ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈՀԱՄԱԼԻՐ. ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ Նոր տնտեսահարաբերությունների անցնելու բարի ցանկությունը մեզանում վեր է ածվում բարեկամների հետ անհարկի տարաձայնությունների գործընթացի։ Հիշենք հանրության մի մասի արձագանքը ֆրանսիական ընկերության կողմից կոնյակի գործարանի ձեռքբերման հանդեպ, հույների կողմից հեռախոսահամակարգի գնմանը հասարակության լայն հատվածի վերաբերմունքը։ Կարծես լավ ստացվեց, որ ամերիկյան ընկերությունը հրաժարվեց բաշխիչ էլցանցերն ունենալու գայթակղությունից եւ մեզ միառժամանակ հեռու պահեց ամերիկացիների հետ գժտվելուց։ Հայ հանրությունն իր բացարձակ մեծամասնությամբ չի ցանկանա նման հարաբերություն տեսնել մեր դարավոր հարեւան ռուսների հետ, սակայն ՀՀ իշխանությունները անհնարինն անում են այն իրողություն դարձնելու համար։ Ասվածի ապացույցները ուրվագծվում են ռուսական պարտքի դիմաց ՀՀ էլհամակարգի որոշ ձեռնարկություններ պարտատիրոջը հանձնելու գործընթացում։ Այստեղ հաճախ հիշատակվում է Որոտանի հիդրոհամալիրը։ Աշխարհի ցանկացած երկրում նման կառույց ունենալու համար կպահանջվի նվազագույնը 500 մլն դոլար։ Այն այլ պարագաներում էապես չի նվազի, քանզի համալիրի միջին տարիքը 25 է, ծանրաբեռնված չի աշխատել։ 1990-ականների տարբեր տարիների այստեղ իրականացվել է 800 մլն-ից մինչեւ 1,3 մլրդ կվտ/ժ էլարտադրություն։ Հիշենք, որ ՀՀ-ի ռուսաստանյան պարտքը համալիրի նախագծային արժեքի մոտ մեկ հինգերորդ մասն է կազմում (115 մլն դոլար)։ Բայց այն, ինչ արձանագրվել է 2001-ին, արտառոց է՝ 527 մլն կվտ/ժ։ Տրամաբանված ցանկացած տարբերակի դեպքում պետք էր հակառակն իրականացնել. վաճառվող կառույցը գրավիչ ներկայացնելու նպատակով հասնել առավելագույն արդյունավետության եւ նախընտրելի գնի, կանխարգելելով նոր տիրոջ կողմից այն առավել պակաս ներկայացնելու ցանկությունը։ Սակայն մեզանում հակառակն է կատարվում. անգամ 2000-ի խիստ երաշտի պայմաններում ջրակայանում էլարտադրությունը կազմել է 777 մլն կվտ/ժ. ավտոմատացված համակարգը, նվազագույն աշխատակազմը, մի շարք այլ բարենպաստ գործոններ նպաստում են կվտ/ժ-ի նվազագույն ինքնարժեքին, որն ընդամենը 2-3 տարի առաջ չէր հասնում 3 դրամի։ ԱԷԿ-ի եւ ՋԷԿ-երի 1 կվտ/ժ-ի 12-16 դրամների պայմաններում էապես էժան այս արտադրահզորությունը նպաստում է ընչազուրկների համար բարձր՝ 25 դրամ սակագնի պահպանմանը։ Երբ սահմանվեց այս գինը, Որոտանի համալիրի արտադրանքը կազմում էր երկրում արտադրված էլէներգիայի մոտ 17 տոկոսը. 2001-ին այս ցուցանիշը իջել է 8%-ի, որի առաջացրած խնդիրները դժվար չէ պատկերացնել։ Անշուշտ, գուշակություն անելը հաճելի զբաղմունք չէ։ Սակայն ուզենք, թե չուզենք, մենք այսօր ազգովի տրվել ենք այս զբաղմունքին, քանզի անցկացրած յուրաքանչյուր օրը պարտադրում է վերլուծել արածն ու անելիքը։ Այս առումով հարցնենք. ինչքանո՞վ է տեղին այս գործընթացը, որի երկշահավետությունը հարցեր է ծնում։ Այն տեսակետը, թե ռուսական կապիտալը կգա մեր երկիր, որեւէ հիմնավորում չունի, որովհետեւ բացի ռուսահայերից՝ որեւէ մեկը Հայաստանում անգամ մի կրպակի տեր չի դարձել։ Եվ արդյոք Ռուսաստանի էներգետիկայի կառավարիչ հանրահայտ Անատոլի Չուբայսն այսօր մարմնավորո՞ւմ է «Ռուսաստան» հռչակվող գաղափարը։ Երբ պատրաստվում էր ԲԷՑ-երի վաճառքը, ՀՀ կառավարությունը խորհրդատու մարմին վարձեց. կա՞ արդյոք նման մոտեցում այս գործարքի պարագայում։ Պարտքը ստեղծել ու ծախսել է պաշտոնյաների մի կազմ, վարձահատույց է լինում մի այլը։ Այսօրինակ հարցերը շատ են, պատասխանները՝ գրեթե անորոշ։ Ուստիեւ՝ արդեն արածի երկակի իրողության պայմաններում առավել քան մտածված պետք է լինի առաջիկա անելիքը. ինչքանո՞վ է գործարքը շահավետ եւ շահավե՞տ է արդյոք։ Արդյոք Ռուսաստանի նորօրյա խմբիշխանները մարմնավորո՞ւմ են հյուսիսային հարեւանի հանդեպ հայ հանրության զգացումները։ Այն արժե՞ տածել Անատոլի Չուբայսի հանդեպ, որն ընդամենը փորձում է կարգուկանոն հաստատել սեփական երկրում… ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ