Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՄՂՈՆ

Մարտ 08,2002 00:00

ՎԵՐՋԻՆ ՄՂՈՆ Մենախոսություն Դուք ուզում եք տեսնել իմ հոգու խորքը։ Չի՛ հաջողվի։ Իմ հոգին փա՛կ է. օ՜, մարմնիս մերկությունը… հոգիս թաքցնող ամենակիպ, ամենափակ հագուստն է։ Իսկ իմ վառ կարմիր շրթներկը, դիմափոշին, ականջօղերը, ֆրանսիական օծանելիքը… սրանք իմ հուսալի զենքերն են՝ հակառակորդ սեռին հաղթելու համար։ Գեղեցկությունը միշտ էլ պահանջարկ ունի։ Թերեւս, սա միակ ասպարեզն է, ուր գործազրկություն չի լինում… Ինձ տեսնելիս տղամարդիկ «ա՜խ» եւ «ո՜ւխ» են անում. «Ինչ լավիկն է, ոտքերը, կոնքերը, կուրծքը…»։ Իսկական տղամարդիկ դրանից լավ են հասկանում, իսկ դու, հեռացող-մոռացո՛ղ, լքեցիր ինձ, որովհետեւ անընդունակ էիր գնահատել, անճաշակ, դմբոյի մեկը… Եթե միայն կյանքի հիմիկվա փորձն ունենայի այն ժամանակ, երբ քեզ հետ էի, ապւս դու կվազեիր իմ հետեւից… Տղամարդկանց մոտ հաջողություն ունենալու համար մերկությունից ավելի լավ հագուստ գոյություն չունի։ Ոչ մի ժամանակի մոդելյոր առավել գեղեցիկ հանդերձանք չի հնարել դեռ։ Հը… դե խոսիր, խոսիր, ո՞ւր ես հիմա, լքող-հեռացող։ Ես արդեն քամել վերջացրել եմ արցունքներս։ Հի՛-հի-հի՛… այժմ ծիծաղում եմ, գայթակղում, հիացնում եւ դյութում։ Վաղը նորից կգան նրանք, կգան իմ «երազանքի պարոնները» շքեղ մեքենաներո՜վ, լիքը գրպաններո՜վ եւ թանկարժեք նվերներով։ Եվ դու լեզուդ կուլ կտաս, երբ իմանաս։ Շուրթերդ կկծես եւ բարձիդ վրա կփղձկաս՝ մենության գիշերին։ Օրերից մի օր դու էլ կգաս զվարճանալու։ Կգա՜ս, կգա՛ս… ես ձեր սեռը լավ եմ ճանաչում… Սակայն ոչ, ես քեզ չեմ ընդունի։ Որեւէ պատրվակով կմերժեմ։ Ասենք, օրինակ, մի այնպիսի գին կպահանջեմ, որ քո մազերը բիզ-բիզ կանգնեն։ Եվ մի հերթական այցելուի թեւանցուկ անելով, նրա հետ միասին կանհետանանք ննջարանի դռան մեջ, քեզ թողնելով միջանցքում, ապարդյուն սպասման, արհամարհանքի եւ անհարմար դրության մեջ։ Հետաքրքիր կլինի տեսնել քո արձագանքը, երբ իմ նոր, քեզ անծանոթ հասցեում հանդիպենք։ Կտեսնես ինձ եւ աչքերիդ չես հավատա… Ես քո լուսանկարը կախել եմ իմ ննջասենյակի պատին եւ ծխախոտածուխը փչում եմ քո երեսին… Հիշում ես, ասում էիր՝ կինը թուլություն է, իսկ թուլությունը՝ անլիարժեքություն եւ թերություն։ Տես, այդ թուլության դեմ ինչպես են ծնկի գալիս ժայռի պես պինդ ու հաղթանդամ, այդ ամենակարող պարոնները, քո կարծած ուժեղ սեռը։ Ես նախընտրեցի աշխարհի ամենահին մասնագիտությունը։ Գոյակռվում չզոհվելու համար ես էլ այս եղանակով եմ ապրուստ վաստակում։ Ինչո՞ւ ա172 մաչել որ… Նզովելին հոգու լրբությունն է, իսկ մարմնական գուրգուրանքները դրա հետ համեմատած՝ նույնիսկ անմեղ եւ բնական խաղեր են։ Հասարակության համար վտանգավորը անառակացած հոգիներն են, որոնք խայտառակության փոխարեն հաճախ պաշտոնների եւ գովասանքների են արժանանում։ Գեղեցկությունը միշտ զոհ է դառնում։ Սիրուն թիթեռին են բռնում։ Ամենաչքնաղ ծաղիկն է պոկվում, ամենաձայնեղ հավքն Է վանդակվում, ամենանրբին լարն Է կտրվում եւ սուրբն ու արդարն Է խաչվում.. Ես իմ ժամանակի դուստրն եմ։ Ես Անառակ եմ… ԱՆՆԱ ԱՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել