ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԵՂԾ ԿԱՐՈՒՍԵԼ Է ՊՏՏԵՑՆՈՒՄ Վերաքննիչ դատարանը ստացել է Պողոս Պողոսյանի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի բողոքը Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավճռի վերաբերյալ։ Դիմումում նշված է, որ «Պապլավոկում» տեղի ունեցած սպանության առիթով քրգործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ։ Մեր փորձերը, ճշտել՝ վերաքննիչ դատարանը ընդունե՞լ է դիմումը, թե՞ ոչ, հանգեցին բյուրոկրատական քաշքշուկի։ Վերաքննիչ դատարանի գործավարուհին մեզ պատասխանեց, թե բողոքն իրենք ստացել են, բայց առաջին ատյանի դատարանից դեռ գործը չեն ստացել։ Ո՞վ պետք է ուղարկի գործը։ Մեր՝ առաջին հայացքից միամիտ հարցին գործավարուհին նույնքան «միամիտ» պատասխան տվեց՝ դատավորը։ Ոչինչ չէր մնում անել, եթե ոչ՝ զանգահարել դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Վերջինս մեզնից իմացավ, որ Պողոս Պողոսյանի իրավահաջորդի բողոքը արդեն հասել է վերաքննիչ դատարան։ Իսկ ինչո՞ւ դատավորը գործը չի ուղարկում վերաքննիչ։ Պրն Մնացականյանը շատ սիրալիր բացատրեց, որ կամ վերաքննիչ դատարանը, կամ տուժողի շահերի ներկայացուցիչը, կամ էլ՝ իրավահաջորդը պետք է բողոքի երկրորդ օրինակը ուղարկեին Առաջին ատյանի դատարան, որն էլ միայն դրանից հետո է իրավասու գործն ուղարկել վերաքննիչ։ Քանի որ բողոքը վերաքննիչ էր տարել փաստաբան Ռուբեն Սահակյանը, նրանից էլ փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ դիմումի երկրորդ օրինակը չի ուղարկել առաջին ատյանի դատարան, կամ՝ գուցե պայմանավորվել է, որ վերաքննի՞չը գրություն ուղարկի։ Մեր հարցերը Ռուբեն Սահակյանին ակնհայտորեն դուր չեկան. «Հենց որ վերաքննիչը կընդունի դիմումը, չի վերադարձնի, ես դիմումի իմ օրինակը կուղարկեմ դատարան»։ Իրավաբանական այս կեղծ կարուսելը կարելի է շարունակել։ Բայց իմաստ ունի՞։ Ակնհայտ է, որ արհեստականորեն բարդություններ են ստեղծվում։ Չենք կարծում, որ փաստաբան Ռուբեն Սահակյանի համար այդչափ դժվարին գործ էր մեկ օրինակի փոխարեն երկուսն ունենալ՝ վերաքննիչին եւ առաջին ատյանի դատարանին հանձնելու համար։ Տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանն այս ամբողջ պատմությունից այլեւս սպասելիք չունի։ Պարզապես պարադոքս է, երբ մարդու եղբորը սպանում են, հերիք չի, շարունակում են նաեւ բարոյական սպանությունը, մարդուն պարզապես հիասթափեցնում են էս երկրից, օրենքից եւ իրավունքից։ Անդրանիկ Պողոսյանի համար պարզ է. «Եթե առաջին ատյանի դատարանը մերժում է բացահայտ փաստերը, ակնհայտ բաները հաշվի չի առնում, ամեն կերպ պաշտպանում է մարդասպաններին ու հանցագործներին, ուրեմն մնացածը ձեւական բաներ են։ Ես դատարանների հետ երբեք գործ չեմ ունեցել, Աստված չանի սրանից բացի ուրիշ գործ էլ ունենամ, բայց ինձ համար պարզ է՝ դատարանը չկարողացավ դուրս գալ «հրահանգ»-ի շրջանակներից։ Գոնե փորձ անեին ճշմարտությունը ձեւի համար բացահայտելու»։ Անդրանիկ Պողոսյանը մինչեւ վերջերս հույս ուներ, թե նախագահ Քոչարյանը ինչ-որ կերպ կմիջամտի գործի բացահայտմանը։ Նախագահի թիկնապահների կողմից սպանվածի եղբայրն այսօր այդ հարցը դժվար հարց է համարում. «Դժվար հարց է, եթե միջամտելու են, հենց հիմա պետք է միջամտեն, գոնե վերաքննիչի, վճռաբեկի ժամանակ պիտի միջամտեն»։ Անդրանիկ Պողոսյանը մտածում է, որ դատավորը պետք է «անհարմար զգար եւ չմերժեր գոնե Ստեֆան Նյուտոնի ընկերուհուն գտնելու եւ հարցաքննելու միջնորդությունը։ Եթե իմանայի, որ մենք իրավական պետության մեջ ենք ապրում, ես հանգիստ դատի կտայի դատախազին էլ, դատավորին էլ։ Նրանք ավելի մեծ հանցագործներ են, քան այդ մարդասպանները»։ Անդրանիկ Պողոսյանը չի հավատում որեւէ իրավական ատյանի անաչառությանը, նա վստահ է, որ եղբոր սպանության քրգործը քննող դատախազն ու դատավորը ե՛ւ իրավական, ե՛ւ մարդկային առումներով շրջանցել են բոլոր օրենքները. «Բայց իմ բողոքը ի՞նչ իմաստ ունի։ Նրանք կատարել են վերադասի հրամանը։ Բայց դա նրանց չի փրկելու։ Վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու իրենց արածների համար։ Բայց ե՞րբ… Երբ որ դառնանք իսկական պետություն»։ Անդրանիկ Պողոսյանը Դաշնակցությունից միայն բարոյական օգնություն է ստացել. «ուրիշ տեսակի ոչ մի օգնություն, ոչ կոնսուլտացիաներ, ոչ որեւէ փաստի ձեռքբերում»։ Անդրանիկ Պողոսյանը արդարության համար իր պայքարը բոլորովին միայնակ է մղում, նրան չի օգնում ոչ Դաշնակցությունը, ոչ էլ որեւէ մեկը. «Ես լրիվ միայնակ եմ, ոչ մեկը ինձ չի օգնում, նույնիսկ իմ հարազատ-բարեկամները։ Ես բացարձակ մենակ եմ։ Դոն Քիշոտն եմ դարձել, հողմաղացների դեմ կռիվ եմ տալիս։ Բայց հույս ունեմ, որ վերջապես մեր ժողովուրդն էլ կարթնանա թմբիրից»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ