ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ՝ «27»-Ի ՀԱՄԱՐ Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Վազգեն Լալայանի նախագահությամբ սկսվեց Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործի դատաքննությունը: Ու քանի որ նրան առաջադրված մեղադրանքների բովանդակությունը բազմիցս է հրապարակվել ու քննարկվել մամուլում, ուստի ձեռնպահ ենք մնում դրանք կրկնելուց՝ առավել եւս, որ առաջիկայում դրանց առանձին ու հանգամանորեն անդրադառնալու, գնահատելու առիթներ են լինելու: Առայժմ հարկ ենք համարում շեշտել, որ առաջադրված մեղադրանքներից, որոնք, ի դեպ, 7-10 տարվա վաղեմություն ունեն, միայն մեկ-երկուսն են, որ խիստ վերապահումներով հանդերձ՝ կարելի է որակել իբրեւ «տաք հետքերով» «բացահայտված հանցագործություն»: Խոսքը նախագահ Քոչարյանին եւ նախարար Սերժ Սարգսյանին «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման մեջ մեղադրելու համար, իբր, «ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու» մեղադրանքի մասին է: Մասնագետների վկայությամբ, սույն ձեւակերպումն ինքնին, մեղմ ասած, իրավաբանորեն այնքան էլ գրագետ չէ, եթե չասենք, որ մեղադրանք առաջադրելու հիմք լինել չի կարող: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այս դատավարության առանցքը հենց դա է լինելու՝ իր հասարակական հնչեղության եւ արդիականության իմաստով: «27»-ի գործով ընթացող դատավարությանը սպասվող ճակատագրի ու մանավանդ «27»-ից անջատված մասով հերթական անգամ երկարաձգված նախաքննության համար դա լակմուսի թուղթ է: Ու եթե Մ.Սաղաթելյանը առաջադրված մեղադրանքի կոնկրետ այդ դրվագով մեղավոր ճանաչվի, թերեւս, կնշանակի, որ անջատված մասով եւս Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի վերաբերյալ կասկածներն էլ անջատված մասով կարող են փարատված համարվել, եթե, իհարկե, այդ հնարավոր տարբերակը իբրեւ վարկած երբեւէ օրակարգում եղել է: Իշխող ռեժիմին ատամներով պաշտպանող արդարադատությունը նույնիսկ թույլ չի տա սույն դուետին բարձրաձայն կասկածել: Դա է վկայում մինչեւ դատաքննության ավարտը Մ.Սաղաթելյանին վերագրված «ակնհայտ սուտ մատնություն» մեղադրանք-դատավճիռը, որ նույնն է թե՝ «Պապլավոկի» սպանությունն «անզգույշ» որակող մեղադրական եզրակացության ակնհայտ ակնարկը: Իսկ դատարանի դահլիճում ներկաները, որոնցից միայն երկուսն էին տուժող, երեկ, մի պահ մոռանալով, որ գտնվում են «հայաստանյան արդարադատության» պատերի ներսում, «հանդգնեցին» հենց դատարանի դահլիճում ոտքի կանգնած «Մո՛ւ-շե՛ղ, Մո՛ւ-շե՛ղ» վանկարկել ու նիստերի դահլիճում իրեն վերապահված մենիշխանի դիրքերից հենց սկզբից «դիրք դնող» դատավորին փորձեցին իր տեղը ցույց տալ: «Հարգանքն այդպես չեն վայելում, այլ՝ Մուշեղի նման»,- նետեց դատավորի որոշմամբ դահլիճից դուրս արված «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Պրն Լալայանը վերջինիս «խստագույն» այդ պատժին արժանացրեց՝ ռեպլիկ անելու ու դատարանին չհարգելու համար, թեեւ, մեր դատարաններում ծավալվող դատավարություններն ու արձակված, որպես կանոն, իշխանահաճո վճիռներն ընդհանրապես դատարանների ու արդարադատության նկատմամբ հարգանքի տեղ չեն թողնում: Վերադառնալով բուն դատավարությանը՝ արձանագրենք, որ Մ.Սաղաթելյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի վկայությամբ՝ դատավարության առաջին օրն անցավ օրինականության սահմաններում, թեեւ վերջինիս՝ ամբաստանյալի աթոռին հայտնվածի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը որեւէ այլ՝ ցանկացած խափանման միջոցով փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց: Պետական մեղադրող Կորյուն Փիլոյանն այն անհիմն համարեց: Փաստաբանը մինչեւ իր միջնորդությունը ներկայացնելը դատարանին փոխանցեց նաեւ ԱԺ 4 պատգամավորների միջնորդությունը, որով վերջիններս երաշխավորում էին, որ Մ.Սաղաթելյանը չի խոչընդոտի դատաքննության ընթացքին, առավել եւս, որ նախաքննությունն արդեն ավարտված է, ու մեղադրող կողմն արդեն ձեռք է բերել ու ներկայացրել գործին առնչվող ապացույցները: Օրենսդիրները նաեւ երաշխավորել էին, որ Մ.Սաղաթելյանը դատարան կներկայանա՝ մանավանդ որ ճշմարտության բացահայտման խնդրում ավելի շահագրգիռ է, չի խուսափում դատից, եւ կաշխատի հնարավորինս օգտագործել դրա հնարավորությունները: Պատգամավորները շեշտել էին նաեւ, որ Մ.Սաղաթելյանը՝ ունենալով մի շարք արդեն քրոնիկ հիվանդություններ, ենթարկվել է ծանր վիրահատությունների, ունենում է սրտի նոպաներ եւ անգամ մեկուսարանում բուժօգնություն է ստացել: Պետական մեղադրողը նկատեց, թե միեւնույն է, Մ.Սաղաթելյանը մեկուսարանում բուժօգնություն ստանում է, իսկ դատաքննությանը կարող է խոչընդոտել, քանի որ նրան ուղղված մեղադրանքներից մեկն էլ կապված է «50 հազար դոլար»-ի հետ: Պաշտպանական կողմն առանձնակի հույսեր չէր էլ փայփայում, թե միջնորդությունը կբավարարվի: Երեկ Մ.Սաղաթելյանի գործի դատաքննությունն ընդմիջվեց մինչեւ մարտի 21-ը, որովհետեւ մեղադրողը չէր հասցրել դրան ծանոթանալ: Պաշտպանը չառարկեց եւ մեր զրույցի ժամանակ ասաց, որ դա օրենքի շրջանակներում էր: Իսկ մեր այն հարցին, թե իր կարծիքով դատաքննության ավարտին իրեն առաջադրված մեղադրանքներից քանի՞սը կմնան, Մ.Սաղաթելյանը պատասխանեց՝ ոչ մեկը: Այդպիսի հույս ունի նաեւ նրա փաստաբանը, որի պնդմամբ՝ իր վստահորդին առաջադրված մեղադրանքները ոչ մի դրվագով հիմնավորված չեն եւ դատարանում լուրջ քննություն բռնել չեն կարող: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ