Ասա՝ ով է պաշտպանյալդ Ասեմ՝ ով ես դու «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթը հարցազրույց է հրապարակել Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանի պաշտպան Ռոբերտ Աղաջանյանի հետ, որը նաեւ ՔԱԳՎ իրավաբանն է։ Տուժողի իրավահաջորդ Ռոբերտ Աղաջանյանը, որն, իր ասելով, գործում է Երիցյանի անունից, պնդել է, թե գրելով «դեգեներատ»՝ «Հայկական ժամանակը» հաստատ նկատի է ունեցել իր պաշտպանյալին։ Մինչդեռ Հովհաննես Երիցյանը, ըստ պրն Աղաջանյանի, ոչ միայն «իր թասիբի համար մեռած մարդ է», այլ ունի բազմաթիվ այլ արժանիքներ, մասնավորապես՝ «Երիցյանն ավիացիայի համար ուղղակի մի գանձ է։ Երիցյանը ծնվել է ավիացիայի ընտանիքում։ (…) Երիցյանը միակն է, որը 3 հատ «ԻԼ-86» օդանավ միայն իր ջանքերով, իր կապերն օգտագործելով, մեկն էլ իր ձեռքերով բռնած բերել է Հայաստան»։ Սակայն այս հարցազրույցի մի զգալի մաս առնչվում է «Առավոտին»։ Այդ հատվածները կմեջբերենք առավել հանգամանալից։ «Տարեգիրի» թղթակիցը հետաքրքրվում է. «Առավոտ» օրաթերթն էլ էր նույն տեքստը նույն նկարով տպագրել, «Առավոտին» է՞լ եք դատի տալու»։ Եվ փաստաբանը պատասխանում է. «Մենք կարող ենք ուղարկել դատաքննչական մարմիններին, բայց մենք այս շարադրանքի եւ այն շարադրանքի վերաբերյալ մեր տեսակետն ունենք»։ Եվ խոստանում է. «Առավոտին» այլ կերպ կանդրադառնանք, ոչ «ՀԺ»-ի նման»։ Մինչ այդ Երիցյանի պաշտպանը նշել էր, թե նման հրապարակումները կարող են վնասել ՔԱԳՎ պետի գործարար համբավին՝ «Դրսում էլ, ինչ գիտեք, թե մի ուրիշ մարդ վեր չի կենա ասի՝ լավ, սրա հետ ինչ գործ ունեք, իրենց երկրում ասում են, որ սա դեգեներատ է»։ «Տարեգիրի» թղթակիցը հարցնում է. «Իսկ չե՞ք անհանգստանում, որ «Առավոտը» նաեւ Ինտերնետի միջոցով դրսում է տարածում այս ամենը», եւ փաստաբանը մասնավորապես ասում է. «Հարյուր ինտերնետ մի հատ զրո արժե մի հատ դատարանի առաջ»։ Ի դեպ, Ռոբերտ Աղաջանյանն անդրադարձել է նաեւ մեր թերթում Հովհաննես Երիցյանի առանձնատան լուսանկարին. «Երիցյանն այսօր նյութապես շատ ապահովված մարդ է։ Բավական է ասել, որ 1991 թ. այստեղից գնացել է եւ մինչեւ 2000 թ. նա հանդիսացել է ՌԴ Աերոֆլոտի ներկայացուցիչը Կանադայի պես երկրում։ Բարձրագույն աշխատավարձո՛վ։ (…) Նկարել են նրա տունը, կպցրել են, թե էս է, էն է»։ Իսկ Հովհաննես Երիցյանը «Տարեգիրի» թղթակցի հետ զրույցի ընթացքում հպարտորեն նշել է, որ իր տան ճակատին փակցված է հայկական ավիացիայի գերբը, որպեսզի բոլորն իմանան, թե ով է ապրում այնտեղ։ Սակայն այս հարցազրույցի ամենազավեշտական հատվածը, մեր կարծիքով, ՔԱԳՎ իրավաբանի պարզաբանումներն են, թե ինչո՞ւ է արգելվել «Առավոտի» եւ «Հայկական ժամանակի» տարածումն ինքնաթիռներում։ Ռոբերտ Աղաջանյանը նախ նշում է, որ այդ թերթերն իրենց հետ չունեն պայմանագիր եւ փոխանցում Հովհաննես Երիցյանի պատճառաբանությունները, թե ինչու պայմանագիր, չի կնքվում. «Ասում է, այն թերթերը, որոնք անընդհատ մեզ քննադատում են, իշխանություններին էլ են քննադատում, որ իմ պատկերացմամբ սխալ է՝ ես չեմ ուզում, որ այդ համոզմունքները բարձրանան օդանավ, այնտեղ ստեղծեն խառնաշփոթ։ Գետնի վրա կարդացե՛ք։ (…) Մենք մեր կողմից չենք տանում, ասում՝ խնդրեմ, նայեք, որպեսզի չհուզվի ժողովուրդը, խառնաշփոթ չլինի։ Մենք պատասխանատու ենք նրանց կյանքի համար։ (…) Իսկ այն թերթերը, որոնք անգամ գետնի վրա են ստեղծում հուզումներ, ուր մնաց երկնքում՝ պետք չի մեզ»։ ՔԱԳՎ իրավաբանը նաեւ բացահայտել է, որ պայմանագիր են կնքել «ՀՀ», «Հայոց աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերի հետ։ «Իսկ ինչի՞ց եք կռահում, որ նրանք հուզվում են «ՀԺ» կամ «Առավոտ» կարդալիս, իսկ մյուս թերթերը կարդալիս՝ ոչ»,- հարցնում է թղթակիցը։ Եվ Ռոբերտ Աղաջանյանը պատասխանում է. «Գետնի վրա էլ ենք տեսնում, չէ՞։ Գրում են, ասում են, որ ահա, այս մեկը վիճում է սրա հետ, մենք էլ ասում ենք՝ այդ 2-3 ժամը չենք ուզում։ Մենք պատասխանատու ենք մեր ուղեւորների կյանքի համար։ Գիտե՞ք, մեր ուղեկցորդուհիների գլխներին ինչ օյին ենք հանում, եթե նրանք չեն ժպտում ժամանակին։ Էդ ոչ մեկը չի իմանում։ Ասում ենք՝ ժպիտով դիմավորեք, մարդն առանց այն էլ վախեցած է նստում օդանավ։ Այնպես արեք, որ մարդը հանգիստ իջնի»։ … Ի՞նչ կարելի է ասել այս ամենի առնչությամբ։ Հաստատված է, որ հոգեբույժները, երկար տարի գժերի հետ շփվելուց հետո, իրենք էլ են, մեղմ ասած, տարօրինակ դառնում։ Թերեւս ղեկավարների մտավոր կասկածելի մակարդակն է՞լ է ինչ-որ կերպ փոխանցվում նրանց ենթականերին։ Ա. Ի.