«ՍԱ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԳՈՐԾ Է» Մուշեղ Սաղաթելյանի այսօր սկսվող դատավարությունն էր իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ զրույցի առիթը։ – Մի առիթով զարմանք էիք հայտնել, թե ինչ աստիճանի սարքված է Մուշեղ Սաղաթելյանի գործը, որի համար արժանացաք խիստ քննադատության։ Շարունակելո՞ւ եք պնդել, որ նրա մեղադրանքները սարքովի են, թե՞ որոշակի նպատակահարմարությունից ելնելով՝ ուղղակի ի մի են բերվել տարբեր տարիներին իրոք գործված զանցանքները։ – Չեմ կարծում, թե արժանացել եմ խիստ քննադատության։ Ես ուղղակի ենթարկվեցի բո՛ւթ քննադատության։ Հայհոյանքներ էին, որոնց, բնական է, չեմ անդրադառնա։ Եթե նախկինում այս բառը թյուրիմացաբար չէի օգտագործել՝ այժմ կարող եմ որոշակիացնել, որ Մուշեղ Սաղաթելյանի գործը պատվիրված է։ Մեր մեկուսարաններում մարդկանց խոշտանգե՞լ են, թե՞ ոչ։ Մարդիկ սպանվե՞լ են, թե՞ չեն սպանվել։ Իհարկե, միշտ էլ դա եղել է՝ ե՛ւ Մուշեղ Սաղաթելյանից առաջ, ե՛ւ նրա օրոք, ե՛ւ այժմ, ե՛ւ էլի է լինելու, ցավոք սրտի։ Ու բոլոր նրանք, ովքեր եղել են այդ համակարգում (այդ թվում եւ՝ Մուշեղ Սաղաթելյանը), իհարկե, պատասխանատու են այդ ամենի համար։ Բայց երբ որ ողջ այդ շղթայի միջից քաղաքական նկատառումներով դուրս են բերում միայն Մուշեղ Սաղաթելյանին՝ խոսք կարող է լինել միայն պատվիրված գործի մասին։ Եվ ինչքան էլ քննադատները փորձեն դա անտեսել՝ զռռալու է, որ սա պատվիրված է։ Եվ այն մարդկանց, ում ծեծել են մեկուսարանում, եթե հարկ լինի՝ կծեծեն վաղվա մեկուսարանում նույնպես։ Ուղղակի Մուշեղ Սաղաթելյանի ինչ-որ արտահայտություն կամ միտք ինչ-որ մեկին դուր չի եկել՝ վրիժառության ծարավին հագուրդ տալու համար հարկավոր է նրան պատժել, եւ պատժում են։ Իմ կարծիքով, Մուշեղ Սաղաթելյանի գործը մեծ խոչընդոտ է հանդիսանալու, որպեսզի այդ համակարգում իրականացվեն շտկումներ, դրական տեղաշարժեր։ Քանի որ, երբ ողջ համակարգից մի բան դուրս ես քաշում՝ շղթան կտրվում է։ Չէր կարելի կալանավայրերում առկա խոշտանգումներին անդրադառնալ այս ձեւով, այս որակով, այս կարգով։ Սա ուղղակի հեգնանք է այս խնդրի նկատմամբ, քանզի այն ջրի երես հանելու, բացառելու համար ավելի մեծ աշխատանք էր պահանջվում։ – Սակայն ընդդիմախոսները մեկ այլ հակափաստարկ կարող են ներկայացնել, որ այս գործը կարող է դաս դառնալ բռնություն կիրառողների համար, թե անկախ վաղեմության ժամկետից՝ իրենց մի օր կարող են պատասխանատվության կանչել։ – Հասկանալի փաստարկ է, բայց նման բան կարող են ասել միայն մի դեպքում. եթե այդ համակարգում անցնում են խոշտանգողներին պատժելու գործողությունների, ապա պետք է պատժվեն բոլորը։ Իսկ երբ ընտրողաբար են մոտենում՝ զուտ իրենց շահերից ելնելով, սա ապացուցում է, որ նրանք նրա օրոք եղած կամ չեղած, իրականացված կամ չիրականացված խոշտանգումների համար չէ, որ պատժում են Մուշեղ Սաղաթելյանին։ Նրան պատժում են լրիվ այլ պատճառով, եւ խոշտանգումները պատրվակ են ընդամենը։ Իսկ ցուցաբերված ընտրողական մոտեցման պարագայում, երբ անդրադառնում են ոչ ընդհանրապես խոշտանգումներին՝ որպես երեւույթի, այլ Մուշեղ Սաղաթելյանի անձին՝ դրանով նա ոչ մեկի համար իբրեւ օրինակ չի ծառայի։ Բազմաթիվ են կաշառակերության համար դատվողները, բայց այդ համակարգում շարունակում է ծաղկել կաշառակերությունը։ Համակարգն է պետք բուժել, այլապես մնացածն իրոք հեգնանք է։ Կալանավայրերի ոլորտում աշխատող ցանկացած մեկի կարելի էր առաջադրել նման մեղադրանքներ։ Եթե ոչ անձամբ իրենք, ապա իրենց օրոք կամ իրենց ենթականերն անպայման առնչություն կունենան խոշտանգումների։ – Դուք պնդում եք, թե ուրիշները չեն պատժվում։ Բայց չէ՞ որ Մուշեղ Սաղաթելյանից բացի, քրեական գործի մասեր էին առանձնացվել անգամ մահացած մարդկանց՝ Արծրուն Մարգարյանի, Մովսես Գեղանգուլյանի եւ վերջապես՝ Վազգեն Սարգսյանի վերաբերյալ։ – Չեմ ուզում այս թեմային անդրադառնալ, մի պատճառով՝ մահացածների դեմ պատերազմ հայտարարողները միշտ պարտվում են։ Ուրեմն, պարտված մարդիկ են սրանք արդեն։ – Ձեր կարծիքով, արդյոք կանխորոշվա՞ծ է այսօր սկսվելիք դատավարության ելքը, եւ չե՞ն սպասվում անակնկալներ։ – Ոչ, անակնկալներ կլինեն։ Նայած, թե իշխանություններն ինչ տրամադրվածություն կունենան։ Ասենք, տրամադրված կլինե՞ն Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը ձգել մի 4 տարի, թե՞ կցանկանան նրան շատ արագ ուղարկել գաղութ։ Իսկ գուցե եւ նրան բաց թողնեն ու ասեն՝ տեսեք, մենք ինչ լավն ենք։ Այսինքն, այս ամենը պայմանավորված է ոչ թե օրենքներով կամ օբյեկտիվ իրականությամբ, այլ շատ սուբյեկտիվ ու պարզ հանգամանքներով։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ