ՈՎ՝ ԻՆՉ ԱՐԺԵ Արժեք ասելով մենք առաջին հերթին երեւի հասկանում ենք փող։ Այդ է թերեւս պատճառը, որ մեր մեծերին մենք մեծարում ենք նրանց նկարները թղթադրամների վրա պատկերելով։ Չգիտեմ՝ ուրիշներն ինչպես, բայց ես ամեն անգամ, երբ ձեռքս 1000 դրամ է լինում, երկար նայում եմ Չարենցի նկարին, հետո սթափվելով հիշում, որ ձեռքիս ընդամենը նյութական արժեք է, պետք է ձեռքից ձեռք անցնի, այն պետք է մանրեն կամ էլ դարձնեն դոլար։ Իսկ այս գնահատման ձեւը նույնիսկ մի փոքր նման է գնահատականի։ Արամ Խաչատրյանի գինը 50 դրամով ենք գնահատել, Վիկտոր Համբարձումյանին՝ 100 դրամով, դե՜, իսկ Չարենցին կարելի է մի փոքր ավելի բարձր գնահատել՝ 1000 դրամ։ Թումանյանն ու Սարյանն էլ արժեն, որ իրենց 5 ու 20 հազար դրամներով գնահատենք։ Հետաքրքիր է, իսկ Նարեկացի՞ն որքան արժե։ Գուցե պետք է 100 հազարանոց դրա՞մ ստեղծել… ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ Հ. Գ. Փոքրիկ հիշեցում՝ մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն է։ ՀԱՃԵԼԻ ՕՐ Մարտի 8-ին կանանց հաճելի անակնկալ էին նախապատրաստել «Հաղթանակ» զբոսայգում։ Այդ օրը բոլոր ատրակցիոն խաղերն ու կարուսելներն իգական սեռի համար գործում էին անվճար։ Կազմակերպվել էր նաեւ մեծ շոու-ծրագիր՝ թատերական զվարճալի խաղեր, պարեր, դիսկոտեկ, որոնց հաճույքով մասնակցեցին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Ուշ երեկոյան օրն ավարտվեց տոնական հրավառությամբ։ ՔՐԻՍՏԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Երեւանի մենեջմենթի համալսարան