ԼՌՈՒԹՅԱՆ «ԵՐԴՈՒՄԸ» ՏԵՂ-ՏԵՂ ԽԱԽՏՎՈՒՄ Է «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը ամբաստանյալ Դերենիկ Բեջանովին հարցեր շարունակեցին տալ տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչները։ Ամբաստանյալ Դ. Բեջանովը համառորեն չէր պատասխանում։ Այդ կապակցությամբ Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց. «Դուք տեղյակ եք եղել սպանություններից, գնացել եք այդ քայլին եւ այսօր էլ փորձում եք խոչընդոտել իրականության բացահայտմանը։ Այդպիսի գործողություններն առաջացնելու են տուժողների իրավահաջորդների ընտանիքների վրդովմունքը։ Այդ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»։ Ուշագրավ է, որ Վ. Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչն էլ՝ փաստաբան Տիգրան Ջանոյանն ակնարկեց «հնարավոր հետեւանքների մասին»։ Դիմելով ամբաստանյալ Դ. Բեջանովին, նա հարցրեց. «Դուք գիտակցո՞ւմ եք ձեր վարքագիծը՝ հնարավոր հետեւանքներով հանդերձ…»։ Ամբաստանյալը համառորեն չէր պատասխանում հարցերին։ Ինչպես հիշում եք, նախորդ դատական նիստի ժամանակ Արմենակ Արմենակյանի սպանության հետ կապված Դ. Բեջանովն ասաց. «Բոլորի վրա ձեռքս կբարձրանար, բացի Արմենակյանից»։ Հետեւաբար, միանգամայն տեղին էր փաստաբան Էդիկ Աղաջանյանի հարցադրումը, թե արդյոք նա ճանաչե՞լ է Արմենակյանին որպես թաղապետի, որպես մարտական ընկերոջ, որպես պատգամավորի (Է. Աղաջանյանը տուժող Յու. Բախշյանի շահերի ներկայացուցիչն է)։ Ամբաստանյալը դարձյալ լռեց։ Նա չպատասխանեց անգամ տուժող Միրոյանի շահերի ներկայացուցչի՝ Արամ Կարախանյանի այս հարցադրմանը. «Դուք անձնապես ճանաչե՞լ եք բոլորին՝ մասնավորապես վիրավորներին եւ զոհերին»։ Այն, որ Դ. Բեջանովը տեղյակ է եղել կատարված գործողություններին, խմբում եղել է հստակ ծրագիր, ակնարկվեց հենց թեկուզ իր մի այս պատասխանից. «Ես կարծիք չեմ հայտնում, պահում եմ իմ մեջ»։ Երեկ ցուցադրվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կատարված ոճրագործության տեսաժապավենը։ Ուշագրավ դրվագներից էր այն, որ ամբաստանյալ Կարեն Հունանյանը ավտոմատի խզակոթով հանգուցյալ վարչապետին հարվածելուց հետո կռանում է եւ ինչ-որ իր վերցնում հատակից։ Նախաքննական մարմինն այդ ինչ-որ իրը կարծես չէր նկատել։ Տեսաժապավենը դիտելով, ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը հայտնեց իր կարծիքը, որը, ըստ իրեն, Կ. Հունանյանը վերցրել է իր ժամացույցը՝ «փայլուն բան էր»։ Կապված Միրոյանի սպանության հետ, փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց, որ առաջիկայում կդիտեք մեկ այլ տեսաժապավեն, որը Միրոյանի սպանության կապակցությամբ Դ. Բեջանովի օգտին չի խոսում։ Ամբաստանյալը խախտելով լռության «երդումը», ասաց. «Չեմ պատասխանում, չեմ էլ հավատում»։ Տեսաժապավենը դիտելիս օպերատորը ցույց է տալիս դեմքով շրջված Բեջանովին, որն, ըստ փաստաբանի մեկնաբանության. «Աշխարհի տեր մարդու» արտահայտություն էր»։ Ի դեպ, նկատելի 99-ի հոկտեմբերի 27-ի Դ. Բեջանովի անխռով, հանկարծակիի չեկած դեմքի արտահայտությունը տիպական էր նաեւ երեկ։ Ամբաստանյալը կարծես պատասխանեց նաեւ փաստաբան Մարինա Ջանոյանի մի քանի հարցերին, որի համար արդարացավ, թե «էտի քննություն չէր, էտի բիոգրաֆիան էր»։ Դատավոր Սամվել Ուզունյանի հարցադրմանը, թե, այնուամենայնիվ, ձեր դատաքննական ցուցմունքը վերջնական չի՞, ամբաստանյալը պատասխանեց՝ ոչ, քանի որ ինքը չի խորացել մանրամասների մեջ։ Դատավորը հայտնեց, որ հաջորդ նիստին դատարան կբերվեն Հունանյան եղբայրները, իսկ ամբաստանյալ Դ. Բեջանովին հարցեր տալու համար՝ 91 տուժողները։ «Խրախուսվե՞լ եք» փաստաբան Մարինա Ջանոյանի հարցին Բեջանովը տվեց պատասխան. «Տանկի տակ պառկողները տվեցին պատերազմի մասնակցի կրծքանշան»։ Մի պահ մտնելով «աբիժնիկի» կերպարի մեջ, նա ասաց, որ 97-ին վերադառնալով Ռուսաստանից, բայց քանի որ «թիկունք չկա, գրպանումդ էլ պիտի լինի կամ մարդ ունենաս», ինքն աշխատանք չի ունեցել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ