ՄԵՌԵԼԱԾԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Իշխող վարչախմբի կողմից ներկայացվող տնտեսական աճը, ինչպես եւ 98-ի իշխանափոխությունից հետո՝ նախագահական ու ԱԺ ընտրությունների նախաշեմին հիմնադրված այն կուսակցությունները, որոնք ընտրություններում քիթները ջարդելուց հետո կլռեն մինչեւ հաջորդ ընտրություններ՝ մեռելածին են: ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն լինելով հանդերձ հասկանալի պատճառներով որոշակի կշիռ ունի նաեւ ներքաղաքական կյանքում: Դա, թերեւս, այդ կազմակերպության ողբերգությունն է, որի համար նրանք «պարտական» են նախկին ու ներկա իշխանությունների էգոիստական նկրտումներին: Ու, քանի որ ԵԿՄ-ի դերը հաճախ ավելի մեծ է, քան առանձին քաղաքական ուժերինը, բնական պետք է համարել, որ ներկայիս իշխանությունները պետք է փորձեին «երկրապահներին» կամ իրենց կրոնն ընդունել տալ, կամ պարզապես, ջարդել նրանց ողնաշարը: Սա էր գերխնդիրը «27»-ից հետո՝ մանավանդ, որ ԵԿՄ-ն կուռ ու համախմբված կառույց էր՝ կանգնած իր նախագահի՝ Վազգեն Սարգսյանի, թիմի թիկունքին՝ դեմ հանդիման «27»-ի մեջ կասկածվող հայտնի դուետին: Ու քանի որ ԵԿՄ-ին ջարդելը հեշտ չէր լինելու, իշխանությունները գործի դրեցին իրենց հատուկ ու հարազատ մեթոդները՝ մասնատել, քանդել: Հենց այդպես եղավ, երբ ստեղծվեց ԱՎՄ-ն՝ իբրեւ ԵԿՄ-ի այլընտրանք: Կազմակերպության կոտորակման փուլերից մեկն էլ ԵԿՄ 4-րդ համագումարում «վառոդի շշերի» ու «չորացած արյան» մասին ճամարտակող Ա.Պետրոսյանի նախաձեռնությամբ «Արծիվ մահապարտների միության» ստեղծումն էր: Ու երբ մի պահ միահեծան իշխանությանը թվաց, թե իրեն հաջողվել է ԵԿՄ-ին թուլացնել, «հավատափոխ» անել, թավագլոր անկում ապրեց ԱՎՄ-ն: Դատելով ԵԿՄ-ին նոր այլընտրանքի՝ «Հատուկ գնդի վետերանների միության» /ՀԳՎՄ/ ստեղծման փաստից, պետք է արձանագրել, որ «երկրապահներն», իրենց ջախջախիչ մեծամասնությամբ, այնուամենայնիվ, չեն արդարացրել իշխանությունների հույսերն ու դեռ դիմադրում են: Մինչդեռ նորաթուխ կազմակերպության ստեղծմանը ոմանց արձագանքը հիացական էր՝ «Գագիկ Մելքոնյանը հին հաշիվներ ունի գեներալ Մանվելի հետ, վատ են հարաբերությունները նրա եւ ՊՆ մեկ այլ փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ»: Որսո՞ւմ եք տրամաբանության ընթացքը՝ եթե կազմակերպության նախագահը, որը շատերի պնդմամբ բարի համբավ ուներ՝ հատկապես քաղաքական խաղերից իրեն հեռու պահելու համար, ու դեմ է գեներալ Մանվելին՝ ուրեմն նրա գլխավորած կազմակերպությունը լավը կլինի: Թերեւս, այդպես են մտածել նաեւ ԵԿՄ այն անդամները, ովքեր հիացած չեն եղել գեներալ Մանվելի գործունեությամբ եւ համալրել են «Հատուկ գնդի վետերանների միությունը»: Ըստ էության, «Հատուկ գնդի» երբեմնի մարտիկները, ովքեր անվերապահորեն մեծ վաստակ ու ներդրում ունեն մեր երկրի սահմանների, Արցախի ու նրա բնակչության պաշտպանության հարցում, կամա թե ակամա խաղում են իշխող ռեժիմի՝ ընդդիմախոս ուժերին մասնատել-չեզոքացնելու խաղադաշտում: Փաստ է, որ այսօր շատերն են այդ կազմակերպության ստեղծումը գնահատում իբրեւ ԵԿՄ հերթական պառակտման փորձ, առավել եւս, որ ՀԳՎՄ-ի անդամների մի զգալի մասը եղել եւ, կարծես, շարունակում է մնալ ԵԿՄ-ում: Իհարկե, ԵԿՄ վարչության մի քանի անդամներ մեր զրույցի ընթացքում հարցն այդքան միանշանակ չդրեցին: Նրանց մի մասի գնահատմամբ, իրոք, ԵԿՄ-ն հերթական մասնատման շեմին է, որովհետեւ, եթե նույնիսկ մեկ երկրապահ էլ լքի կազմակերպությունը՝ կորուստ է. ընկերոջ, զինակցի: Մյուսները համաձայն չեն այդ կարծիքին ու փաստում են նոր կազմակերպության տղաների «երկրապահ» մնալու հանգամանքը: Խոսքն, ըստ նրանց, այսպես ասած, ԵԿՄ քույր կառույցի ստեղծման մասին է, որի անհրաժեշտությունը թեեւ չկար, բայց գոյությունն էլ ողբերգություն չէ: ԵԿՄ վարչությունում այդ ամենին հանգիստ են վերաբերվում՝ բացառելով «Երկրապահի» պառակտման միտումներն ու «Հատուկ գնդի» իրենց ընկերների նման դիտավորությունը: «Կազմակերպության համագումարին մասնակցել են մեր երկրապահ տղաները, որոնք այդ նախաձեռնությունից առաջ մեզ տեղյակ են պահել ու հարցրել մեր կարծիքը: Նրանք Վ.Սարգսյանին անվերապահորեն նվիրված մարդիկ են, ովքեր երբեք դեմ չեն գնա իրենց զինակիցներին եւ ԵԿՄ-ին»,- վստահեցրեց ԵԿՄ վարչության անդամներից մեկը: Իհարկե, երեկ խմբագրություն զանգած գնդապետ Չիբուխչյանը, որ ներկայացավ իբրեւ ՀԳՎՄ Հանրապետական խորհրդի անդամ, պնդում էր, թե գնդի տղաները երբեք ԵԿՄ անդամներ չեն եղել, իսկ կազմակերպության ղեկավար մարմնում եղած 50 հոգուց հազիվ 4-5-ն են «երկրապահներ»: ԵԿՄ-ից պարզեցինք, որ դա, մեղմ ասած, ճիշտ չէ: Ավելին, պրն Չիբուխչյանն էլ ԵԿՄ անդամ, գոնե, եղել է: Այլ խնդիր է, եթե նա իրեն այդ կազմակերպությունից այլեւս դուրս է համարում: Այն, որ ԵԿՄ-ի պառակտման մասին խոսելը ժամանակավրեպ է, թերեւս, փաստում է այն հանգամանքը, որ «Հատուկ գնդի» անդամներից շատերը նախընտրել են միաժամանակ մնալ նաեւ ԵԿՄ անդամներ, իսկ նոր կազմակերպության նախագահ Գագիկ Մելքոնյանը՝ նաեւ ԵԿՄ վարչության ներկայացուցիչ է: Ասել է թե, ԵԿՄ-ն նրանց համար, այսպես կոչված, «պահեստային» տարբերակ է, որի հետ կամուրջներ այրելը, հավանաբար, խելամիտ քայլ չի համարվում: Եթե մտավախություն կար՝ ինչո՞ւ էր պետք ստեղծել «Հատուկ գնդի վետերանների միությունը»: ԵԿՄ-ի «մշակմանը» զուգահեռ իշխանությունները միաժամանակ գործի են դրել, ասենք, «պլան Բ»-ն, որի կիրառման համար իբրեւ կարեւոր նախապայման, ինչպես միշտ, դարձել են առանձին անհատների անձնական հավակնություններն ու անլիարժեքության բարդույթները: Կան, չէ՞, մարդիկ, ովքեր կարծում են, թե մի կլոր կնիք ունենալն ու բանկային հաշիվ բացելն ինքնին շահութաբեր «բիզնեսի» սկիզբ կարող է լինել, իսկ իրենք ումի՞ց են պակաս, առավել եւս, որ իշխանությունները խրախուսում են ու մեջքներին կանգնած են: Եթե կանգնած են այնպես, ինչպես ԱՎՄ-ի թիկունքին էին՝ մեզ մնում է միայն ցավակցել մոլորյալներին, թեեւ չի բացառվում, որ ՀԳՎՄ-ի շարքային անդամները չեն էլ ենթադրում, որ ակամա խաղի մեջ են ներքաշված: Նրանցից ոչ ոք վատ բան չի տեսել մարտական ուղի անցած այդ գնդի անունով կազմակերպություն ստեղծելու մեջ, առավել եւս, որ դրա հետ մի ամբողջ կյանք է ապրել: Այդ մասին մտածում են այնտեղ՝ վերեւներում: Անշուշտ, հասարակական այդօրինակ կազմակերպությունների շարքում ԵԿՄ-ն ամենաամուրն ու կազմակերպվածն է, բայց, որ այդ նոր «փուչիկներին» կփորձեն օգտագործել առաջիկա ընտրություններում Ռ.Քոչարյանի համար ֆոն ստեղծելու ու նրա թեկնածությունը պաշտպանող հասարակական ու քաղաքական կազմակերպությունների «գլխաքանակը» համալրելու հարցում՝ գրեթե կասկած չի հարուցում: ԵԿՄ վարչության անդամներից մի քանիսը պնդեցին, թե «Հատուկ գնդի» տղաները դրան երբեք չեն գնա: Որ նրանք էլ առժամանակ անց վերադառնալու են ի շրջանս յուր՝ ենթադրելի է: Առավել եւս, որ ՀԳՎՄ-ն մեռելածին է. չի կարող կենսունակ մարմին կամ գործոն լինել ճիշտ այնպես, ինչպես չեղան «Ազատամարտի վետերանների միությունն» ու «Արծիվ մահապարտները», կամ նորացված «ՀԱԲ»-ը: Դրանք առավելագույնը կարող են հավակնել ընդամենը ԵԿՄ-ն փոշիացնողի ու Քոչարյանի համար աուրա ստեղծողի իրենց ի վերուստ վերապահված «համեստ» դերին: Իսկ երկիրը պաշտպանած ու ազնիվ մարդկանց համար դա պարզապես խարակիրի է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ