Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ ունեցանք կանոնագիրք

Մարտ 13,2002 00:00

Մենք էլ ունեցանք կանոնագիրք Աշխարհի բոլոր քիչ թե շատ հայտնի լրատվամիջոցները ունեն մասնագիտական էթիկայի կամ վարքագծի կանոններ, որոնք խախտելու դեպքում լրագրողները կարող են զրկվել իրենց աշխատանքից։ Այս ավանդույթը Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ՝ թեեւ դրա անհրաժեշտության մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են, հատկապես լրագրողների աշխատանքը իբր թե կանոնակարգելու կառավարության տխրահռչակ փորձերի համատեքստում։ Այս դաշտում եղած բացը լրացնելու տեսակետից բավականին ուշագրավ է վերջերս լույս տեսած «Իրավական թեմաները լուսաբանող լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը», որի շնորհանդեսն էր երեկ։ «ԶԼՄ-ները՝ ի դեմս իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների, յուրօրինակ միջնորդ են հասարակության եւ դատական իշխանության միջեւ։ Ավելին՝ հասարակության մեջ դատական իշխանության ունեցած հեղինակությունն ու վստահությունը մեծապես պայմանավորված են դատարանների գործունեությունը լուսաբանող լրագրողների մասնագիտական մակարդակով,- ասվում է գրքույկի նախաբանում եւ շեշտվում,- ցավոք, այսօր լրագրողների եւ դատավորների միջեւ բացակայում է փոխըմբռնումը, որը պայմանավորված է մի կողմից դատավորների՝ լրագրողներին իրենց գործունեության մասին տեղեկատվություն տրամադրելու դժկամությամբ, մյուս կողմից՝ լրագրողների՝ դատարանների գործունեությանը վերաբերող տեղեկատվության նկատմամբ հաճախ դրսեւորվող մակերեսային, փաստերի միակողմանի մեկնաբանություններով»։ Այս տեսակետից օրենսդրական դաշտը եւս խիստ անկատար է եւ կանոնագիրքը, ինչպես նշվում է նախաբանում՝ «առաջին օգնությունն է իրավական լրագրողներին՝ ուղղված նրանց գործունեության կանոնակարգմանը եւ գործունեության միասնական կանոնների ձեւավորմանը»։ Կանոնագրքի ստեղծման նախաձեռնողը «Ֆեմիդա» ՀԿ-ն է, իսկ ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Քեմոնիքս Ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ։ Կանոնագիրքը մշակել են իրավական թեմաներով գրող լրագրողներ Ռուզան Մինասյանը, Սոնա Տրուզյանը եւ իրավաբան Դավիթ Խաչատրյանը՝ հաշվի առնելով լրագրողների, իրավական ու դատական համակարգի ներկայացուցիչների փորձն ու առաջարկները։ Ներածությունում ձեւակերպված են մասնագիտական վարքագծի կանոնագրքի խնդիրները։ Առաջին բաժնում տրված են իրավական թեմաները լուսաբանող լրագրողների բարոյական վարքագծի սկզբունքները, ինչպիսիք են՝ ճշմարիտ տեղեկություններ հրապարակելու, տեղեկատվության աղբյուրի գաղտնապահության, անձնական եւ պաշտոնական պատասխանատվության, հեղինակային իրավունքը հարգելու, հերքման կամ ճշգրտման օրինական պահանջը բավարարելու, լսարանի եւ այլ անձանց զգացմունքները հարգելու եւ շատ այլ սկզբունքները։ Այս բաժնի նախաբանում ասվում է, որ «Լրագրողը պարտավոր է իր գործունեության ընթացքում ղեկավարվել սույն կանոնագրքի պահանջներով։ Լրագրողը պետք է հաստատի իր համաձայնությունը սույն կանոնագրքին, ինչը նրան հնարավորություն կտա օգտվել լրագրողների կորպորատիվ պաշտպանությունից»։ Իսկ երկրորդ բաժնում տրված են իրավական թեմաները լուսաբանող լրագրողների վարքագծի կանոններն ըստ ՀՀ գործող օրենսդրության։ Գիրքը հետաքրքիր եւ օգտակար կարող է լինել ոչ միայն իրավական լրագրողների համար եւ ակնկալում ենք, որ նախադեպը շարունակություն կունենա։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել