Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 12,2002 00:00

ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ ՄԱՐՏԻ 8-ին Մարտի 8-ը՝ կանանց միջազգային տոնը, ՄԱԿ-ի աշխատակիցները որոշել էին նշել ծառատունկով, որը կազմակերպել էր «Պարենի համաշխարհային ծրագիրը»։ Ծառատունկի վայր էր ընտրվել Դավիթաշենի երկրորդ թաղամասում գտնվող մերկ սաալանջը, որը քաղաքապետարանի որոշմամբ հետագայում կկոչվի «ՄԱԿ-ի պուրակ» եւ հավանաբար ՄԱԿ-ն էլ կհետեւի դրա պահպանմանը։ Այգում պետք է տնկվեն Վանաձորից բերված 100 տնկիներ՝ խնձորենի, տանձենի, Հյուսիսային Ամերիկայից բերված կարմիր կաղնի, սոճենի, բարդի եւ այլն։ Ծառատունկին մասնակցում էին ՄԱԿ-ի աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները։ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության պետ Վալերի Տկաչուկը բոլոր կանանց շնորհավորելուց հետո նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 10 տարին եւ արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ի անդամները աշխատում են այստեղ։ Նա հույս հայտնեց, որ եւս 10 տարի հետո, երբ Հայաստանը կնշի ՄԱԿ-ի անդամակցության 20 տարին, այս այգին Երեւանի ամենագեղեցիկ այգիներից մեկը կլինի։ ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագիրը» գործում է 1995-ից։ Շուրջ 2,5 մլն տնկի է տնկվել ամբողջ Հայաստանում։ Ընդ որում, ծրագիրը իրականացնելու նպատակով հիմնել են չորս տնկարաններ։ Հայաստանի տարածքում կանաչապատվել է 400 հեկտար տարածք, սակայն 2000թ. երաշտի պատճառով պահպանվել է 290 հեկտարը։ Այս ծրագրի մեջ է մտնում նաեւ «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը, ըստ որի, մարդիկ 8 ժամ աշխատելուց հետո ստանում են հացահատիկ, շաքարավազ, բուսական յուղ եւ այլ սննդամթերք։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ ՄԱՆՐՈՒՔ Է, ԲԱՅՑ ՀԱՃԵԼԻ Է Մարտի 8-ին կանանց տոնը յուրահատուկ ձեւով էին նշում «51» երթուղային տաքսիների վարորդները՝ ժ. 7:00-15:30 գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից ուղեվարձ չվերցնելով: Հաճելին այն էր, որ դա արվում էր ոչ թե քաղաքապետարանի թելադրանքով, այլ վարորդների նախաձեռնությամբ: ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ VI զանգվածի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել