ՖՈՐՄԱՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԵՑ Մեծ քաղաքականության մեջ լրագրողները հարցեր չեն լուծում, սակայն նրանք նպաստում են, որ հարցերը լուծվեն կամ չլուծվեն։ Այս տրամաբանությամբ լրագրողների հայ-ադրբեջանական պարբերական հանդիպումների ֆորմատն այս անգամ ընդլայնվեց՝ ընդգրկելով նաեւ Թուրքիայի մեր գործընկերներին։ Մարտի 9-10-ը Թուրքիայի Կապադովկիա քաղաքում հենց այս ֆորմատով փորձում էինք պարզել, թե երեք երկրներից որի մամուլն ինչպես է անդրադարձել սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված իրավիճակին՝ տարածաշրջանային պրոբլեմների կոնտեքստում։ Հայկական պատվիրակության ղեկավար, Երեւանի մամուլի ակումբի գործադիր տնօրեն Միքայել Դիլոյանն այս հանդիպումը կարեւորեց նրանով, որ այն ընդհանուր դատողություններից մեկ քայլ առաջ գնալու հնարավորություն է՝ քննարկելու ավելի դժվար եւ նուրբ թեմաներ։ Ֆորումի կազմակերպիչներից մեկի՝ Թուրքիայի դեմոկրատական հիմնադրամի նախագահ եւ Թուրքիայի պառլամենտի անդամ (որի կուսակցության բաժինը Թուրքիայի կոալիցիոն կառավարությունում ներքին գործերի նախարարի պորտֆելն է) Բյուլենթ Ակարչալու բնորոշմամբ՝ «այստեղ ոչ ոք չի փորձում մյուսին իր համոզմունքները պարտադրել»։ «Համոզմունքները պարտադրել» արտահայտությունն իհարկե հարաբերական է, եթե նկատի ունենանք, որ թուրք լրագրող Օզգյուր Էքշիի զեկուցումը վերոնշյալ թեմայով ոչ այլ ինչ էր, եթե ոչ սեպտեմբերի 11-ից հետո տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացումը փաստարկող տվյալների հավաքածու։ Օ. Էքշին նույնիսկ այսպիսի արտահայտություն թույլ տվեց իրեն. «Թուրքիայի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ամենաարդյունավետ դեղամիջոցը ի հայտ եկավ սեպտեմբերի 11-ին»։ Էֆենդին նկատի ուներ, որ դրանից հետո իրենք կարող են այնքան էլ չզսպել վարկեր ստանալու իրենց ախորժակը, քանի որ վերջերս ընդամենը 16 մլրդ դոլար ստանալու ակնկալիք են ունեցել։ Մինչդեռ ստացել են 35 մլրդ։ Էֆենդին ձեռքի հետ հիշեցրեց, որ «այս տարի Ապրիլի 24-ին, այսպես կոչված, Հայկական ցեղասպանության մասին խոսակցությունները բուռն չեն լինի. ԱՄՆ-ում ընտրական տարի չէ»։ Իսկ Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսել-չսկսելու հարցը ամբողջությամբ կախված է Թուրքիայի քմահաճույքից։ Մի խոսքով, ինչպես նիստից հետո նկատեց «The Economist»-ի Թուրքիայի թղթակից Ամբերին Զամանը. «Էֆենդին կարծես ոչ թե լրագրող լիներ, այլ արտգործնախարարության ներկայացուցիչը»։ Հայկական կողմն իր զեկուցման մեջ արձանագրել էր, որ Սեպտեմբերի 11-ից հետո հայկական լրատվամիջոցներում հոդվածները հիմնականում պատասխան են եղել ադրբեջանական մամուլում այն հրապարակումներին, որոնց համար Սեպտեմբերի 11-ը ավելորդ առիթ է եղել խոսելու հայկական տեռորիզմի մասին։ Ադրբեջանական կողմը հիմնականում իր բավարարվածությունն էր հայտնում Թուրքիայի նոր դերի հաստատմամբ՝ այնքան ակնհայտորեն, որ նույնիսկ Բաց հասարակության ինստիտուտի ներկայացուցիչը նկատեց, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերություններում այնքան էլ չեզոք չէ, ինչպես փորձում է իրեն ներկայացնել։ Կլոր սեղանի երկօրյա աշխատանքն ավարտվեց համատեղ հայտարարության ստորագրմամբ, որով կողմերը երկխոսության միջոցով համագործակցության ընդլայնման շրջանակներում որոշեցին ստեղծել ինֆորմացիոն պորտալ եւ մտածել հետագայում եռակողմ անգլերեն ամսագիր ստեղծելու մասին։ Հայտարարության տակ, ի դեպ, իր ստորագրությունը դրեց նաեւ Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը։ Վերջինիս հետ հանդիպման եւ Թուրքիա այցելության մանրամասները կներկայացնենք մեր առաջիկա համարներում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ