Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԻՐ ԲՈՂՈՔԵԼՈՒ

Մարտ 13,2002 00:00

ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԻՐ ԲՈՂՈՔԵԼՈՒ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Դրոյի» գործով նախկին ամբաստանյալ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի այն պնդմանը, թե զուտ ձեւականորեն եք իրեն պաշտպանել՝ Վարդան Հարությունյանն այսպես պատասխանեց. «Այո, պարզվում է, որ նա դժգոհում է իմ պաշտպանությունից։ Պարզվում է, որ նա փորձել է ակնարկներով ինձ հասկացնել, որ իրեն ծեծել են, իսկ ես չեմ հասկացել։ Բռնությունների մասին հանրությունը կարող է իմանալ միայն բռնության ենթարկվածից։ Կամ բռնության ենթարկվածը այդ մասին պետք է ասի իր մոտ եկած իրավապաշտպանին, կամ էլ ինչ-որ ճանապարհով ինքը պիտի այն հրապարակի։ Հիմա, իմ այն հարցին՝ այստեղ քեզ բռնության ենթարկե՞լ են, թե՞ ոչ, եթե նա պատասխանել է՝ ոչ, ուրեմն ես այդպես էլ պետք է հասկանայի։ Հարկավոր է քաջություն ունենալ մեկուսարանում ասելու համար, որ քո՛ նկատմամբ բռնություն են գործադրում, ասել՝ իմանալով, որ իրավապաշտպանը հիմա կգնա, եւ դու կմնաս բռնություն գործադրողի հետ դեմառդեմ։ Օրինակ, այդ տղայի երկու գործընկերներն ինձ ասել են, որ իրենց նկատմամբ եղել է բռնություն, մեկին սպառնացել էին, որ կսրսկեն, եթե ցուցմունք չտա, եւ նա ցուցմունք էր տվել այդ սպառնալիքի ներքո, իսկ մյուսին ծեծել էին։ Ես ամեն ինչ արեցի, որ դա կանխվի եւ տեղեկացրի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Կան բոլոր հրապարակումները։ Մնացած բոլորն իմ այցելությունների ժամանակ որեւէ բողոք չեն ունեցել, այդ թվում նաեւ այդ տղան, որն ինձ պատասխանել է, թե «Խթը»-ում չեն ծեծում, դու հո գիտես», հույս ունենալով, որ բանտապահը կգնահատի իրեն։ Քաջություն ունենայիր եւ ասեիր, եթե իհարկե եղել է ինչ-որ բան։ Ես նույնիսկ «Հոկտեմբերի 27» -ի գործով առկա բռնությունների մասին ամենաբարձրաձայն ասողն եմ եղել, անկախ ամեն ինչից։ Էդ ի՞նչ մի դժվար բան էր ասելը 94-95 թթ., որ ի թիվս այլոց սա էլ է ենթարկվել բռնության։ Փառք Աստծո, որ մեր մեկուսարաններում եւ ազատազրկման վայրերում նման մարդիկ քիչ կան, հակառակ դեպքում այդ վայրերում կիրառվող անօրինականությունների մասին մենք ոչինչ չէինք իմանա»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել