Քաշքշուկի պատճառով Մի շարք նպաստառուներ խմբագրություն էին դիմել, խնդրելով պարզաբանել, թե երբ են ստանալու 2000թ. դեկտեմբերի «սառեցված» նպաստը։ Պարզաբանումը, սակայն, բարդ ստացվեց։ Սոցապ նախարարության սոցիալական ծառայությունների վարչությունից ստացած տեղեկության համաձայն, ցուցակներն արդեն կազմված են եւ ֆինանսավորման հայտ է ներկայացված ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն։ «Տեղական գանձապետական բաժանմունքները ֆինանսավորելու դեպքում կտրվի նաեւ այդ ամսվանը»,- նշեցին վարչությունից։ Դեռեւս մարտի 7-ին «Առավոտի» այն հարցին, թե ներկայացված այս հայտերը երբ են ֆինանսավորվելու, նախարար Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ հունվարին տրվել է նոյեմբեր ամսվա նպաստը, իսկ փետրվարի վերջին օրը ֆինանսավորվել է նաեւ դեկտեմբեր ամսվանը՝ 1 մլրդ 400 մլն դրամ։ Սակայն հարցումները, ինչպես նաեւ նպաստառուների չդադարող անհանգստությունը վկայում էին, որ վճարում չի իրականացվում։ Ուստի «Առավոտը» մեկ ամբողջ օրվա ընթացքում փորձեց «Հայփոստից» որեւէ տեղեկություն ստանալ։ Սակայն՝ ապարդյուն։ «Հայփոստի» (սոցապ նախարարությունից «Հայփոստին» էին մատնացույց արել) պատասխանատուները, հարցը մեկը մյուսին փոխանցելով՝ այդպես էլ չպատասխանեցին, թե ֆինանսավորում կա՞, կամ եթե կա՝ ե՞րբ են գումարները բաշխվելու։ Ոչ ոք ոչնչից «խաբար» չէր։ Փաստորեն, կարելի է արձանագրել, որ նպաստառուները, աշխատողները (աշխատավարձի դեպքում) շատ դեպքերում իրենց հասանելիք գումարները չեն ստանում ոչ թե դրանց բացակայության, այլ պարզապես բյուրոկրատական քաշքշուկների պատճառով։ Իհարկե, վատը չմտածենք, թե ինչ-որ օղակներում գումարները շրջանառության կամ «գործի մեջ» են դրվում։ Նպաստների հետ կապված եւս մեկ խնդիր, որին անդրադառնալու կարիք թերեւս չլիներ, եթե նպաստառուների չմարող անհանգստությունը չլիներ։ Վերջերս պաշտոնական լրատվամիջոցներից մեկով, ըստ հեռուստադիտողների, Արմավիրի մարզպետը տեսակետ էր հայտնել, թե այսօր գյուղացին ինչպես որ հարկն է չի զբաղվում հողագործությամբ ու անասնապահությամբ, որ մարդիկ հույսները դնում են ստանալիք նպաստների վրա եւ չեն ուզում աշխատել։ Մարզի բնակիչների ընկալմամբ, ըստ մարզպետի, ճիշտ չէ Արարատյան դաշտավայրի բնակիչներին նպաստների վճարումը եւ պետք է կասեցնել այդ տարածքում նպաստ հատկացնելը։ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Օնիկ Բաբայանը, ինչպես նաեւ մի շարք համագյուղացիներ, սրտին մոտ ընդունելով պարոն մարզպետի ելույթը, «Առավոտին» հղված նամակում խնդրում են մի հաստատ բան իմանալ ասվածի վերաբերյալ եւ պատմում են. «…մեր գյուղում էլ կան մարդիկ, որոնք ամբողջ օրը պարապ-սարապ թրեւ են գալիս, իրենց հողերը չեն մշակում։ Անհամբեր սպասում են, որ պետությունը թոշակ ու նպաստ տա։ Սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ բոլորն էլ այդպես են ապրում։ Մի քանի այդպիսիների պատճառով չի կարելի զրկել նրանց, ովքեր ծայրաստիճան վատ են ապրում։ Հողն էլ են մշակում, բայց նրանց վիճակը ոչնչով չի բարելավվում։ Դա եւ ստանալիք նպաստը միասին ընտանիքը մի կերպ ծայրը ծայրին է հասցնում։ Այնպես որ, պարոն մարզպետ, ձեր առաջարկած միտքը տեղին չէ։ Ճիշտ կլիներ նպաստառուների ցուցակում չընդգրկել նրանց, ովքեր զլանում են իրենց հողը մշակել»։ Սոցապ նախարարության սոցիալական ծառայությունների վարչության պետ Սոնա Հարությունյանը նույնպես տեղյակ լինելով հեռուստատեսությամբ հնչած ելույթին՝ «Առավոտի» հարցին պատասխանեց. «Պետք է ասեմ, որ պետական ծրագրերը չեն առաջնորդվում այդ տեսակ հայտարարություններով։ Նշյալ մարզերում կան ե՛ւ հարուստ, ե՛ւ աղքատ գյուղեր, որոնք գյուղացու համար ոչ բարենպաստ պայմաններում են գտնվում։ Ուստի նման հայտարարությունները իրականությունից հեռու են։ Երբեմն մարզպետն ինքն է խնդրում, որ այս կամ այն անապահով ընտանիքին ընդգրկենք նպաստառուների ցուցակում։ Բնակիչների մտավախությունները տեղին չեն եւ եթե, գործող կարգի համաձայն, ընտանիքն անապահով է համարվում, ապա նպաստը տրվելու է»։ «Առավոտի» էջերում բազմիցս խոսվել եւ խոսվում է, թե գյուղացին ինչպես է ապրում։ Գաղտնիք չէ, որ ամենամսյա թոշակն ու նպաստը շատ դեպքերում մարդկանց գրպանը չի էլ հասնում։ Հողի, ջրի, լույսի վարձերի դիմաց պահումներ են արվում։ Իսկ Արմավիրի, Արարատի մարզում դեռեւս կան գյուղեր, որոնք ապահովված չեն նույնիսկ խմելու ջրով։ Գյուղացին ստիպված է լինում ամեն օր դույլը 25 դրամով ջուր գնել։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ