ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՏԵԿՏՈՐԸ Որքան հասկանում եմ, ցանկացած պետական օրենք ուղղված է իրավախախտումը կանխելուն: Եթե ընդունենք, որ Հայոց ցեղասպանության փաստը մերժելը հանցագործություն է, ապա ագրոարդյունաբերողների առաջարկած համապատասխան օրենքը պատնեշ է ստեղծում այդ իրավախախտման դեմ: Սակայն, իմ համոզմամբ, չկա ՀՀ որեւէ քաղաքացի, որը չընդունի Ցեղասպանության փաստը: Ավելին՝ այդպիսի հայեր չկան աշխարհիս երեսին: Բնականաբար, նրանք, ովքեր սատարում են այս օրենքին /ՀՅԴ-ն, ագրոարդյունաբերողները, ՀՌԱԿ-ը, ՀՀՇ-ն/, վստահ են, որ նման հանցագործներ, այնուամենայնիվ, կան: Ուրեմն, նրանց պետք է պեղել, բացահայտել, ծայրահեղ դեպքում՝ «սարքել»: Գործնականում դա, հավանաբար, նշանակում է, որ դաշնակցականները, ռամկավարները, ՀՀՇ-ականները եւ ագրոարդյունաբերողները կազմելու են կոմիսարների բրիգադներ, պտտվելու են Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում ու քննության են ենթարկելու ՀՀ քաղաքացիներին՝ որոշելու համար՝ նրանք ուրանո՞ւմ են Ցեղասպանությունը, թե՞ ոչ: Այսինքն՝ հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչները ենթադրում են, որ հնարավոր է մտնել մարդու գանգի մեջ եւ ստուգել, թե որքանով են նրա մտքերը օգտակար կամ վտանգավոր ազգի համար: Ո՞ւմ ձեռքում է լինելու «ազգասիրության դետեկտորը», ո՞վ է գտնելու այն ձեւական չափանիշները /իսկ օրենքում, ի տարբերություն, ասենք, հռչակագրի կամ քաղաքական հայտարարության, չափանիշները պետք լինեն խիստ ձեւական/, որոնցով հնարավոր կլինի որոշել՝ տվյալ քաղաքացին իր գործողություններով նպաստո՞ւմ է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, թե՞ խանգարում է այդ գործընթացին: Պարզ չէ՞, որ մեղավորության կամ հանցանքի չափը որոշվելու է զուտ սուբյեկտիվ քաղաքական գնահատականների հիման վրա, եւ եթե նման օրենքը կիրառվի, ապա 30-ականների Գերմանիայում գանգը չափելուց, ըստ էության, ոչնչով չի տարբերվի: Իհարկե, ներկայիս Հայաստանում նման հավատաքննություն հնարավոր չէ անցկացնել: Պարզապես մեր քաղաքական ուժերը դատարկ տեղը սկսել են հայրենասիրության մրցարշավը: Երեւի պարապ են մնացել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ