Համարձակվում եմ հարցնել… Մարտի 8-ին Ազգային հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրը հայտնեց, որ Կանանց խորհուրդը մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարել է հայ կանանց ինքնագիտակցության զարգացման ամիս։ Այ քեզ հանճարեղ միտք։ Ես չգիտեմ՝ իրականում ինչպիսի՞ ձեւակերպում ունի այս գաղափարը, բայց հավատալով պաշտոնական լրատվությանը, չկարողացա չարձագանքել։ Տարիներ առաջ բացարձակապես անհասկանալի պատճառով տոներից հանվեց մարտի 8֊ը։ Մոգոնեցին ապրիլի 7։ Սակայն սովորության ուժով, հավանաբար նաեւ տրամաբանության բացակայության պատճառով ժողովրդի մեջ տոնը պահպանվեց։ Մեր իմաստուն քաղաքական այրերը տեսնելով, որ ապրիլի 7-ին էլ մարտի 8 են շնորհավորում, նաեւ երեւի հասկանալով, որ տոնը սովետական կարգերի հետ ոնց որ թե կապ չուներ, վերականգնեցին մարտի 8-ը։ Ապրիլի 7-ը մնաց օդում։ Եվ մեր իմաստուն կանայք հնարեցին միամսյակ կոչված զառանցանքը, որին հիմա փորձում են անհեթեթ որակավորումներ տալ։ Եվ քանի որ այդ «ինքնագիտակցության զարգացման միամսյակի» չտեսնված սրամտությունից ուղղակի ապշած եմ՝ համարձակվում եմ հարցնել։ Տեսնես հոգսերով, անքանակ մտահոգություններով ծանրաբեռ մեր կյանքում ո՞ւմ ուղեղն է երեւակայել, որ մեր կանայք անգիտակից կոտորվում են։ Այն դաժան մութուլույսի տարիներին այդ ո՞ր ազգի կանայք էին խելքները գլուխները հավաքած, պրկված նյարդերով, զուսպ հեծկլտոցով, աննորմալ պայմաններում երեխա ծնում, ճաշ եփում, լվացք անում, խմորեղեն թխում։ Այսինքն՝ ապրում ու ապրեցնում։ Այդ ո՞ր ազգի կանայք են մոռացած իրենց կին լինելը, մեր պատմության դասն ու իմաստնությունը շալակած՝ վառարան վառում, ցախ կրում, արկղեր տեղափոխում, ցրտին ու սառնամանիքին փողոցում առեւտուր անում, առանց աշխատավարձի ուսուցչություն անում, որ ապրեն ու ապրեցնեն։ Այդ ո՞ր ազգի կանայք են, որ այս տասը երկար ու ձիգ, անհավատ ու անհույս տարիներին սատար եղան իրենց տանը նստած ու խեղճացած ամուսիններին, որ ապրեն ու ապրեցնեն։ Այդ ո՞ր ազգի կանանց ինքնագիտակցությունը տեղում չի։ Դուք արտասահմանյան ֆիլմեր չե՞ք նայում, որտեղ մեզ համար ծիծաղելի դժվարությունների հանդիպած, խնամված կանայք վազում են հոգեբանների մոտ։ Մեր ազգը տառապած, հոգնած հայացքով, տանջված ձեռքերով քանի՞ կին հոգեբույժ ունի։ Ի՞նչ անեին մեր խեղճ կանայք, որ գիտակից երեւային։ Կենցաղային անհամար դժվարություններից հիստերիկությու՞ն անեին. ազգի ուժը հավաստող կռվում զոհված որդու ցավից ցնորվեի՞ն. նոր, անհեթեթ ու դաժան կյանքին հարմարվելու ճանապարհին խենթանայի՞ն։ Գիտակից են, երբ չե՞ն դիմանում։ Բայց դիմանալը ամենեւին էլ թուլությունից չէ, չհասկանալուց չէ։ Մեր կանանց դիմանալը նախ ապրելու ու իրենց հետ իրենց հարազատներին ապրեցնելու գիտակցություն է, ուժերի լարում, հավատի տարբերակ, ազգի գոյատեւման երաշխիք։ Այդ ո՞նց եք որոշել մեր կանանց ինքնագիտակցությունը բարձրացնել։ Ձեզ ի՞նչ է թվում՝ չենք հասկանում, որ ծանր ենք ապրում, որ կանացի կերպարից հեռացել ենք, որ ժամանակից շուտ ծերանում ենք, որ տղամարդիկ կամ զզվանքի չափ հղփացել են, կամ տիրելու աստիճան խեղճացել… Սա չի՞ մեր կյանքը։ Եթե անգամ չենք գիտակցում, որ գիտակցենք ի՞նչ ենք անելու. ու՞մ գլուխն ենք ջարդելու մեր չստացված կյանքի համար։ Հակառակ դեպքում ո՞նց կլինի ինքնագիտակցվենք ու սուսուփուս նստենք տեղներս։ Դժվար թե կարողանաք խորհուրդ տալ։ Ուրեմն մի փորձեք անկապ գաղափարներ տարածել, որովհետեւ մեր ազգի համար այս իրականության մեջ ու այս կյանքում գիտակցության մեր տարբերակը փորձված է, վստահելի ու գտնված։ ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ անդամ Հ.Գ. Նույն «Հայլուրը» ցույց տվեց քրոջ որբերի համար պարտքի գիտակցությունից, ջրհոր փորող մի կնոջ։ Դաժան տեսարան էր։ Փորձեք այդ կնոջը օգնել։