Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսողական խանգարումներով երեխաները՝ «պլանի» տակ

Մարտ 08,2002 00:00

Տեսողական խանգարումներով երեխաները՝ «պլանի» տակ ՀՀ ԿԳ նախարարության տեսողության խանգարում ունեցող երեխաների Երեւանի գիշերօթիկ դպրոցում տոն էր։ 2-11-րդ դասարանցիների շուրթերից հնչում էին բանաստեղծություններ՝ նվիրված կանանց, մայրերին ու մարտի 8-ին։ Դպրոց այցելել էինք ուրախ առիթով։ Սակայն դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանից տեղեկացանք, որ դպրոցն ունի չարչրկված մի պրոբլեմ, որը վտանգում է 113 սաների (60 աշակերտ դպրոցում է գիշերում) կյանքը։ Ըստ դպրոցի տնօրենի՝ իրենց շենքում է գտնվում ողջ միկրոշրջանը սնող ենթակայանը, որը սկզբում նախատեսված է եղել միայն դպրոցին էլեկտրական լուսավորություն մատակարարելու համար։ Հետագայում, սակայն, նրանից սկսել են սնվել նաեւ դպրոցի շրջակայքի բնակելի շենքերը, զանազան հիմնարկություններ, մոտակա բենզալցակայանը եւ լավաշի փուռը։ Ա. Ահարոնյանը կարծում է, որ ենթակայանի հզորությունն այնքան մեծ չէ, որպեսզի կարողանա սպասարկել ողջ տարածքը։ Այդ պատճառով էլ հաճախ պայթյուն է լինում կամ հրդեհ բռնկվում։ Խնդրով մտահոգ՝ դպրոցի տնօրենն ամեն տարի նամակներ է ուղարկում ԿԳ եւ Էներգետիկայի նախարարություններ։ Սակայն, ըստ Ա. Ահարոնյանի, «ԿԳ նախարարությունն այս հարցում օգնել չի կարող, քանի որ պիտի իր նման միջնորդագիր ուղարկի էներգետիկայի նախարարությանը»։ Ի դեպ, նամակներ են ուղարկվել նաեւ Երեւանի էլեկտրացանցին, Արաբկիրի տարածքային էլցանցին, ՀՀ նախագահի խորհրդական Ռ. Դավոյանին եւ ԱԺ կրթության ու գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Շ. Քոչարյանին։ Վերջինից որեւէ պատասխան չի ստացվել։ Էներգետիկայի նախարարությունից պատասխանել են, որ միջոցներ չկան նոր ենթակայան կառուցելու համար։ Իսկ նախագահի աշխատակազմի հանձնարարությամբ դպրոց է այցելել էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը, որի 25.02.02 տված եզրակացության մեջ նշվում է, որ «դպրոցի շենքում գտնվող ենթակայանի վիճակն ինչպես անվտանգության, այնպես էլ տեխնիկական նորմերի ապահովման տեսանկյունից այնպիսին է, որ այն պիտանի չէ հետագա շահագործման համար, ուստի անհրաժեշտ է անհետաձգելի կերպով կատարել վերանորոգման աշխատանքներ»։ Ըստ տնօրենի՝ «իր շքախմբով» դպրոց է այցելել նաեւ էներգետիկայի փոխնախարար Լ. Շահվերդյանը, կատարվել են անհրաժեշտ չափումներ ենթակայանը վերստին վերանորոգելու նպատակով։ Սակայն դպրոցի ողջ կոլեկտիվը դեմ է ենթակայանի վերանորոգմանը, որովհետեւ միայն փետրվար ամսին միանգամից 2 դեպք է գրանցվել՝ հրդեհ եւ պայթյուն։ Եվ, Ահարոնյանի խոսքերով, «բարեբախտաբար ամեն ինչ ցերեկն է տեղի ունեցել, որովհետեւ գիշերը հրդեհ բռնկվելու դեպքում եւ դպրոցի շենքը գոյություն չէր ունենա, եւ անխուսափելի կլինեին մարդկային զոհերը»։ Ի դեպ, անմիջապես ենթակայանի վերեւում գտնվում են հայոց լեզվի կաբինետը, մեկ հարկ վերեւ՝ 2-րդ դասարանցիների դասասենյակը եւ ննջասենյակները։ Եվ պատահական չէր, որ ենթակայանի տրանսֆորմատորի երկրորդ պայթյունից հետո, ճարահատ ուսուցիչներն ու աշակերտները խմբվել են վերամբարձ կռունկի տակ՝ արգելելու նրա՝ կարճատեւ «կյանք» խոստացող վերանորոգումը։ Մի նամակով էլ տեսողական խանգարում ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցի տնօրենին պատասխանել են, թե ներկայումս միջոցներ չկան նոր ենթակայան կառուցելու համար, քանի որ անհրաժեշտ է 22 մլն դրամ։ Ա. Ահարոնյանն էլ մի տարբերակ է առաջարկել՝ դպրոցի բակում գտնվող շինության մեջ տեղափոխել ենթակայանը՝ «ավելորդ» ծախսերից խուսափելու համար՝ պայմանով, որ դպրոցը կես գնով վճարի օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց։ Նա համաձայն է դպրոցի տարածքում գտնվող շինությունը տրամադրել ենթակայանին՝ թեկուզ «պետական նորմերին համապատասխան արենդավարձով», որը թույլ կտա ինչ-որ կերպ հոգալ դպրոցի մյուս խնդիրները։ Իսկ պաշտոնատար անձինք դեռեւս պատասխան չեն տվել։ Չնայած ամեն վայրկյան սպասվող նոր պայթյուն-հրդեհներին՝ դպրոցը շարունակում է ապրել բնականոն կյանքով։ Ա. Ահարոնյանի ջանքերով, այս տարվանից դպրոցում իրենց մանկավարժական պրակտիկան են անցկացնում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի արատաբանության բաժնի ուսանողները։ Ըստ Ա. Ահարոնյանի՝ սա եւս կարեւոր հանգամանք է։ Քանի որ հանրապետությունում քիչ են տիֆլո-մանկավարժության (թույլ տեսողությամբ եւ կույր երեխաների կրթադաստիարակչական հարցերով զբաղվող) մասնագետները, իսկ եղածներն էլ ունեն 60-ից բարձր տարիք։ Եվ ուսանողներին հատկապես այս դպրոց բերելը հող է նախապատրաստում նոր, երիտասարդ համապատասխան կադրեր ունենալու համար։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել