Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճեպընթացի» նոր պտուղները

Մարտ 13,2002 00:00

«Ճեպընթացի» նոր պտուղները Գերմանացի գրող Թոմաս Վուլֆորդի խենթ եւ առաջին հայացքից անիրագործելի մտահղացումը՝ հավաքել եվրոպական երկրների գրողներին մի տեղ եւ արդյունքում տպագրել նրանց ստեղծագործությունների ժողովածուն՝ Եվրոպայի մասին, ոչ միայն իրականացավ 2000-ին, այլեւ՝ առ այսօր շարունակում է պտուղներ տալ։ «Գրական ճեպընթաց- 2000»-ով սկսված «Գրական կապն» այլեւս կարծես անքակտելի է, իսկ նույն ճեպընթացում ծնված գրողական թիմը՝ անբաժանելի։ «Գրական ճեպընթացի» բազմաբեղուն ուղեւորները իրենց ճամփորդության մասին տպագրել են «Եվրոպական ուղեգիրքը»՝ Բեռլինում, «Եվրոպայի գրական չվացուցակը»՝ Մոսկվայում։ Երկու գրքերում էլ ճեպընթացի հայազգի ուղեւորները՝ Դավիթ Մուրադյանն ու Լեւոն Խեչոյանը (բացի նրանցից, «Լիտերատուրէքսպրես- 2000» միջազգային ծրագրում Հայաստանը ներկայացրել է նաեւ Դավիթ Մաթեւոսյանը) ներկայացվել են ընդարձակ ակնարկներով, իսկ նրանց պատմվածքները տեղադրվել են «Ինտերնետում»՝ գերմաներեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ «Ճեպընթացի» 100 հոգիանոց գրողական թիմի կորիզը՝ եվրոպացի գրողների մի խումբ, 2001-ի հոկտեմբերին եղավ Հայաստանում, հանգրվանեց «Գրական տապան-2001» ծրագրի կազմակերպիչների՝ ԱՕԿՍ-ի հյուրընկալ հարկի ներքո։ Արդյունքում «Տապանում» գտնվող գրողները գրեցին իրենց տպավորությունները Հայաստանի մասին, եւ շուտով կտպագրվի գիրք, որտեղ կտեսնենք Հայաստանը՝ եվրոպացի գրողների աչքերով։ Սակայն դա դեռ բոլորը չէ։ Համաեվրոպական գրական կապի արդյունքում ծնվեցին նաեւ Դավիթ Մուրադյանի հրաշալի գրքերը՝ «Գնացքներ եւ կայարաններ», Երեւան, 2001, «Վան Արյան» հրատարակչություն, «ժՉՐՏտՈ վՈ ՍՏսպրՈւ», Երեւան, 2002, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հրատարակչություն, «Զանգակ-97» տպարան։ Երեկ ԱՕԿՍ-ում կայացավ Դավիթ Մուրադյանի հիշյալ գրքերի շնորհանդեսը։ ԱՕԿՍ-ի փոխնախագահ Հասմիկ Պողոսյանը պատմեց «Գրական ճեպընթացով» ծնունդ առած եվրոպական գրողական թիմի մասին, հիշեցրեց եվրոպացի գրողների՝ Հայաստանում եղած «տապանային» շրջանը, հպարտացավ «Գրական չվացուցակում» Դավիթ Մուրադյանի եւ Լեւոն Խեչոյանի գործերի բարձրորակությամբ, ուրախացրեց՝ ասելով, որ տպագրության է պատրաստվում նաեւ Լեւոն Խեչոյանի գիրքը։ Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Ազատ Եղիազարյանը, չգիտես ինչու, հիշեցրեց Դավիթ Մուրադյանի՝ Գրողների միության քարտուղար լինելու փաստը, նշելով, որ, միեւնույն է, եթե ինքը նույնիսկ չճանաչեր Դ. Մուրադյանին, պիտի խոստովաներ, որ գիրքը շատ լավն է։ Չգիտես ինչու, համոզում էր, թե բոլորն էլ պիտի նախանձեն Դ. Մուրադյանին՝ գնացքով ամբողջ Եվրոպան անցնելու համար։ Ինչ վերաբերում է Դ. Մուրադյանի ներկայիս պաշտոնին, նկատենք, որ նա մեկնել էր Եվրոպա՝ մինչեւ ԳՄ քարտուղար լինելը, եւ գիրքը տպագրելու խնդրանքով եւս Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությանը դիմել էր մինչ այդ պաշտոնին անցնելը։ Իսկ ինչ մնում է նախանձելուն, դե, դա ազգային հիվանդություն (իսկ գուցե՝ ազգային արժեք) է, որի դեմ պայքարելը դոնքիշոտությանը համազոր բան է։ Այնուհետեւ բոլոր ելույթ ունեցողները եւ շնորհավորողները նշում էին Դավիթ Մուրադյանի՝ էսսեագրության մեջ ունեցած նկատելի հաջողությունը, անգամ նրան համարում էին հայ էսսեագրության ժանրը վերականգնողը։ Շռայլվեցին բազմաթիվ բարի ու ջերմ խոսքեր ինչպես հեղինակի, այնպես էլ նրա գրքի հասցեին։ Ինչ խոսք, ինչպես միշտ եւ ամենուր, մեր մտավորականները չէին դիմանում գայթակղությանը եւ շեղվելով թե՛ Դավիթ Մուրադյանի, թե՛ նրա գրքերի, թե՛ ընդհանրապես գիր-գրականության թեմաներից, ընկնում էին հիշողությունների գիրկը կամ սկսում քննարկել համամարդկային հարցեր, փորձում գտնել մտավորական-իշխանություն հարաբերությունների ճիշտ ոգին, վրդովվում լրագրողներին լիցենզավորման չենթարկելու իրողությունից, մտահոգվում գլոբալիզացիայի բուռն առաջընթացից եւ այլն… Իսկ Դավիթ Մուրադյանը խոսում էր Արարատից։ Պատմում էր Արարատի մասին։ Աչքերը փայլում էին՝ «Արարատ» ասելիս… Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել