Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերստուգվա՞ծ

Մարտ 12,2002 00:00

Գերստուգվա՞ծ Միանգամից 3 առիթով Հայաստանում աննախադեպ գովազդային ակցիա-տոն էր կազմակերպել «ԱրմենՏելը»։ Տոներից մեկը կանանց միջազգային օրն էր՝ «Մարտի 8-ը», մյուսը «ԱրմենՏելում» OTE-ի մասնակցության 4-րդ տարելիցը եւ, վերջապես, Նորիկ անունով նոր ծառայության շնորհանդեսը։ Տոնական տրամադրությունից էլ ելնելով, «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի նախագահ Վասիլիոս Մագլարասը լրագրողներին կոչ արեց դժվար հարցեր չտալ։ Այս կոչը լրագրողներն անտեսեցին։ Իմիջիայլոց, «ԱրմենՏելի» 4-ամյա գործունեության մասին խոսելիս, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը նշեց. «բաժնետոմսերի վաճառքի պահին հաշվի էին առնված գործող հեռահաղորդակցության ցանցի վատ պայմանները, ինչպես նշված է եղել պայմանագրի «Զարգացման եւ շահագործման ներդրումներ» դրույթներում»։ Ինչպես միշտ, պարոն Գեորգուլասը կարծր դիրքորոշում էր արտահայտում «ԱրմենՏելի» հետ որեւէ առնչություն ունեցող ցանկացած հարցի։ Նախ անտեղի քաղաքականացնելով հայ-հունական մեկ այլ ընկերության մասին լրագրողներից մեկի հարցը, նա ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչու, բայց այստեղ (Հայաստանում) հունական ընկերություններին չեն սիրում»։ Ճշտման կարգով նշենք, որ այստեղ մեր իշխանություններին չենք սիրում, որովհետեւ նման պայմանագրեր են կնքում ու ժողովրդին կրակը գցում։ Ապա միջգերատեսչական հանձնաժողովի մասին, որը իր ուսումնասիրություններով պարզել է, որ «ԱրմենՏելը» չի կատարել այնքան ներդրում, որքան հայտարարել է, Նիկոս Գեորգուլասը ասաց. «Միջգերատեսչական հանձնաժողովը մի գործիք է, որը ստեղծվել է վարչապետի հրամանով, կառավարության ներքին խնդիրների համար։ Միաժամանակ, «ԱրմենՏելն» աուդիտի է ենթարկվել ոչ միայն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Գտնում ենք, որ ՀՀ պետեկամուտների նախարարությունը, ինչպես նաեւ Քաղաքացիական օրենսգրքով հաստատված բոլոր օղակները եւ այլ ընկերություններ ներգրավված են «ԱրմենՏելի» ստուգման գործում։ Համաձայն տեղական օրենսդրության, մենք հրապարակում ենք մեր հաշվետվությունները»։ Նա ավելացրեց, որ «ԱրմենՏելը» պատրաստ է կառավարության կողմից ստեղծված այլ հանձնաժողովների սովորեցնել, թե ինչպես ստուգեն իրենց։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը հայտարարել էր, որ «ԱրմենՏելում» ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ոչ միայն ներդրումային պարտավորությունների ոչ լիարժեք կատարում, այլ նաեւ շինարարական նյութերի ձեռքբերման ծախսի ուռճացման փաստեր։ Սրա վերաբերյալ հարցին տնօրենների խորհրդի նախագահ Վասիլիոս Մագլարասը պատասխանեց ոչ ըստ էության։ Ըստ նրա, տնօրենների խորհրդի անդամների հանդիպման ժամանակ միաձայն ընդունված որոշման համաձայն, «ԱրմենՏելն» աուդիտի է ենթարկվել KPMG միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից, որի եզրակացության համաձայն, կատարվել է 120,7 մլն դոլարի ներդրում։ «Ես չեմ հասկանում վարչապետի ստանձնած մեթոդոլոգիան։ Այս հանձնաժողովը չի կարող ունենալ նույն փորձը, ինչ ունի KPMG-ն։ Մենք հարգում ենք ԱԺ-ի, կառավարության եւ այլ հաստատությունների որոշումները, բայց OTE-ի համար այս պրոցեսն արդեն փակ է»,- ասաց Վ. Մագլարասը։ Սա թերեւս այն առիթն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է ցույց տա իր «տաղանդը»՝ ապացուցելու համար կառավարության հայտարարությունների ճշմարտացիությունը։ Դե հո միշտ հեշտ գործեր չեն լինելու, ինչպես, ասենք, զոհվածների նկատմամբ քրգործեր հարուցելը։ Դատախազ աշխատելու համար խելք էլ է անհրաժեշտ։ Վերջապես, «ԱրմենՏելի» ղեկավարներն իրենց «ճնշված» վիճակն ընդգծելու համար մի հռետորական հարց ուղղեցին. «Հեռահաղորդակցության քանի՞ օպերատոր կարող է դիմանալ այս 4 «հետոների» պայմաններում (խոսքը իրենց գործունեությունը կարգավորող 4 օրենսդրական ակտերի մասին է)»։ Ի դեպ, թեեւ ժամանակին «ԱրմենՏելը» չէր հերքել ընկերության բաժնետոմսերի 20%-ի վաճառքի մասին պետական պաշտոնական հաղորդագրությունը, Ն. Գեորգուլասը ասաց, թե կառավարությունը այդ տեղեկությունը տարածել է՝ ցույց տալու համար, որ «ԱրմենՏելը» վատ ընկերություն է. «տեղեկատվությունը, որ «ԱրմենՏելը» պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերի 20%-ը՝ ճիշտ չէ»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. «ԱրմենՏելը» Նորիկի (այսպես է կոչվում նոր ծառայությունը) շնորհանդեսը նշանավորեց լրագրողներին բջջային հեռախոսներ նվիրելով։ Արեւմտյան ժուռնալիստիկայում մի դրույթ է ընդունված, ըստ որի, ինֆորմացիայի աղբյուրի հաշվին անգամ մեկ բաժակ վիսկի չի կարելի խմել՝ անկաշառ մնալու եւ օբյեկտիվությունը պահպանելու համար։ Հայաստանյան լրագրողներն այլ բանաձեւ ունեն, նվերներն ընդունում են՝ չկորցնելով անկաշառությունն ու օբյեկտիվությունը։ Իսկ Նորիկից արդեն դժգոհություններ կան։ Ըստ բաժանորդների, «ԱրմենՏելը» պնդում է, որ բջջային հեռախոսները գնեն հենց ընկերությունից, որտեղ, բնականաբար, դրանք ավելի թանկ են։ Իսկ գովազդով հայտարարվող «1 րոպեի դիմաց 200 դրամը» 46 ցենտ է՝ 260 դրամ, իսկ օրվա կուրսով՝ 262 դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել