Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԻՌԸ ԿԱ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՉԿԱ

Մարտ 08,2002 00:00

ՎՃԻՌԸ ԿԱ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՉԿԱ «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ն ընդդեմ քաղաքացի Մարիանա Ոսկանյանի հայցով դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Հայցվորը գտնում էր, որ քաղաքացին իրենց պարտք է 298.270 դրամ գումար, «որը կամովին չի ցանկանում վճարել, թեեւ բազմիցս նախազգուշացվել է այդ մասին»։ Պատմական ժամանակաշրջանը «առ 01.11.99թ.» էր։ Համաձայնեք, որ «պարտքը» զգալիորեն մեծ էր, մանավանդ, երբ ծանոթանում ենք Աբովյան 21/1 հասցեատիրոջ «էպիկրիզի» հետ ողջ 1999-ի կտրվածքով։ Բաժանորդը օգտագործել է 160, 282, 351, 466, 499, 425, 355… կվտ/ժ էներգիա, վճարել… 3000, 10000, 13000… դրամ։ Բայց ոչ… 298.270 դրամ, որը «չի գրվում» անգամ հզոր արտադրական կարողություններ ունեցող ձեռնարկությունների վրա (նրանք էլ ի վիճակի չէին ծախսել այդքան էլեկտրաէներգիա…)։ Քաղաքացին բնականաբար հանկարծակիի եկավ։ Նա դիմեց «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ Կենտրոն մասնաճյուղի Մյասնիկյանի տեղամաս։ Հաշվիչի ստուգման համար հանձնարարական տրվեց Ա. Մովսիսյանին, «աշխատանքը կատարող» համարվեց Ս. Հայրապետյանը։ Հաշվիչի համարն էր 330729։ Ըստ եզրակացության, «հաշվիչի սխեման ճիշտ էր հավաքված» (8.04.99թ.)։ Ուշագրավ է, որ «բնակարանային սեկտորում միաֆազ հաշվիչների ստուգման ակտի» համաձայն էլ (01.04.99թ.) «կարգազանց» հաշվիչի համարն էր… 7330729։ Հաշվիչի զգայնությունը համարվեց «նորմալ», «հաշվիչի մեխանիզմը՝ նորմալ», կարգազանցն էլ «ինքնընթաց» չուներ… Քաղաքացին բազմաթիվ դռներ բացեց, «կարգազանցին» տարան թիվ 2 լաբորատորիա։ Ապա պարզվեց, որ հաշվիչը… ինքնընթաց այնուամենայնիվ ունեցել է։ Անշուշտ, ոչ քաղաքացու մեղքով, որովհետեւ հաշվիչը գտնվում էր բնակարանից դուրս։ 2000թ. հոկտեմբերի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) բավարարում է «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի հայցապահանջը եւ վճռում է հօգուտ նրա բռնագանձել 298.270 դրամ գումարը։ Պատասխանող Մարիանա Ոսկանյանը մեզ հայտնեց, որ թե հոկտեմբերին, թե դրանից առաջ եւ հետո ընկած ամիսներին դիմել է դատարան, թե ե՞րբ է շարունակվելու հայցի քննությունը։ Ինքն «ազատ» ժամանակն անց է կացրել հաշվիչի տեխնիկական վիճակը ստուգելու խնդրով։ Ուշագրավ է, որ բաժանորդն այս տարի է իմացել 2000թ. հոկտեմբերին կայացրած վճռի մասին եւ իր դիմելուց հետո են պատահաբար հայտնել, թե վճիռ կա։ Բնականաբար, նա չիմանալով վճռի մասին, վերաքննիչ բողոքով չի դիմել երկրորդ ատյանի դատարան, որտեղ, ինչպես գիտեք, 1-ին ատյանի վճիռը կարող էր բողոքարկվել 15 օրվա ընթացքում։ (Դատարանն իր հերթին արձանագրել էր, թե «պատասխանող Մ. Ոսկանյանը դատարան չներկայացավ, թեեւ պատշաճ ձեւով տեղեկացվել է դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին»)։ Բռնագանձումը տեղի չի ունեցել։ «Երեւանի էլեկտրացանցը», որքան էլ տարօրինակ է՝ հետամուտ չի եղել գումարի հարցով։ Վճիռը քանի որ չէր բողոքարկվել, հետեւաբար պիտի կատարվեր դատական ակտերի հարկադիր կատարման բաժանմունքի կողմից։ Քաղաքացի Մարիանա Ոսկանյանը դիմում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման Երեւանի ստորաբաժանում Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքին։ Բաժանմունքի պետ Ս. Թադեւոսյանը իր 08.02.02 գրությամբ հայտնում է, որ… «Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքում 2000թ. մինչեւ 2002թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում Ոսկանյան Մարիանայից հօգուտ «Երեւանի էլցանց» ՓԲԸ կատարողական թերթ մուտք չի եղել»։ Ո՞վ կպատկերացնի։ Վճիռը կա, կատարողական թերթը չկա 2 եւ ավելի տարի։ Էլցանցն այդ դեպքում ինչո՞ւ է դիմել դատարան գումարի պահանջի մասին, երբ… նույնիսկ տեր չի կանգնել վճռից հետո սպասվելիք գործողություններին։ Հասկանալի է, որ քաղաքացին, որը ոչ իր մեղքով հայտնվել է անսովոր իրավիճակում, չի երազում, թե եկեք, հաշվիչի կեղծ ցուցմունքի համար ինձնից գումար բռնագանձեք։ Նա դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությանը՝ այսօրինակ իրավախախտումների եւ իրեն այս պատմության մեջ ապօրինի ներքաշելու համար գնահատականը տալու։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել