Ինչպե՞ս 21-րդ դարը կարող է լինել մերը… Մարտի 9-ին Գրողների միության տանը տեղի ունեցավ Ալեքսանդր Արորդու (Վարպետյան) «Էականք» գիրք-ծրագրի շնորհանդեսը։ Ազգային իմաստության տաճարը (հիմնադիր՝ Ալ. Վարպետյան) ոգեգաղափարական իր 11-ամյա հետազոտություններից ու դրանց տարածումից հետո վերաճել է «Էականք» միաբանության եւ «Ազգ եւ նոր հազարամյակ» դարակազմիկ այս նախածրագրով նպատակ ունի կենսագործել իր տեսական ձեռքբերումները։ Այս ծրագիրը անցյալ դարի 80-ական թթ. սփյուռքում սկզբնավորված «Հարատեւման ուխտ» նախաձեռնության հետեւողական զարգացումն է։ «Հարատեւման ուխտը» 1990թ. հաստատվեց հայրենիքում՝ ձեռք բերելով մի խումբ համակիրներ՝ Տ. Մանսուրյան, Ա. Տերտերյան, Գ. Էմին, Ս. Կապուտիկյան, Գր. Խանջյան, Հ. Սահյան եւ այլք։ Ալ. Վարպետյանը նշեց, որ միաբանության նպատակն է դուրս բերել ազգը ներկայիս մահացման վիճակից՝ նախ եւ առաջ բուժելով, հզորացնելով եւ հավաքագրելով ազգի հոգեւոր ներուժը։ Նա մի քանի անգամ կրկնեց, որ միաբանությունը վերքաղաքական է, վերկուսակցական, վերաղանդավորական եւ որ իրենց նպատակն է ծառայել եւ օգնել հայրենիքին։ Զեկույցներով հանդես եկան Զարիկ Գրիգորյանը, Վազգեն Ղազարյանը եւ այլք։ Ուշագրավ էր ֆրանսահայ Սարգիս Հացպանյանի ելույթը (10 տարուց ավելի է՝ մշտական բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղում)։ Հացպանյանը հավատացրեց, որ սփյուռքը մահացած է եւ ապրում է միայն անցյալի հուշերով, որ կրկնում է՝ Ալաշկերտ եւ Վան, սակայն երբեք չասաց՝ Մարտակերտ կամ Զանգեզուր։ Հայության կենտրոնը Հայաստանն է, եւ մենք պետք է ուղեցույց լինենք սփյուռքի համար։ Սփյուռքահայերը «բերանները բաց» սպասում են, թե ԱՄՆ-ի նախագահը ապրիլ 24-յան իր խոսքում կօգտագործի՞ ցեղասպանություն բառը. կարծես նրա ճանաչել-չճանաչելուց է կախված եւ իրենց ճանաչել-չճանաչելը։ Փաստվեց, որ Ալ. Վարպետյանը չունի ՀՀ անձնագիր։ Ընթերցվեց նախագահին ուղղված մի նամակ, որում մասնավորապես ասվում է, որ մերժել են երկարաձգել էաբան, ազգաբան Ալ. Վարպետյանի սովորական կացությունը ՀՀ-ում, եւ սույն փաստը արատավորում է մեր պետությանը։ Վերջում հավաքվեցին ստորագրություններ, որոնք կցվեցին սույն նամակին։ Ինքը՝ Վարպետյանը, նշեց, որ ինչ-ինչ մութ ուժեր եւ անձինք ցանկանում են հեռացնել իրեն, քանի որ ինքը չափազանց շատ բան գիտի։ Հավաքի նպատակը ոչ միայն «Էականք» գրքի շնորհանդեսն էր, այլեւ միաբանության համար կուսակիցներ եւ համակիրներ ձեռք բերելու միտումը։ ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ