Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էս մեկն իր «վոժդն» ունի

Մարտ 12,2002 00:00

Էս մեկն իր «վոժդն» ունի Ստեղծվեց «Հատուկ գնդի վետերաններ» միությունը Մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ի՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը, Արցախի ազատամարտին մասնակցած երկրապահ-կամավորականները միավորվել էին գործող միակ՝ երկրապահների, նրանց զոհված ընկերների ընտանիքների, հաշմանդամ դարձած կամավորականների սոցիալական խնդիրների լուծումն ու պատերազմի բովով անցած մարտիկներին քաղաքացիական կյանք վերադարձնելու հոգսն իրենց հիմնական գործը դարձրած «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության տանիքի ներքո: Այդօրինակ նախաձեռնության ջատագովն ու ԵԿՄ նախագահը լուսահոգի Վազգեն Սարգսյանն էր: Իսկ ինչո՞ւ հիշեցինք 99-ի «Հոկտեմբերի 27»-ը: Հիշեցինք, որովհետեւ «27»-ը դարձավ ոչ միայն ներիշխանական հեղաշրջման, այլեւ իբրեւ դրա միջոց՝ Վ.Սարգսյանի թիմի, այդ թվում՝ ԵԿՄ-ի, տարրալուծման ու մասնատման սկիզբ: «27»-ից հետո ներքաղաքական անհանգիստ մթնոլորտում սա էր իշխանությունների միակ ու թիվ մեկ նպատակը: Թվում է, հասարակական կազմակերպությունը մասնատելուց իշխանություններն ի՞նչ շահ կարող էին ունենալ, բայց, պարզվում է՝ ունեն: Ինչեւէ: Այսօր ՀՀ ՊՆ նախկին 4 եւ 2 ներկա փոխնախարարներ իրենց «երկրապահն» ունեն: Այսպես, «27»-ից մի քանի ամիս անց ԵԿՄ վարչության նախագահ ընտրված գեներալ Մանվել Գրիգորյանը նշանակվեց ՀՀ ՊՆ փոխնախարար: Իշխանությունները հույս ունեին, որ դրանով կլուծեն ԵԿՄ-ն իրենցով անելու խնդիրը: Դա ժամանակավոր էֆեկտ ունեցավ: Հետո ԵԿՄ-ից սկսեցին բեկորներ անջատվել: Ավանգարդում այդ կազմակերպության վարչության անդամ, նույն ինքը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանն էր՝ «Կոմանդոսը»: Թե ինչ եղավ հետո ԱՎՄ-ի հետ՝ հայտնի է: Հետո «Արծիվ-մահապարտների» միություն ստեղծեց ՊՆ մեկ այլ փոխնախարար՝ Աստվածատուր Պետրոսյանը: Այսօր այդ կազմակերպությունն արդեն մտածում է պրն Պետրոսյանից ձերբազատվելու մասին: Արդեն այս տարվա մարտի 9-ին ազատամարտիկների խնդիրներով զբաղվող նոր հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին հայտարարեց «Հատուկ գնդի վետերանների միությունը», որի նախագահ անցյալ շաբաթ օրն ընտրվեց ՊՆ մեկ այլ փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը: Ու ավելի քան տարօրինակ է այն փաստը, որ հիշյալ բոլոր անձինք միեւնույն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ են ստեղծում՝ միաժամանակ մնալով համանման նպատակ հետապնդող ԵԿՄ վարչության անդամ: Հարց է ծագում՝ եթե այդ մարդիկ դժգոհ են ԵԿՄ-ի գործունեությունից, ապա ինչո՞ւ այդ խնդիրների մասին չեն խոսում հենց այդ կազմակերպության ներսում: Եթե դժգոհ են ու նոր հասարակական կազմակերպություն ստեղծելն անհրաժեշտություն են համարել՝ ինչո՞ւ են շարունակում մնալ ԵԿՄ-ում: Պատասխանները, թերեւս, ենթադրելի են՝ նրանք, պարզապես, ըստ արժանվույն գնահատված չլինելու բարդույթ ունեն, չհաշված, իհարկե, անձնական հավակնություններն ու «արեւի տակ» իրենց տեղն ունենալու անհագ ձգտումը: Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք օգտագործել մարդկանց թուլություններն ու նոր, հերթական այլընտրանքային երկրապահ ստեղծել, որը միեւնույն է՝ չի կարող որոշիչ գործոն լինել ոչ հասարակական, ոչ քաղաքական դաշտում, կներկայացնենք մեր վաղվա համարում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել