Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ FILA-Ի ՆՈՐ ԿԱՐԳՈՎ

Մարտ 13,2002 00:00

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ FILA-Ի ՆՈՐ ԿԱՐԳՈՎ ՀՀ ազգային հավաքականների կենտրոնում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Չորս օր շարունակ հանրապետության բոլոր մարզերից ժամանած հարյուրից ավելի ըմբիշներ պայքարում էին չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելու համար։ Ուրախալի էր, որ վերջին տարիներին ստեղծված հաճելի ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց. մրցագորգ մտան ինչպես երիտասարդ եւ բավականաչափ փորձ չունեցող ըմբիշները, այնպես էլ մեր ներկայիս բոլոր ուժեղագույն մարզիկները։ Այսպես ապահովվում է ոչ միայն առաջնության բարձր մակարդակը, այլեւ հավասար պայմաններ է ստեղծվում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համալրել մեր ազգային հավաքականի շարքերը։ Ասել է թե, անկախ տիտղոսներից, մարզիկն իր արժանի լինելը պետք է ապացուցի անմիջապես մրցագորգի վրա։ Այս առաջնությունը նախորդներից տարբերվեց նրանով, որ առաջին անգամ էր անցկացվում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA)՝ փոփոխության ենթարկված կարգով։ Հայտնի է, որ իմա ըմբշամարտում քաշային կարգերը փոփոխվել են եւ ըմբիշները նախկին ութի փոխարեն հանդես են գալիս յոթ քաշային կարգերում։ Այս նորույթը, ինչպես ցույց տվեց առաջնությունը, բավականին լուրջ խնդիրներ է դրել մարզիկների առջեւ, որոնք դեռ շատ անելիքներ ունեն ապագայում։ Մասնավորապես, նախկինում 58 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն Մարտին Բերբերյանը այս անգամ հանդես գալով 60 կգ-ում, նախնական փուլում պարտություն կրեց Արամ Մարգարյանից։ Ու հիմա, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու տեղափոխվել ավելի ցածր քաշային կարգ։ Իսկ ահա Սիդնեյի օլիմպիական խաղերում հինգերորդ տեղը գրաված Արշակ Հայրապետյանը գորգի վրա վատ չէր զգում նաեւ իր սովորական 63 կգ-ից երեք կիլոգրամ ավելի ծանր քաշ ունենալով։ Ըստ քաշային կարգերի, Հայաստանի չեմպիոն դարձան. 55 կգ՝ Վահագն Մարգարյան, 60 կգ՝ Արամ Մարգարյան, 66 կգ՝ Արշակ Հայրապետյան, 74 կգ՝ Բագրատունի Բարսեղյան, 96 կգ՝ Արսեն Սարխոշյան, 120 կգ՝ Գագիկ Սարգսյան։ Առաջնության ավարտին զրուցեցինք սպորտվարչության ազատ եւ ձյուդո ըմբշամարտերի պատասխանու Օլեգ Ադյանի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի հետ։ Նրանք ասացին, որ ըմբիշների պատրաստվածության աստիճանն իրենց գոհացրեց։ Փորձառուները հիմնականում կարողացան պաշտպանել իրենց բարձր կարգը, իսկ երիտասարդներն արժանի դիմադրություն ցույց տվին նրանց՝ որոշ դեպքերում անգամ գերազանցելով ահեղ մրցակիցներին։ Առաջնության արդյունքներով կհամալրվի ազգային հավաքականը, որը կնախապատրաստվի Մինսկում կայանալիք Մեդվեդի միջազգային մրցաշարին, այնուհետեւ՝ մայիսին Բաքվում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը։ Ընդ որում, մարզաձեւի պատասխանատուները հայտարարեցին, որ մեր հավաքականն անպայման մեկնելու է հարեւան հանրապետություն, որի համար դեռեւս Սոլթ Լեյքում արդյունավետ բանակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի մարզական ղեկավարները։ Ճիշտ է, առայժմ հայտնի չէ, թե քանի քաշային կարգում հանդես կգան մեր ըմբիշները, սակայն թե Հ. Ենոքյանը, թե Օ. Ադյանն ասացին, որ մրցավայր են մեկնելու միայն ամենաուժեղները, նրանք, ովքեր կարող են պայքարել բարձր տեղերի համար։ Եվ վերջում մի բան էլ. ամենայն հավանականությամբ Բաքվում մեր հավաքականի կազմում կլինի նաեւ ներկայումս Գերմանիայի բունդեսլիգում հաջող հանդես եկող աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանը։ Խոսելով մրցավարության մասին, զրուցակիցներս ասացին, որ այն ընդհանուր առմամբ անցավ նորմալ։ Ճիշտ է, եղան մի քանի թեթեւ վրիպումներ, սակայն դրանք էականորեն չազդեցին գոտեմարտերի վերջնական արդյունքների վրա։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել