Հայացք քաղաքին Դեռ ոչ վաղ անցյալում փահլեւանները երբեք Երեւանի կենտրոնական փողոցներ, հրապարակներ չէին համարձակվի մուտք գործել։ Էլի կային ու սիրված էին ժողովրդի կողմից իբրեւ ավանդական խաղ-ներկայացում, սակայն նրանց կարելի էր տեսնել միայն բակերում։ Այսօր Երեւանի քաղաքային կուլտուրան, հայ մշակույթն ու արվեստն այնքան են նահանջել մեր կյանքից, առօրյայից, որ փահլեւաններն են դարձել Երեւան քաղաքի ցերեկային ժամերի դիմագիծը։ (Երեկոյան ժամերին քաղաքի դիմագիծն արտահայտվում է կենտրոնական փողոցներում ու մայթերին թափառող մարմնավաճառներով ու նրանց հետ կռիվ-շուկա անող «լավ տղերքով»)։ Կինոյի տան առջեւ «Հայաստանի ազգային կրկես» մակագրությամբ «Երազ» մակնիշի մի հին ավտոմեքենա է հաճախ կանգնում։ Խանջյան-Գնունի փողոցների ծանր երթեւեկելի խաչմերուկն էլ ավելի է խառնվում փահլեւանի առկայությամբ։ Փոքրիկ տղա երեխան լարի վրա խաղում է, դիմակով երիտասարդը ավտոմեքենաներից գումար է հավաքում՝ քաղցր զրուցելով։ Այս երիտասարդին լուսանկարելիս «Երազի» վարորդը ավտոմեքենայի միջից բարձրախոսով նկատողություն արեց. «Արա, ա՛յ տղա, քեզ ստեղ բերել ենք կինոյում նկարվելու համա՞ր… ավտոները բաց ես թողնում, գո՛րծ արա…»։ Հավաքած գումարը այս երիտասարդ տղան պետք է բաժանի մի քանիսի միջեւ, սկսած՝ սաստող վարորդից… իրեն կմնա այդ գումարի չնչին մասը։ Ու չնայած այս ամենին, դիմակով երիտասարդը, ժողովրդական խոսքով ասած՝ յալանչին, սիրով լուսանկարվեց։ Ս. Ս.