ԻՆՉՊԵ՞Ս ՊԻՏԻ ՊԱՏԺՎԻ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԸ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրաժարվել էր իր վերաբերմունքը հայտնել Հմայակ Հովհաննիսյանի վերջին հայտարարության նկատմամբ, պատճառաբանելով, թե նրան լուրջ մարդ չի համարում։ Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանի այդ հայտարարությունը «Ագրոարդյունաբերողներ» խմբի «1915- 1922 թվականներին Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման իրավական երաշխիքների մասին» նախաձեռնության հանդեպ վարչապետի եւ ԱԺ նախագահի վերապահ մեկնաբանությունների պատասխանն էր։ Թեեւ Հմայակ Հովհաննիսյանն այլ առիթով նկատել էր տվել, որ ինքը մեկնաբանելու է միայն դասականների ասածները, պատրաստակամությամբ արձագանքեց իրեն «անլուրջ մարդ» համարող Անդրանիկ Մարգարյանի ասածները մեկնաբանելու «Առավոտի» առաջարկին. «Նա այնուամենայնիվ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, եւ ես ստիպված եմ նրա ասածները մեկնաբանել»։ Ավելին՝ պարզվեց, որ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն էլ է դասական, քանի որ պրն Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ ճեպազրույցում նրա այն դիտարկմանը, թե «Ագրոարդյունաբերողների» վերոհիշյալ նախաձեռնությունը, բնականաբար, հանրապետության նախագահի ցուցումով էր դրվել շրջանառության մեջ. «Վա՜յ, էս ինչ մեծ կարծիքի է իմ մասին Արտաշես Գեղամյանը, որ ես, ուրեմն, այդքան սերտ փոխշփումների հնարավորություն ունեմ (սա ասվում էր վատ թաքցված ափսոսանքով.- Ա.Ի.), եւ անընդհատ իմ քայլերն ուղղորդում են։ Էդպես չի, իհարկե»։ Սակայն այլեւայլ դասականներին հակադարձումներից դառնանք մեր ագրոարդյունաբերողների նախաձեռնությանը։ Հմայակ Հովհաննիսյանն անհամաձայնություն հայտնեց «Առավոտի» մի հրապարակման մեջ արտահայտված այն մտքին, թե այդ օրենքը կիրառելի է լինելու միայն այն երկրում, ուր առանց այդ էլ որեւէ մեկը չի վիճարկում Ցեղասպանության իրողությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ. «Ինչո՞ւ, եթե օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, իր իրավազորությունների շրջանակում պարտավոր է ապահովել այդ օրենքի կիրառումը ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ օտարերկրյա քաղաքացիների համար»։ Ըստ այդմ, երբ Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենը «Երեւան» հյուրանոցում տրված իր ասուլիսում փորձում էր ժխտել Հայոց ցեղասպանությունը կամ, առնվազն, կասկածի տակ առնել այն, ըստ այս նախաձեռնության, նրա հայտարարությունները պիտի ճանաչվեին հանցագործություն եւ պատժվեին օրենքով։ Թե ինչպես պիտի Իսրայելի քաղաքացին պատասխանատվության ենթարկվեր Հայաստանի օրենքներով՝ այնուամենայնիվ, անհասկանալի է։ Մի կողմ թողնենք տիկին Կոհենի դիվանագիտական անձեռնմխելիությունը եւ հիշենք, որ վերջերս «Պապլավոկում» կատարված սպանության գործով դատարանը մերժեց Մեծ Բրիտանիայի քաղաքացուն ճանաչել իբրեւ վկա եւ նրա ցուցմունքները դիտարկել իբրեւ ապացույց։ Այսինքն, այլ երկրների քաղաքացիները չեն կարող անգամ վկա լինել, բայց, ըստ Հմայակ Հովհաննիսյանի համոզման, կարող են լինել ամբաստանյա՞լ։ Ավելին, ըստ այս տրամաբանության, ստացվում է, որ եթե Ռիվկա Կոհենը կամ, ասենք, Շիմոն Պերեսն իրենց երկրում էլ են կասկածի տակ առնում Հայոց ցեղասպանությունը, էլի հնարավոր է նրանց պատժել ՀՀ օրենքներով։ Հմայակ Հովհաննիսյանը պնդեց, որ երբ նման հայտարարություններ արվեն օտար տարածքում՝ «այդ դեպքում ուժի մեջ են մտնում մեր պայմանավորվածությունները «Ինտերպոլի» շրջանակներում։ Մենք փոխհամաձայնություններ ունենք տարբեր երկրների հետ եւ իրավունք ունենք պատասխանատվության կանչել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք կասկածի տակ են վերցնում կամ, ժխտելով վիրավորում Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Սա խոսքի ազատության սահմանափակում չէ»։ Այսինքն, եթե այս նախաձեռնությունն ընդունվի, իրավական հնարավորություն է լինելու «Ինտերպոլով» Հայաստան հասցնել եւ պատժել, ասենք, Իսրայելի արտգործնախարարին կամ Թուրքիայի բարձրաստիճաններին, որոնք վիճարկում են Եղեռնի իրողությունը։ Թե որքանով է այս ամենն իրոք լուրջ՝ թերեւս չարժե այլեւս մեկնաբանել։ Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանի մեկնաբանությունների շնորհիվ դասական դարձան նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանն ու ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը։ Առաջինի պարագայում գլխավոր ագրոարդյունաբերողն ասաց՝ եթե այս կուսակցությունն իրեն համարում է ցեղակրոն եւ «սեփական ազգի արժանապատվությունը համարում է կրոն, բարձրագույն արժեք, ապա ինձ համար տարօրինակ է՝ ինչպե՞ս այդ կուսակցության խորհրդի անդամը կարող է քմծիծաղ տալով, հեգնելով, մի տեսակ, էսպես, շպինգալետի նման, ամբիոնից խոսել»։ Իսկ երկրորդ դեպքում պրն Հովհաննիսյանը չի ցանկանում հավատալ, որ ՀՀՇ-ն պաշտպանում է իր նախաձեռնությունը։ «Մեր օրինագծի պաշտպանությունը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խնդիրն է»,- ասաց նա, ձեռքի հետ, փաստորեն, ստվեր գցելով ՀՌԱԿ-ի աջակցության վրա։ Իսկ Ալեքսանդր Արզումանյանի խնդիրը պրն Հովհաննիսյանը համարեց հետեւյալը. «Նա առաջին հերթին պետք է պատասխանի (ես սպասում եմ նրա եւ մեր ԱԳՆ-ի պարզաբանումներին) Անդրանիկ Միհրանյանի արած լուրջ եւ կարեւորագույն հայտարարությանը, թե Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի աշխատանքների 90%-ը նվիրված է եղել Ցեղասպանության հարցի քննարկմանը։ Մինչդեռ մինչ այդ «Առավոտ» թերթի էջերում Ալեքսանդր Արզումանյանը հայտարարում էր, որ իրականում Ցեղասպանության հարցը չի քննարկվում՝ քննարկվում են շրջափակման-ապաշրջափակման, տնտեսական համագործակցության հարցեր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը։ Բա ո՞վ է ճիշտ՝ Անդրանիկ Միհրանյա՞նը, թե՞ Ալեքսանդր Արզումանյանը»։ Այս հարցը նա «Առավոտի» միջոցով խնդրեց ուղղել ՀՀՇ վարչության նախագահին՝ ակնկալելով պարզաբանումներ։ Մենք գիտեինք, որ իրականում հակասություն չկա. բազմաթիվ առիթներով ե՛ւ նա, ե՛ւ Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի այլ հայ անդամներ հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության եղելության հարցը չեն քննարկել։ Բայց անցած տարվա աշնանը, հյուրընկալվելով ՄԱԱ-ին, Ալեքսանդր Արզումանյանը նույնպես ասել էր, որ իրենց քննարկումների 90-95%-ը վերաբերում է Ցեղասպանության հետեւանքներին։ Այնուամենայնիվ, Հմայակ Հովհաննիսյանի հարցադրումը փոխանցեցինք պրն Արզումանյանին եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Եթե նա հարցեր ունի՝ թող գա, ընդունելության համար հերթագրվի ՀՀՇ գրասենյակում եւ կստանա պարզաբանումներ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ