ԲԱՆԱԿԸ ՁԵՌՔԻՑ ԿԳՆԱ Եթե ընդունվի «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքն այն ձեւով, ինչ ձեւով երեկ ներկայացվեց խորհրդարանական լսումների, ուրեմն՝ մեզ համար ծանր ժամանակներ են սպասվում։ Օրենքի նախագծում սեւով սպիտակի վրա գրված է, որ այլընտրանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որը «համարվում է օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպության անդամ եւ, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայության անցումը, ինչպես նաեւ զենքի կրումը, պահումը, պահպանումը եւ օգտագործումը»։ Որքան էլ Եվրախորհուրդը պահանջի, մենք ո՞նց կարող ենք աչք փակել ակնհայտ բաների դեմ։ Նախ՝ այլընտրանքային զինվորական ծառայության անցումը հաստատ կսասանի Հայոց բանակի հիմքերը։ Հայոց ազգային մենթալիտետն, անկասկած, արագ կկողմնորոշվի եւ հազարավոր հայորդիներ անմիջապես «կդառնան» «սահմանված կարգով գրանցված» այս կամ այն աղանդի անդամ։ Թեպետ թվական ինչ-ինչ սահմանափակումներ նշված են, բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե թվերը չեն տեղաշարժվի։ Մանավանդ, ըստ նախագծի. «Զորակոչի ենթակա այլընտրանքային ծառայություն անցկացնողների թվաքանակը սահմանում է ՀՀ կառավարությունը»։ Կառավարությունն էլ ինչ ուզի՝ կանի։ Նախագծում նշված է, որ այլընտրանքային ծառայության ժամկետը 42 ամիս է սահմանված եւ որ նշված ժամանակահատվածը կարող է կրճատվել 12 ամսով, «եթե այլընտրանքային ծառայության ուղարկվող քաղաքացին, զորակոչային հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու օրվանից 10-օրյա ժամկետում «Հայխնայբանկում» կամ դրա մասնաճյուղերում այդ նպատակով բացված հաշվի համարով կատարել է վճարում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով եւ վճարման կտրոնը ներկայացրել է իր բնակության վայրի Զինվորական կոմիսարիատ»։ Սովորական թվաբանությունը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (մեր կոպիտ հաշվարկներով՝ մոտ 10 հազար դոլար) ապահովված զորակոչիկի ծնողները միանգամից «կվճարեն» որեւէ «գրանցված կրոնական կազմակերպության» եւ վերջինիցս անդամության թուղթ կստանան։ Ինչո՞ւ իզուր այլընտրանքային դառնալ, եթե հնարավորություն է ընձեռված ծառայությունը շրջանցել։ Մ. Ե.