Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու տարին բանտում

Մարտ 12,2002 00:00

Երկու տարին բանտում Հայաստանի փաստաբանների միության անդամ Ժուդեքս Շաքարյանը Սամվել Բաբայանի պաշտպանությունն իրականացրեց «Մարտի 22-ի» գործով։ Փաստաբանը այսօր գտնվում է Ֆրանսիայում։ Ստորեւ տպագրվում է նրա խոսքը իր պաշտպանյալի ծննդյան օրվա առթիվ։ Մարտի 5-ը հայոց նորանկախ պետության զորավարների, ազգային հերոսներ Սամվել Բաբայանի ու Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Երկու զորավարներին ճակատագիրը միմյանց հետ էր կապել ու օժտել հայրենիքին ծառայելու, հայրենիքն օտարներից ազատագրելու ի վերուստ տրված առաքելությամբ։ Երեւի այդպես էլ պետք է լիներ, նրանք պետք է ծնվեին նույն օրը, նրանք իրենց կյանքը պետք է նվիրեին միեւնույն՝ հայրենիքի ազատագրման ու շենացման սուրբ գործին։ Նվիրեցին։ Վազգենը զոհվեց թշնամու դավաճանական գնդակից, իսկ Սամվելը նույն թշնամու որոգայթների արդյունքում հայտնվեց բանտում։ Մեծամեծները չեն շնորհավորում, քծնողները ոտանավորներ, երգեր չեն հորինում Սամվելի, նրա արծվի թեւերի մասին։ Լռել են։ Բայց ինչո՞ւ։ Որովհետեւ, ասում են, հանցագործություն է կատարել, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Բայց ո՞վ ասաց։ Դատարանն ասաց (ճիշտ եւ ճիշտ հավիկ մայրիկն ասաց՝ «երկինքը փուլ է գալիս» մանկական պատմվածքի նման)։ Ո՞ր դատարանը։ Ստեփանակերտի, ներողություն արտահայտությանս, Գերագույն դատարանը, որին անվերապահորեն հավատում է տուժող Արկադի Ղուկասյանը, հավատում է այնպես, ինչպես իր առջեւ «աչոկներ» հավաքող դատախազությանը։ Չեմ կասկածում, որ Ա. Ղուկասյանը հավատում է դատախազության մոգոնած ու դատարանի կողմից հաստատած ստերին։ Հավատում է, որովհետեւ չի ուզում չհավատալ, որովհետեւ Սամվել Բաբայանի հետ գտնվում էր հեռակա, անհավասար պայքարի մեջ։ Իսկ որոշակի ուժերին պետք էր, որ տուժող Ա. Ղուկասյանն անպայման հավատար, որ ազատագրված Արցախի համար իրենց պայքարը կյանքի նպատակ համարած, պատերազմում հաղթանակած զորավար Սամվել Բաբայանի եւ իշխանության փաստացի միակ տերը հանդիսացող Արկադի Ղուկասյանի միջեւ տարաձայնություններն ունենային այդպիսի վախճան։ Պարոն Ա. Ղուկասյան, երկու տարվա հեռավորությունից օբյեկտիվորեն նայեք ու վերագնահատեք բոլորի գործողությունները եւ կհամոզվեք, որ Սամվել Բաբայանը չէր կազմակերպել Ձեր դեմ իրականացված մահափորձը (միտումնավոր չեմ գործածում «տեռորիստական ակտ» անվանումը, քանի որ այն առանձին վերլուծության ու մեկնաբանության թեմա է)։ Հիշեցնեմ, որպես կասկածյալի, Սամվել Բաբայանի առաջին ցուցմունքը, որը գնահատականի չի արժանացել ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի կողմից. «Ես գտնում եմ, որ այդ արել են ինչ-որ ուժեր, որպեսզի ինձ մեկուսացնեն, դրանով ինձ վնաս պատճառեն։ Բոլորին հայտնի էր, որ իմ եւ պրեզիդենտի միջեւ կային տարաձայնություններ։ Այդ տեռակտը կատարել են, որպեսզի պախարակեն իմ անունը»։ Այնուհետեւ՝ «ես չէի կարող ձեռք բարձրացնել ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի վրա, քանի որ 10 տարի գիշեր ու ցերեկ ես աշխատել եմ նրա համար, որ աշխարհին ապացուցենք, որ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, բանդիտ չենք, որ մեզ հետ կարելի է գործ ունենալ։ Ես չեմ հանդուրժի, որ մի տեռակտով ջնջվի այն, ինչ արվել է 10 տարվա ընթացքում»։ Դու չես հանդուրժի, Հրամանատար։ Չէր հանդուրժի նաեւ պետական բացառիկ մտածողությամբ օժտված քո ավագ ընկերը՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանը, սակայն այսօրվա իշխանությունները հանդուրժեցին։ Հիմա էլ են հանդուրժում, որ բանակի կազմավորման, Արցախի ազատագրման եւ նման հայրենասիրական տոնակատարություններն անցնեն առանց Սամվել Բաբայանին հիշատակելու։ Թերեւս Ա. Ղուկասյանին ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, վերջին հաշվով տուժող է, ունի անձնական խնդիրներ, Սամվել Բաբայանի հարցում, այսպես ասենք, գտնվում է մոլորության մեջ։ Ձեզ ի՞նչ է պատահել, հարգարժան մեծ ու փոքր պաշտոնատար ու անպաշտոն պարոններ։ Այդպես անվերապահորեն հավատո՞ւմ եք խորհրդային նմուշի Գերագույն դատարանին կամ զմռսվելու եւ դատավորի աթոռին, որպես անարդարության թանգարանային նմուշ պահպանելու արժանի դատավոր Ս. Ալեքսանյանին։ Ո՛չ, պարոններ, եթե անաչառ ու արդար դատարան լիներ, որի համար պայքարում էինք, որ գործը ԼՂՀ-ում չլսվի, Սամվել Բաբայանին մեղսագրված հանցանքը հերքող, ավելի ճիշտ՝ նրա անմեղությունը հիմնավորող, նման ապացույցների առկայության պայմաններում, նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ չէր կայացնի։ Համոզված եմ, վերանայվելու է Սամվել Բաբայանի նկատմամբ կայացված դատավճիռը, Սամվել Բաբայանը պետք է ազատվի կալանքից, գալու է այդ օրը եւ այն հեռու չէ։ ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել