«ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐՆ» ԷԺԱՆԱՑԵԼ Է Պաշտոնական տվյալներով, ամուսնությունների թիվը 1985թ. համեմատությամբ կրճատվել է 4,4 անգամ, իսկ 1990-2000թթ. յուրաքանչյուր 100 պաշտոնապես գրանցված ամուսնությանը բաժին է ընկել 12-20 ամուսնալուծություն, այն դեպքում, երբ 70-ականներին այդ թիվը 7-8% էր կազմում։ Հայտնի է, որ մեզանում երբեմն նորաստեղծ ընտանիքը չի հասցնում կայանալ՝ կախված «կարմիր խնձորի» հետեւանքներից։ Իսկ ամեն ինչում իրենց եվրոպացի երեւակայող երիտասարդները շարունակում են հավատարիմ մնալ պապենական սովորույթներին ու ադաթներին միայն այն պարագաներում, երբ հարցն իրենց է վերաբերում։ Ի դեպ, ինչպես պարզեցինք ծայրամասային բուժհիմնարկներից մեկում, տարեկան 10-15 հոգի դիմում է բժշկի՝ կուսաթաղանթը վերականգնելու ցանկությամբ։ Ավելացնենք, միայն այստեղ։ Իսկ կենտրոնական բուժհիմնարկներում օրական են այդքան օրիորդներ դիմում նույն խնդրով։ Բժշկի են դիմում հիմնականում 15-30 տարեկան աղջիկներ՝ «օջախի աղջկա» իրենց անբասիր անվան վրա կախված արատավորվելու վտանգը կանխելու նպատակով։ Ըստ մեզ հետ զրուցած բժշկի՝ վերջիններս գալիս են ե՛ւ մենակ, ե՛ւ ծնողների հետ։ Սակայն անմիջապես իրենց չեն մոտենում. նախ միջին եւ կրտսեր բուժանձնակազմի իրենց ծանոթ ներկայացուցիչներին են դիմում, որոնց միջնորդությամբ էլ հասնում են բաղձալի նպատակի իրագործմանը։ Ըստ նույն աղբյուրի՝ ամեն բուժհիմնարկում այդ «գործով» հիմնականում զբաղվում է 1-2 բժիշկ, որոնց մոտ էլ հավաքվում է համապատասխան «կոնտինգենտը»։ «Գործը գլուխ բերող» յուրաքանչյուր բժիշկ համոզված է, որ ոչ մի սարսափելի բան չկա, եթե կինը սեռահասուն է եւ գիտակցաբար է գնացել սեռական կյանքի։ Չնայած շատերը նաեւ խոստովանում են, որ, այնուամենայնիվ, հոգու խորքում չէին կամենա ոչ կույս հարս ունենալ կամ նման «վիճակով» աղջիկ ամուսնացնել։ Գաղտնիք չէ, որ իրենց կանանց անմեղությամբ ու նրանց կյանքում առաջինն ու միակը լինելու ակնկալիքով բժշկի դիմած հայ երիտասարդներին բժիշկների 99%-ը հուսադրող պատասխան է տալիս՝ չկամենալով նորաստեղծ ընտանիքի քայքայմանը նպաստել։ Մեզ հետ զրուցած բժիշկը գտնում է, որ կուսաթաղանթը վերականգնելու մեջ պախարակելի ոչինչ չկա. «Եթե մարդիկ փոխում են իրենց դեմքը՝ անճանաչելի դառնալու աստիճան, ուրեմն ինչո՞ւ մեղադրել վերջիններիս եւս մեկ անգամ «կուսանալու» ցանկության համար»։ Ըստ վերջինիս, այդ «հաճույքը» ներկայումս արժե 25-50 դոլար՝ կախված բժշկի մասնագիտական հմտություններից, համբավից ու նրա հետ ծանոթության աստիճանից։ Իսկ նախկինում նման ծառայության դիմած «այցելուները» վճարում էին «մի բրիլիանտի մատանու» գնի չափ գումար, սակայն քանի որ բարքերը եւս ինչ-որ առումով ազատականացել են, «ընկել է եւ ծառայության գինը, եւ կրճատվել այցելուների քանակը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ