանովը (մի բան, որ չհաջողվեց դատավարության մասնակիցներից շատերին), այլ եղավ պահ էլ, երբ նա պոռթկաց՝ դուրս գալով վարքագծի որոշակի սահմաններից։ Պատգամավոր Վազգեն Խաչիկյանն ասաց, որ ամբաստանյալ Դ. Բեջանովը, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ հայտնել է, որ խմբում ընդգրկվել է 1999թ. հոկտեմբերի 26-ին։ Մինչդեռ, ոճրագործության օրը ԱԺ դահլիճում իր հետ զրուցելիս, երբ ինքը նկատել էր, որ Դ. Բեջանովի աչքերն ուռած են եւ այդ կապակցությամբ նրան հարցրել էր, Բեջանովն այդ ժամանակ պատասխանել էր, որ 3 օր չի քնել։ Տուժողին հետաքրքրում էր կապը ոճրագործության օրվա հետ։ Ամբաստանյալը պատասխանեց, որ կապ ուներ անձնական գործի հետ եւ ընկերուհու մոտ է եղել։ Տուժողին հետաքրքրում էր նաեւ Դ. Բեջանովի զանգը, երբ նա ոճրագործության օրը՝ կապվելով ընկերոջ հետ, նրան հայտնել էր, որ տուն կվերադառնա ժամը 1-ին։ «Որտեղի՞ց ձեզ այդ վստահությունը» հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ կինն այդ ժամանակ Վարդենիսում էր, տղան մենակ էր տանը, իսկ ինքն էլ զանգել է ընկերոջը՝ Հովհաննես Գասպարյանին։ Ամբաստանյալի մեկ այլ հեռախոսազանգի ժամանակ պատգամավորը լսել էր, որ նա ասել էր. «Այն, ինչ չարեցինք մի քանի տարի առաջ՝ արել ենք»։ Այդ կապակցությամբ ամբաստանյալը հայտնեց, որ իր մարտական ընկերներին ասել է, թե զենքը Սմբատի մոտ է։ Իսկ հարցի կապակցությամբ նկատեց, որ այն աղավաղված է տրվում։ Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ իր հետ զրուցելիս Դ. Բեջանովը ասել էր, որ ինքը զինվոր է եւ հրաման է կատարում։ Այստեղ էր, որ պոռթկաց Դ. Բեջանովը՝ ասելով, որ ոճրագործության օրը ոչ ոք «դուխ չուներ հարց տալու»։ Տուժողի այն ակնարկին, թե պատրա՞ստ է ինքն ամեն ինչի, մասնավորապես Եվրախորհրդի «պահանջներին», ամբաստանյալը հորդորեց. «Լավ չեք պատրաստվել, տանը պատրաստվեք՝ նոր եկեք։ Ուղղակի ափսոսում եմ, որ Թաթուլ Կրպեյանը նման զեմլյակ է ունեցել»։ Երեկ ակնհայտորեն իրեն աշխույժ էր պահում նաեւ ամբաստանյալ Կարեն Հունանյանը։ Նախորդ նիստում հնչած խզակոթով խփելու (վարչապետին) եւ նրա առջեւից ինչ-որ իր վերցնելու կապակցությամբ նա հայտարարեց, թե տեսաժապավենը չի տեսել, իսկ ցուցադրվածն էլ իրականությանը չի համապատասխանում։ Չնայած իրեն դատաքննության «չմասնակից» է համարում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, սակայն երեկ նա ցնդաբանություն համարեց փաստաբան Տիգրան Ջանոյանի՝ ամբաստանյալ Դ. Բեջանովին տրված հարցը («ականջովս ընկավ»՝ արհամարհական տոնով շարունակեց նա)։ Ըստ դրա, Ն. Հունանյանը ցուցմունք էր տվել, որ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի սպանության հարցը քննարկել է Դերենիկ Բեջանովի հետ։ Երեկ բավարարվեց Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւի միջնորդությունը. ամբաստանյալ Վռամ Գալստյանը ցուցմունքներ կտա մյուս ամբաստանյալների բացակայությամբ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել