«ԱՆԶԳՈՒՅՇ» ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ Մենք երկար ժամանակ խնայում էինք մեր ընթերցողներին եւ չէինք տպագրում «Պապլավոկում» նախագահի թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի այս լուսանկարները։ Սակայն երեկ հայտնի դարձավ, որ վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Սեւակ Համբարձումյան) մերժել է տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի դիմում-բողոքը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի փետրվարի 21-ի դատավճռի դեմ, որով Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրօր. 103 հոդվածով եւ դատապարտվել ազատազրկման երկու տարի ժամանակով։ Դատարանը վճռել է ՀՀ Քրօր. 41 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամանակով։ Ի սկզբանե տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը պնդում էր, որ դիմումը մերժվելու է։ Ուրեմն ինչո՞ւ գրեց բողոքը եւ ներկայացրեց։ «Որ հետո չասեք, թե Սահակյանը ինչու դա չուզեց»։ Երեկ փաստաբանը արձագանքեց. եթե դիմումը ընդունեին, այն ժամանակ իրավունք կունենայիք գրել, թե՝ ինչո՞ւ, ինչի՞ հիման վրա ընդունեցին։ Վերաքննիչի որոշումը որեւէ մեկի համար անակնկալ չէր, ակնհայտ էր, որ գործն ամբողջությամբ վերահսկվում է եւ ցանկացած որոշում այնպես է «սարքվում», որ իրավական շրջանակի մեջ լինի, իբր՝ էլ ի՞նչ եք ուզում, օրենքից դուրս ոչինչ չենք արել։ Մեզ մնում է ներկայացնել այս լուսանկարները, որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, թե ինչպիսին կարող են լինել «անզգույշ» սպանության հետեւանքները։ Աղամալ Հարությունյանը դատարանում պնդում էր, որ «Պապլավոկում», սեղանից դեպի զուգարան ինքն ու հանգուցյալ Պողոս Պողոսյանը գնացել են «ջան-ղուրբան» ասելով։ Ամբաստանյալը փորձում էր իրականությունն այնպես ներկայացնել, որ իբր Պողոս Պողոսյանն էր իր թեւը մտել եւ իրեն ուղեկցում էր դեպի զուգարան։ Լուսանկարից ակնհայտորեն երեւում են տուժողի թեւի վրայի մատնահետքերը։ Նախագահի թիկնապահի համար «ջան- ղուրբան» ասելովը նշանակում է թեւը կապտուկներով պատելը, իսկ նախաքննության մարմինը եւ դատարանը պարզապես աչք են փակում այս ամենի առջեւ։ Հաջորդ լուսանկարում հանգուցյալի ճակատի վրա երեւում է հարթ մակերեսով մարմնի հետք, որը, ինչպես պարզվեց դատարանում, կարող է լինել ցանկացած իր, այդ թվում՝ ատրճանակ։ Այս փաստը եւս դատարանը շրջանցեց։ Եվ հավատաց նախագահի թիկնապահի խոսքին, թե զուգարանում քաշքշուկ է տեղի ունեցել, եւ ինքը պարզապես հրել է Պողոս Պողոսյանին, վերջինս ընկել է զուգարանի հատակին, եւ գլխի հետեւի մասի հարվածն է իբր եղել մահացու։ Եթե «անզգույշ» սպանության հետեւանքով մարդու մարմինը այսպիսի խոշտանգված տեսք է ունենում, հետաքրքիր է՝ ի՞նչ տեսք կունենա մարդու մարմինը, եթե նախագահի թիկնապահները որոշեն մեկնումեկին հատուկ սպանել։ Առաջարկում ենք, որ դատավորը եւ նախաքննության մարմինը ուշադիր նայեն լուսանկարները եւ իրենք իրենց հարց տան՝ գիշերները հանգի՞ստ են քնում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ