Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ

Մարտ 12,2002 00:00

ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ Եվ այսպես, «21-րդ դար» ժողովրդավարական-ազգային կուսակցությունը որոշում ընդունեց ՀՀՇ-ի հետ միավորվելու մասին: Ենթադրելի է, որ ազատական ընդդիմությունը ներկայացնող մնացած ուժերը ՀՀՇ-ի մեջ չեն տարրալուծվի, բայց կփորձեն ստեղծել սերտաճման այս կամ այն աստիճանի դաշինք: Հասկանալի է նաեւ` եթե բոլոր, պայմանականորեն ասած, «ՀՀՇ-ամետ» ուժերը միավորվեն նման դաշինքում, ապա Քոչարյանին համակրող եւ իրենց նույնպես լիբերալ համարող ուժերը /ռամկավարները, Հայրիկյանը, «Արժանապատիվ ապագան» եւ այլք՝ գումարած ողջ քոչարյանական քարոզչությունը/ դրան կհակադարձեն հետեւյալը. «Նրանք ոչ մի լիբերալ էլ չեն, նրանք ՀՀՇ-ականներ են, ռեւանշիստներ են, մազութ լափողներ եւ մարդասպաններ»: Այսպիսով, հասարակական կարծիքում կվերահաստատվի այն տեսակետը, որ լիբերալները կա՛մ այսօրվա պալատական պնակալեզներն են, կա՛մ երեկվա «մթի եւ ցրտի» պատասխանատուները: Այդ հանգամանքը եւս մեկ, այսպես ասած, «տեղական-սուբյեկտիվ» գործոն է, որը վարկաբեկում է լիբերալ արժեքները: Սակայն եթե նույնիսկ հիշյալ հանգամանքը չլիներ, միեւնույն է՝ ազատական գաղափարներ քարոզելը օբյեկտիվորեն շատ դժվար գործ է: Մանավանդ՝ սոցիալական ծանրագույն խնդիրներ ունեցող երկրում: Պատմում են, որ վերջերս ՀՀ շատ բարձրաստիճան մի պաշտոնյա պատահաբար թեքվեց մայրուղուց եւ որոշ ժամանակ անցկացրեց մեր թշվառ գյուղերից մեկում: Հրաժեշտ տալիս իր գրպանից հանեց 500 դոլար եւ տվեց տանտերերին: Վերջիններիս արձագանքն էր. «Դու մեր Լենինն ես, դու նոր Ստալինն ես, Ստալինից էլ լավն ես»: Փորձեք այդ մարդկանց բացատրել շուկայական հարաբերությունների եւ ազատ մրցակցության առավելությունները: Ավելի շահավետ չէ՞ ասել նրանց՝ «ձեր թշվառության պատճառը ՀՀՇ-ն է, կորչի՛ մասնավոր սեփականությունը, կորչի՛ անհատական նախաձեռնությունը, կորչե՛ն թալանչիները», բաժանել 10-ական դոլար եւ խնդրել քվեարկել Քոչարյանի, դաշնակցականների, ռամկավարների, հանրապետականների կամ /մեծամասնականով/ Տրամվի կրուգի Սերոժի օգտին: Գուցե Լենին-Ստալինով ապրող թշվառ գյուղացիների պատմությունը չափազանցություն է: Բայց անհերքելի է, որ մեզանից գրեթե յուրաքանչյուրի մեջ խորապես արմատավորված է այն համոզմունքը, որ պետությունը /եւ հաճախ՝ նրա հետ նույնացվող իշխանավորները/ պարզապես պարտավոր են մեզ պահել ու խնամել: Այսօրվա իշխանությունը եւ նրան սատարող կուսակցությունները որոշել են տուրք տալ հենց այդ համոզմունքին: Թե որքանով է ի վերջո ճիշտ նրանց հաշվարկը, դժվար է ասել: Սակայն այսօր առաջին հայացքից թվում է, թե նման մարտավարությունն ունի որոշ առավելություններ. նախ՝ հակալիբերալ կեցվածքը առայժմ բերում է որոշ քարոզչական դիվիդենտներ՝ մասնավորապես, այդ տեսանկյունից շատ հարմար է փնովել «նախկիններին»: Երկրորդ՝ ընդհանուր առմամբ ավելի հեշտ է քաղաքականության մեջ հիմնվել զանգվածի ազգային եւ սոցիալական ստորին բնազդների վրա, քան կոչ անել անհատին սեփական ձեռքերով կերտել իր եւ իր ընտանիքի բարեկեցությունը: Այսպես թե այնպես, նկարագրված իրավիճակի հետեւանքն այն է, որ այսօրվա Հայաստանում բոլոր իշխանամետ ուժերը /անկախ նրանից, ինչպես են իրենք իրենց անվանում/ իրականում պատկանում են ազգայնական-սոցիալիստական թեւին: Ազատական ընդդիմության համար դա ունի իր բացասական դրսեւորումները /որոնց մասին ասվել է/, բայց կարող է բացել նաեւ դրական հեռանկարներ: Բանն այն է, որ վերջին տասը տարում Հայաստանում, այնուամենայնիվ, ձեւավորվել է մասնավոր սեփականության ինստիտուտը: Այդ ճանապարհին կատարվել են բազմաթիվ մեծ ու փոքր սխալներ, սակայն այսօր դրանց ուսումնասիրությունն ունի զուտ ակադեմիական նշանակություն: Կարեւորն արդյունքն է. այժմ կա մարդկանց շերտ, որոնք ինչ-որ բանի տեր են, սկսած փոքր կրպակից, վերջացրած հսկայական գործարանով: Այդ շերտն այսօր թեեւ փոքր է, բայց բավականին ակտիվ, որովհետեւ կորցնելու բան ունի: Այդ մարդիկ պետությունից ոչ թե խնամք ու հովանավորություն են պահանջում /պալատական բիզնեսմեններին մի կողմ թողնենք/, այլ խաղի հստակ ու միատեսակ կանոններ: Իդեալական դեպքում նրանց շփումը պետության հետ պետք է սահմանափակվի ամիսը մեկ անգամ հարկեր վճարելով: Հասարակական հենց այդ խավն է ազատական ուժերի հնարավոր ընտրազանգվածը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել