Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակայության համար վճարում են

Մարտ 13,2002 00:00

Բացակայության համար վճարում են Բուժպատրաստության դասընթացներին ԵՊՀ ուսանողուհիները չեն սիրում հաճախել՝ թեեւ դրա ավարտին նախատեսվող ստուգարքը չհանձնելու դեպքում զրկվում են պետական քննություններին մասնակցելու իրավունքից։ Այդ առարկայից բացակայությունների դեմ պայքարելու հնարամիտ ելք է գտել Մայր բուհը։ Այս մասին տեղեկացանք ԵՊՀ-ի ուսումնական վարչությունից, երբ փորձում էինք ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է «Առավոտի» այն տեղեկությունը, որ երեք բացակայության համար ուսանողուհիները զրկվում են ստուգարքին մասնակցելու իրավունքից, իսկ եթե ստանում են նման թույլտվություն, ապա պետք է դրա համար հինգ հազար դրամ վճարեն։ Պարզվում է, որ ամեն ինչ գրեթե այդպես է, միայն թե պետք է վճարել ոչ թե ստուգարքին մասնակցելու, այլ դասընթացը մեկ անգամ եւս կրկնելու համար, ինչը պարտադիր է, եթե ուսանողուհին ունի ոչ թե երեք, այլ 24 ժամ բացակայություն, այսինքն՝ տվյալ դասընթացին հատկացված 48 դասաժամի 50%-ին չի հաճախել։ Դասընթացն անցկացվում է շաբաթը մեկ անգամ, 7-8 դասաժամ տեւողությամբ եւ երեք օր բացակայածն արդեն ունենում է քսանչորս ժամ բացակայություն։ Դասընթացը կրկնելու իրավունք տրվում է պրոռեկտորի մակագրությամբ, իսկ բուժպատրաստության դասընթացը կրկնելու համար՝ հինգ հազար, իսկ քաղպաշտպանության դասընթացի համար՝ երկու հազար դրամ վճարելու որոշումը ընդունել է ԵՊՀ ռեկտորատը երեք տարի առաջ։ Մինչեւ օրս ոչ մի առարկայի առնչությամբ նման նախադեպ չի եղել եւ Մայր բուհը իր այդ որոշումը արդարացնում է նրանով, որ սեյսմիկ առումով ոչ բարենպաստ պայմաններում եւ կիսապատերազմական վիճակում գտնվող պետությունում այդ առարկայի հանդեպ նման արհամարհական վերաբերմունքն անթույլատրելի է, իսկ ընդունված որոշումը «անբարեխիղճ ուսանողներին կարգի հրավիրելու ձեւ է»։ Բացի այդ, դասախոսները կվարձատրվեն դասընթացը մեկ անգամ եւս կրկնելու համար։ Այնուամենայնիվ, նաեւ ճշտեցինք, որ մինչեւ օրս չի գրանցվել դեպք, երբ ուսանողը դուրս մնա համալսարանից՝ բուժպատրաստության կամ քաղպաշտպանության դասընթացին չհաճախելու կամ ստուգարքը չստանալու պատճառով։ Իսկ «Առավոտի» տվյալներով, ուսանողների մի մասին, այնուամենայնիվ, հաջողվում է ստուգարք ստանալ առանց հինգ հազար դրամ վճարելու։ Մի մասն էլ ստուգարք ստանում է առանց դասընթացը կրկնելու։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել