Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԱՇԱՐԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԵՇՏԱՑՎԵԼ ԵՆ

Մարտ 14,2002 00:00

ՀԱՐՑԱՇԱՐԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԵՇՏԱՑՎԵԼ ԵՆ Կրթական համակարգի պատասխանատուները նախապես հասցրել են դիմորդներին հանգստացնել, որ էական փոփոխություններ բուհական ընդունելության այս տարվա քննություններում չեն սպասվում։ ԿԳՆ-ի մասնագիտական վարչության պետ Ռուբեն Գասպարյանին երեկ խնդրեցինք ավելի մանրամասն ներկայացնել՝ այնուամենայնիվ ի՞նչ է սպասվում դիմորդներին։ Ռուբեն Գասպարյանը տեղեկացրեց, որ առարկայական ծրագրերում եւ գնահատման չափանիշներում փոփոխությունները հիմնականում կատարվել են հստակեցման եւ հեշտացման ուղղությամբ՝ հնարավորինս նվազեցնելով սուբյեկտիվիզմի գործոնը։ Որոշ քննություններ դարձյալ անցկացվելու են երկու տարբերակով՝ մասնագիտականների եւ ոչ մասնագիտականների համար առանձին։ Ֆիզիկայի առարկայական ծրագրի առնչությամբ նախորդ տարիներին դժգոհություններ կային նաեւ բարդության առումով։ Այս տարի որոշվել է ֆիզիկա 1 եւ ֆիզիկա 2 տարբերակների համար առանձին ծրագրեր կազմել։ Ընդ որում՝ ֆիզիկա 2-ի ծրագրում չեն ընդգրկվել մի շարք հարցեր՝ մագնիսական դաշտի ինդուկցիան, ստատիկայի տարրեր, Ամպերի ուժ, Լորենցի ուժ եւ այլն, քանի որ դրանք ավելի խոր գիտելիքներ են պահանջում, իսկ 2-րդ տարբերակը այն դիմորդների համար է նախատեսված, որոնց համար այդ քննությունը մասնագիտական չէ։ Այս սկզբունքը գործել է նաեւ մյուս առարկաների 2-րդ տարբերակը հեշտացնելիս։ Ֆիզիկայի երկու տարբերակներում էլ կատարվել է ենթահարցերի հստակեցում եւ պարզեցում։ Ասենք՝ այլեւս չեն պահանջում որոշ բանաձեւերի արտածումները։ «Կրթության մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ ամրագրվել է, որ հարցատոմսերում ընդգրկվելիք բոլոր առաջադրանքները պետք է ԿԳՆ-ի կողմից երաշխավորված ձեռնարկներից եւ դպրոցական գործող դասագրքերից ընտրվեն կամ դրանցում եղածներից պետք է տարբերվեն միայն տվյալների փոփոխությամբ։ Ֆիզիկայից եւս որպես շտեմարաններ երաշխավորվել են նաեւ դպրոցական դասագրքերը։ Ավելացվել է 100 նոր խնդիր՝ դասագրքերում ընդգրկվածների նման եւ շատ ավելի հեշտ խնդիրներ։ Գնահատման չափանիշները մնացել են նույնը։ Մաթեմատիկայի առարկայական ծրագրերում հիմնականում խմբագրական փոփոխություններ են եղել՝ կապված ծրագրերը դասագրքերին համապատասխանեցնելու հետ։ Անցյալ տարի կային առաջադրանքներ, որ, այսպես ասած, ոչ բացահայտ ձեւով էին դրսեւորվում (a-ի arcsin, arccos, arctg, arccot), այս տարի դրանք ներառվել են ծրագրերում, իսկ հանվել են գնդային սեկտոր եւ սեգմենտ, գնդային սեկտորի ծավալի բանաձեւը, նման մարմինների ծավալների հարաբերությունը թեմաները, որոնք բարդ թեմաներ էին եւ որոշակի դժվարություններ էին հարուցում։ Ընդ որում՝ այդ թեմաները հանվել են երկու տարբերակներից էլ։ Հայոց լեզվի թեստերի առնչությամբ արդեն տեղեկացրել ենք, որ շարադրության առաջադրանքը հանվել է, փոխարենը ուղղակի խոսքի փոխակերպման վերաբերյալ առաջադրանք է մտցվել։ Մակդիրի վերաբերյալ պահանջը եւս հարցատոմսերից հանվել է։ Հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննության ծրագրերում փոփոխություններ չկան։ Փոփոխություններ չկան նաեւ կենսաբանության, աշխարհագրության ծրագրերում, հարցաշարերում, քանի որ դրանք վերջին տարիներին բավականին փոփոխվել էին, հստակեցվել, հղկվել։ Անցյալ տարի բավականին դժգոհություններ կային քիմիա-2 տարբերակից։ Հիշեցնենք, որ այս քննությունից արձանագրվում էր մոտ 50-60% անբավարար։ Հարցաշարերի համար հիմք են հանդիսացել քիմիայի շտեմարանը եւ դասագրքերը։ Քիմիա-2 տարբերակի հարցաշարը բավականին թեթեւացվել, բեռնաթափվել է՝ ընդգրկելով առաջադրանքներ միայն շտեմարանի ոչ բարդ բաժիններից։ Հարցաթերթիկը կազմված է այնպես, որ շեմը՝ 8 միավորը, հաղթահարելը հնարավորինս հեշտանա։ Օտար լեզուների հետ կապված խնդիր էր դրվել առաջադրանքները եւ գնահատման չափանիշները հնարավորինս նույնականացնել՝ իհարկե հաշվի առնելով լեզուների առանձնահատկությունները։ Անգլերենի 7-րդ առաջադրանքն էր հիմնականում դժգոհությունների տեղիք տալիս։ Կիսատ թողած նախադասությունները լրացնելու մասին այդ առաջադրանքում նշվում էր բառերի քանակը եւ պահանջվում որոշակի բառապաշարի դրսեւորում։ Այժմ այդ պահանջը վերացվել է եւ քերականորեն ու տրամաբանորեն ճիշտ կառուցված ցանկացած նախադասություն համարվում է ընդունելի՝ անկախ բառերի քանակից։ Գնահատման չափանիշներում միայն մի փոփոխություն կա՝ ամբողջ աշխատանքում ուղղագրական երկու սխալի դեպքում հանվում է 0,1 միավոր։ Նախկինում դա առանձին առաջադրանքները գնահատելիս էր հաշվարկվում՝ իջեցնելով 0,2 միավոր ցանկացած քերականական սխալի դեպքում։ Հայոց պատմության հարցաշարը խմբագրվել է՝ 89-ից դարձել 86 հարց. ծրագիրը բեռնաթափվել է, որոշ հարցեր միավորվել են, մի երկու հարց հանվել է (15-16 դարերի մշակույթը եւ այլն)։ Պրն Գասպարյանը տեղեկացրեց, որ գնահատման չափանիշները եւս հստակեցվել են, քանի որ նախկինում դրանք որոշ սուբյեկտիվիզմի տեղիք կարող էին տալ։ Հստակ նշվում է, թե որքան պետք է գնահատվի յուրաքանչյուր ենթահարցը, դրանցից քանիսի պատասխանի բացակայության դեպքում գնահատականը որքան պետք է իջեցվի եւ այլն։ Ընդհանուր պատմության հարցաշարի 21-41-րդ հարցերը փոխվել են՝ կապված 7-8-րդ դասարանների նոր դասագրքի հետ։ Նախորդ տարի 1-21-րդ հարցերն էին փոխվել՝ 5-6-րդ դասարանների դասագրքի փոփոխությամբ պայմանավորված։ Սակայն պրն Գասպարյանը վստահեցրեց, որ անակնկալներ դիմորդներին չեն սպասվում, քանի որ նոր դասագրքերը հների բեռնաթափված (բոլշեւիզմի, ինտերնացիոնալի, Կարլ Մարքս-Էնգելսի եւ նման այլ թեմաներից ազատվել են) տարբերակներն են։ Ռուսաց լեզվի ծրագրերում եւ գնահատման չափանիշներում փոփոխություններ չկան։ Այս բոլոր ծրագրերը եւ գնահատման չափանիշներն արդեն ներկայացվել են արդարադատության նախարարություն եւ պետական գրանցումից հետո կհրապարակվեն մամուլում եւ դիմորդների համար նախատեսված «Դիմորդ-2002» ուղեցույցում։ Վերջնական քննարկման փուլում են գտնվում նաեւ ընդունելության քննությունների կանոնները։ Դրանցում եւս էական փոփոխություններ չկան, սակայն այս թեմային կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել