Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ինձ չեն բռնում»

Մարտ 13,2002 00:00

«Ինչո՞ւ ինձ չեն բռնում» Հարցնում է Վազգեն Սարգսյանի մայրը, որն, ըստ ամենայնի, բաժանում է տարածված համոզումը «27»-ի վերաբերյալ։ Մեկին, որը հայտարարում էր, թե «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են՝ լռեցրին հին-հին մեղքերը հիշեցնելով ու քրեական գործ հարուցելով, երկրորդին՝ անընդհատ Զինդատախազություն հարցաքննությունների կանչելով, երրորդի, չորրորդի բերանը փակում են պիտակավորելով, թե ռեւանշիստ է, իշխանության է ձգտում, ՀՀՇ-ի պատվերն է կատարում եւ այլն։ Այն լրատվամիջոցներին, որոնք պնդում էին, թե «27»-ի զոհերի հիշատակը պղծելու եւ նրանց վարկաբեկելու քաղաքականություն է տարվում՝ մեղադրեցին, թե՝ անբարոյական շահարկումներ եք անում։ Կարդացեք Գրետա Սարգսյանի խոսքից այս հատվածները (ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» ամսագրի 2002 թ. մարտի համարում) եւ փորձեք գուշակել՝ Վազգեն Սարգսյանի մոր պարագայում վերոհիշյալ պիտակներից ո՞ր մեկն են ընտրելու, թե՞ մի նոր բան կհնարեն։ «Այսօր Շուշիի մասին ֆիլմ են նկարում ու Վազգենի անունը չեն տալիս։ Ոչինչ, ում արձանը Շուշիի կենտրոնում դրված է, նա էլ Շուշին գրավել է, թող անունը չտան… … Եթե ինքը չդառնար վարչապետ, էս ամեն ինչը չէր լինի։ … Ինքը հավատավոր մարդ էր։ Ավելորդ կասկածամտությամբ չէր տառապում, չէր ուզում շրջապատում թշնամիներ տեսնել։ Ինչ իմանար՝ իր ընկեր կարծածներն ինչ են անում իր թիկունքում։ 99-ի մարտին Քոչարյանի նախագահության մեկ տարին լրացավ, զանգեց, թե Սոֆի ջան (այդպես էր Վազգեն Սարգսյանն անվանում իր մորը.- Ա. Ի.), չենք ուզում ռեստորան գնանք, ուզում ենք տնական նստենք, ուրախանանք, հյուր կընդունե՞ս։ Երեքով եկան, դուդուկահար Ջիվան Գասպարյանն էլ հետները, ուրախացան, կերան-խմեցին, քեֆ արեցին, շնորհավորեցին։ Գնալիս էլ հանեցի շղթայով խաչ նվիրեցի էն երկուսին (Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին.- Ա. Ի.), ասեցի՝ խաչը ձեզ պահապան, առողջ եղեք, իմ բալիկի հետ միասին երկիրն առաջ տարեք։ Ի՞նչ իմանայի՝ նրանց հոգում ինչ կար… … Էդ մարդասպանը գալիս է սիրուն հագնված, սափրված, իր համար հուշեր ու ոտանավորներ է գրում, սա չի՞ նշանակում, որ առոք-փառոք պահում են։ … Դատավորն էլ մեղք է, ամոթ է, որ տղամարդն այդքան խեղճանա ու կամակատար դառնա։ Ինչի՞ էր հանձն առնում գործը, որ գիտեր՝ պիտի այդքան ճնշումներ գործադրեն։ Քանի էս ղեկավարությունն է, դատը էսպես շոու է մնալու, չի էլ ավարտվելու, ջուր են ծեծելու… Երկրում մահապատիժ են վերացնում, ինչո՞ւ։ Վազգենի ընկե՞րն է ասում՝ քանի ես կամ, մահապատիժ չի լինելու։ … Սկզբում մտածում էինք՝ դատ ու դատարան կա, կառավարություն կա, նախագահ կա, օրինականություն կա։ Մենք օրինապահ մարդիկ ենք, պետականություն ու օրենք հարգող մարդիկ ենք։ Իմ տղան էդպես էր սովորեցրել։ Արամի հանելն էլ հենց նպատակ ուներ, որ գործը չբացվի։ Եթե Արամն էնտեղ լիներ, լծակներ կունենար, իրենք չէին կարող էդ տականքներին այդքան օգնել՝ իրենց խոստումները կատարել։ Մինչեւ Արամի հանելը բավականին լավ էր, չեմ ասի, թե սկզբնական շրջանում գործը վատ էին տանում։ Մի ամիս էր անցել՝ ասում էին եւս երեք օր, գործն արդեն բացված է… … Որ էդ տականքն իմացավ՝ մահապատիժ չկա, ինքը ողջ է մնալու, ոչինչ չի ասի։ Ես նախագահին ասել եմ՝ վաղը-մյուս օրը բանտից կհանեք, փողերը կտաք ձեռքը, կուղարկեք արտասահման։ Որ հույս տված չլինեք, էդքան վստահ չի պահի իրեն։ Ասաց՝ «Վիրավորական բաներ եք ասում, տիկին Գրետա»։ Իսկ ես էս ամեն ինչից չե՞մ վիրավորվում… … Մուշեղ Սաղաթելյանն իր կարծիքն ասեց, բռնեցին։ Դե թող ապացուցեն, որ էդպես չի. ինչի՞ են բռնում։ Արտասահմանից համարս իմանում, զանգում են՝ նույնն են ասում՝ «անոնք են», հա «անոնք են, փան մը ըրեք։ Մանչուկն էլ գիտե, որ անոնք են»։ «Մենք ձեզնից Սպարապետ կուզենք»։ Մեկին տվեցի, գլուխը կերան, երկրորդին էլ տվեցի, ուրիշ ինչ անեմ։ Դե թող բոլորին բռնեն։ Բա ինչո՞ւ ինձ չեն բռնում։ Մուշեղին են բռնում։ Էդ մարդիկ իրենց կյանքն են դրել էս երկրի համար… … Ժապավեն կտրելուց բացի ոչինչ չես անում ու առավոտից իրիկուն նրանց սխալներից ես խոսում։ Էնքան խոսեցին, ժողովրդին էլ թշնամացրին»։ Սա է։ Հիմա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը վերջերս լրագրողներին հայտնել էր, թե մարտի 1-ին ձնծաղիկներ է ուղարկել տիկին Գրետային, ինչպես միշտ անում էր Վազգեն Սարգսյանը, կարող է նրա մորը եւս կանչել հարցաքննության եւ պարզել, թե ինչ հիմքեր ունեն իր հայտարարությունները։ Բայց առավել հետաքրքիր է՝ Վազգեն Սարգսյանին իրենց եղբայրն ու ընկերը կոչողները, որ նրա ծննդյան օրերին առավոտ կանուխ ու զինվորականներով շրջապատված են այցելում նրա գերեզմանին՝ ինչպե՞ս են շիտակ ու պարզ նայելու նրա մոր աչքերին եւ պատասխան տալու նրա բոլոր հարցերին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել