ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ԳԴՀ Վերականգնման վարկային հաստատության (KFW) Եվրոպայի բաժնի պետ պարոն Մուցոժեկը «Փոքր եւ միջին մասնավոր ձեռնարկությունների աջակցության» ծրագրի շրջանակում ստորագրեցին 5, 112, 918, 81 եվրո գումարով ֆինանսավորման ծավալի ավելացման մասին համաձայնագիր։ Նույն ծրագրի համար, նույն աղբյուրից ՀՀ ԿԲ-ին մինչ օրս տրամադրվել է 14 մլն մարկ վարկ եւ 2,2 մլն մարկ դրամաշնորհ։ Երեկ ստորագրված համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 10 մլն մարկ։ Հետեւաբար, ծրագիրն ընդհանուր առմամբ կազմում է 24 մլն մարկ։ ԿԲ նախագահն ազդարարեց, որ «Ծրագրի նպատակը Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) վարկային միջոցներով ապահովելն է»։ Միջոցները ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրվում են չորս գործընկեր առեւտրային բանկերին՝ «Գյուղփոխօգնության բանկ», «Անելիք բանկ», «Հայագրոբանկ», «Էկոնոմբանկ», որոնք դրանք ուղղում են ՓՄՁ-ների վարկավորմանը։ Ըստ Տ. Սարգսյանի, խնդիր կա վերոնշյալ բանկերի ցանկն ընդլայնելու, ինչը կիրականացվի մրցույթով։ Ծրագրի դրամաշնորհային միջոցների շրջանակում իրականացվում է նաեւ բանկային աշխատակիցների ուսուցանում։ 2001 թ. վերջի դրությամբ, ծրագրի շրջանակնե րում ՓՄՁ-ներին տրամադրվել է մոտ 1500 մլն վարկ, որի արդյունքում, ըստ Տ. Սարգսյանի, ստեղծվել է 2000-ից ավելի աշխատատեղ։ Վարկերի չվերադարձման դեպքեր չեն գրանցվել։ Այս ամենից հետո հայկական եւ գերմանական կողմերի ներկայացուցիչներին մնում էր տարբեր գերադրական մակդիրներով գովերգել ծրագրերը եւ ստորագրող-իրականացնողներին՝ ինչը եւ արվեց։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ