«Մենք ներկայացում խաղացինք, նայե՞լ եք» Ինչու չենք կարողանում մեր հարցերը հարց դարձնել Այս արտիստական հարցումով իր ասուլիսը սկսած Խորեն Աբրահամյանը երկարուձիգ խոսակցության ավարտին լրագրողներին թողեց տարակույսի մեջ. ո՞րն էր ասուլիսի «մեխը»։ Սկզբում պրն Աբրահամյանը խոսեց լրագրողական «խաղացկուն սեթեւեթանքի, կոտրատվելու» տոնի դեմ, հայտարարելով, թե կռիվ ունի լրագրողների հետ։ Բոլորիս հայտնի «մեծ բլոկ» անհանգստությունների մեջ, անհայտ է, թե ինչ են ուզում լրագրողները, ինչն են մերժում կամ խրախուսում «կես լուրջ, կես կատակ»։ Մեջբերելով Թումանյանի 100 տարի առաջ ասած այն միտքը, թե «ցուրտ է, որովհետեւ չկա անկեղծություն, չկա անկեղծության ջերմություն, որովհետեւ խոսում են լեզվով», Խորեն Աբրահամյանը զարմանքով այժմեական համարեց բանաստեղծի մտահոգությունը։ Մտահոգիչ է, որ նույնը կարելի է ասել նաեւ կայացած ասուլիսի մասին։ Տեքստ եւ ենթատեքստ Խորեն Աբրահամյանը լրագրողներին մեղադրեց ժողովրդին թյուրիմացության մեջ թողնելու, ինչպես նաեւ շատ կոնկրետ մեղքի մեջ. ինչո՞ւ լրագրողները չեն նայել անցյալ տարեվերջին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շրջանակներում բեմադրված Պերճ Զեյթունցյանի «Խոր Վիրապ» ներկայացումը։ Նայողներից եւս ներկայացման ռեժիսորն ու գլխավոր դերակատարը դժգոհ էր, քանի որ արձագանքները եղել են մեծ մասամբ սկանդալային. ինչքա՞ն փող ծախսվեց, նախագահը նայե՞ց, թե՞ չնայեց, ծափահարե՞ց արդյոք, թե՞ ոչ եւ այլն։ Խորեն Աբրահամյանը, կարծում եմ, լրագրողների ուսերին ծանր բեռ է դնում. չէ որ, եթե 1700-ամյակը նշելու միամյակը քիչ բան տվեց, մեղմ ասած՝ լավագույնս չկայացավ (ինչպես ինքն ասաց), ինչ-որ իմաստով անարձագանք էր մնալու նաեւ առանձին վերցրած մեկ ներկայացումը, որքան էլ տաղանդավոր լինի դերակատարը եւ արդիական՝ կերպարի մեկնաբանությունը։ Ներկայացման՝ անարձագանք մնալու մի պատճառ էլ ռեժիսորը նշեց. ներկայացումը կենդանի օրգանիզմ է, որն իր կյանքը, իր ապրելու ձեւն ունի, իսկ իրենք մի քանի անգամ խաղացել են, եւ մի քանի ամիս ընդմիջում տվել։ Տխուր ճիգ է, իհարկե, բայց տաղանդավոր դերասանը, կարծես իմիջիայլոց եւ այն էլ՝ մի քանի անգամ, լրագրողներին հրավիրեց ներկայացումը դիտելու մարտի 19-ին եւ 20-ին։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ