Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՍ ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁԸ

Մարտ 13,2002 00:00

ՉՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՍ ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁԸ Այս տարվա փետրվարի 6-ին ԱԺ-ն ընդունեց օրենք «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»։ Մնացել է մի «փուլ» եւս. հանրապետության նախագահի ստորագրությունը։ Կյանքը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները (հատկապես նրանք, ովքեր ունեն ձերբակալված կամ կալանավորված ընտանիքի անդամ) բավականաչափ իրազեկ չեն իրենց իրավունքներից, չեն պատկերացնում արգելանքի եւ կալանքի տակ պահելու կարգը, պայմանները, անգամ՝ նրանց պահելու հիմքերը։ Օրենքը կարգավորում է այդ ամենը իր 8 գլուխներով եւ 49 հոդվածներով։ Ըստ այս օրենքի, արգելվում է «Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպես նաեւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ»։ Ընդսմին նշվում է նաեւ, որ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում գոյություն ունեն կանոնակարգեր, որոնց կատարումը ապահովում են այդ վայրերի ծառայողները, «որոնք պատասխանատվություն են կրում իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար»։ Օրենքում ակնարկվում է «ներքին կանոնակարգերի» մասին նույնպես, ըստ որի, սահմանված են կալանավորվածների եւ ձերբակալվածների վարքագծի կանոնները, այն առարկաների եւ իրերի ցանկը, որոնք ազատազրկվածները չեն կարող ունենալ- պահել իրենց մոտ, սահմանված տեսակցությունների, նամակագրության, հանձնուքների կարգը։ Ի դեպ, հոդված 11-ում սահմանված «արտակարգ իրավիճակների կանոնակարգը» կգործի …«ձերբակալված կամ կալանավորված անձանց զանգվածային անհնազանդության» ժամանակ (մի բան, որ տեղի ունեցավ մեզանում 70-ականների կեսերին)։ Ձերբակալված եւ կալանավորված անձը ունի մի շարք իրավունքներ, մասնավորապես, «ութժամյա գիշերային քնի իրավունք», «բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության», «բավարար սննդի» եւ որ ամենակարեւորն է՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության։ Եթե 40 հազար աշխատատեղեր մի անգամ էլ բացվեն Հայաստանում, ապա աշխատանքի սահմանված իրավունքից կօգտվեն կալանավորվածները։ Ընդհանրապես, հարցումների արդյունքում քաղաքացիները դժգոհում են հատկապես արգելանքի տակ գտնվող իրենց հարազատների հետ տեսակցելու անհնարինությունից։ Ավելորդ չէ նշել, որ պաշտպանն անգամ ապօրինի զրկվում է իր պաշտպանյալի հետ տեսակցելու հնարավորությունից։ Օրենքը սահմանում է. «առանձին, անարգել տեսակցություններ պաշտպանի հետ՝ առանց քանակի եւ տեւողության սահմանափակման» (մեր փաստաբանները հաճախ են դժգոհում «երրորդ աչքի» եւ «ականջի» գոյությունից, նաեւ այն փաստից, որ առանձին տեսակցություն չի հաջողվում իրենց)։ Չնայած օրենքն ասում է, որ տեսակցությունը կազմակերպվում է այնպիսի պայմաններում, որ «ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել»։ Ի դեպ, ԶԼՄ-ները, այսինքն մենք, կարող ենք կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ տեսակցել կալանավորվածների հետ, սակայն ձերբակալվածների հետ չի թույլատրվում։ Հետաքրքիր է, որ ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ «տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման»։ Սակայն այս նույն օրենքը չէ՞ր, որ սահմանել էր (հոդված 13). «Ձերբակալված եւ կալանավորված անձն իրավունք ունի մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալ…»։ Օրենքով թույլատրվում է նամակագրություն։ Սակայն վայ այդ նամակագրությանը. «Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ։ Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը»։ Նամակը… ենթակա է արտաքին զննման։ Սա արժանապատվությունը նսեմացնող երեւույթ չէ՞ արդյոք։ Մասնավորապես հետաքրքիր էր ազատազրկվածների սննդի, սննդամթերքի ձեռք բերման հարցը։ «Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի խմելու ջրով» (չձերբակալվածներիս ու չկալանավորվածներիս բարի նախանձը շարժեց խմելու ջրի օրենսդրական այսօրինակ կարգավորումը)։ Չնայած միայն սննդի համար է գրված, որ «ուժերի պահպանման համար» անվճար սննդով են ապահովվում ազատազրկվածները, սակայն ո՞վ չգիտի, որ սկսած սննդից, վերջացրած ջրով… բոլորը փող արժեն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել