Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ

Մարտ 14,2002 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը երեկ ձայների բացարձակ մեծամասնությամբ (196 «կողմ», 22 «դեմ», 4 «անվավեր») ընտրվեց այդ բուհի ռեկտոր։ Այլընտրանք չկար էլ. այդ պաշտոնի համար միայն Ռադիկ Մարտիրոսյանն էր իր թեկնածությունը ներկայացրել։ «Առավոտի» տվյալներով, ընտրության ժամանակ միայն մեկ քննադատական ելույթ է հնչել՝ սխալ համարելով մեկ թեկնածուով ընտրություններ անցկացնելը։ Մյուսները գովերգող ելույթներ են ունեցել եւ իրենց համաձայնությունը հայտնել Ռ. Մարտիրոսյանի թեկնածությանը։ Երեկվա համարում արդեն գրել էինք, որ բուհերի ռեկտորները պետք է ընտրությամբ նշանակվեին միայն «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո։ Այդ մասին ամրագրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքում։ Սակայն Ռադիկ Մարտիրոսյանը շտապեց օր առաջ ամրապնդել իր դիրքերը՝ ընտրությամբ նշանակվելով այս պաշտոնում։ Ընտրություն անցկացնելու համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված ԵՊՀ կանոնադրությունը, մինչդեռ տրամաբանորեն կանոնադրության համեմատ օրենքը գերակա է։ «Կրթության մասին» օրենքում մի կետ էլ կա այն մասին, որ ԵՊՀ-ն ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը։ Թերեւս այս անորոշ ձեւակերպման հիման վրա է ԵՊՀ ռեկտորը, հակառակ օրենքի պահանջին, ընտրություններ անցկացնելու իր իրավունքն արդարացնում։ Ըստ կանոնադրության, ԵՊՀ ռեկտորն ընտրվում է համալսարանի Մեծ խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Մեծ խորհրդում ընդգրկվածների թիվը չպետք է գերազանցի 250-ը (ԵՊՀ-ինը՝ 245 է), որի 65%-ը պետք է լինեն դասախոսական կազմից եւ գիտաշխատողներ, 25%-ը՝ վարչատնտեսական, 10%-ն՝ ուսումնաօժանդակ կազմից, իսկ 25%-ն՝ ուսանողներ։ Այս տոկոսները գումարելիս՝ 100%-ն անցնում ենք եւ երկար մտածելուց հետո էլ գլխի չընկանք, թե ինչպես են այն հաշվարկել։ Նշենք նաեւ, որ, ըստ կանոնադրության, ռեկտոր կարող է ընտրվել վերջին 5 տարիներին համալսարանում աշխատած պրոֆեսորը։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել