ՀՖՖ-Ի ՀՐԱՄԱՆԸ ՉԿԱՏԱՐՎԵՑ Թիվ մեկ մարզաձեւի հայաստանյան ղեկավարները, մասնագետների ճնշող մեծամասնությունը ամիսներ շարունակ գրեթե համոզված այն հույսն էին հայտնում, թե մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը կարող է պատմական դառնալ հայկական ֆուտբոլում։ Ու նրանց հույսերն անհիմն չէին։ Նախ, 9-րդ խմբի թիմերը հանդես էին գալու Հայաստանում։ Իսկ ֆուտբոլում չգրված օրենքներից մեկն ասում է, թե տանը պատերն էլ են օգնում։ Ապա մեր թիմի մրցակիցներն էլ ֆուտբոլային երկրի համբավ ունեցողներից չէին։ Նկատի ունենք նախ եւ առաջ Մալթան։ Այնպես որ, խմբում առաջին տեղ գրավելն ու պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճելը միանգամայն իրատեսական էր։ Իսկ եթե նկատի ունենանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախապատրաստական փուլում մեր պատանեկան հավաքականի համար արել էր հնարավոր ամեն բան (այս մասին պաշտոնապես բազմիցս է հայտարարվել), որպեսզի թիմն արժանվույն մարզվի ու ներկայանա պատասխանատու հանդիպումներին, ապա 9-րդ խմբում անպայման հաղթելու՝ ՀՖՖ-ի առաջադրանքը բնական էր։ Սակայն, ինչպես պարզվեց հենց մեկնարկային հանդիպումում, մեր «կորյունները» ի վիճակի չեն արդարացնելու հույսերը։ 0։1 հաշվով պարտություն կրելով Մալթայի իրենց հասակակիցներից՝ հայ պատանիները գործնականում զրոյի հավասարեցրին Դանիա մեկնելու իրենց ընձեռված բացառիկ հնարավորությունը։ Սակայն ամեն բան դեռ վերջնականապես կորսված չէր։ Ստեղծված կացությունից ելքի միակ ուղին երկրորդ՝ վճռորոշ խաղում Մոլդովային երկու գնդակի առավելությամբ հաղթելն էր, մի բան, որ միանշանակորեն հայ պատանի ֆուտբոլիստների ուժերից վեր չէր։ Բայց Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրի խաղադաշտում իրադարձությունները հակառակ ուղղությամբ զարգացան։ Մոլդովացիները, որ մինչ այդ 2։0 հաշվով առավելության էին հասել Մալթայի նկատմամբ, մեր թիմի հետ հանդիպման առաջին խաղակեսում արդեն ըստ էության միակ ուղեգրի ճակատագիրը վճռեցին իրենց օգտին՝ երեք րոպեում երկու անգամ հարկադրելով մեր հավաքականին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Ճիշտ է, դրանից հետո մինչեւ խաղավարտը դաշտի տերերը իրավիճակը փրկելու անհույս ջանքեր գործադրեցին, սակայն առավելագույնը, որ նրանք կարողացան անել, վերջին րոպեներին «սփոփանքի» գոլ խփելն էր։ Այս անգամ էլ ամոթալի պարտություն կրելով (1։2)՝ Հայաստանի պատանեկան հավաքականը 9-րդ խմբի մրցաշարային աղյուսակում զրո միավորով գրավեց վերջից առաջին տեղը։ Կարծում ենք, որ ՀՖՖ-ում լրջորեն կքննարկեն ձախողման պատճառներն ու խիստ հետեւություններ կանեն։ Ս-17, Եվրոպայի առաջնություն, 9-րդ խումբ Ամփոփիչ աղյուսակ Մոլդովա 2 2 0 0 4-1 6 Մալթա 2 1 0 1 1-2 3 Հայաստան 2 0 0 2 1-3 0 Ա. ՀԱԿՈԲՅԱՆ