Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ՄԱՏ ՄԵՂՐԻ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտ 08,2002 00:00

«ՄԻ ՄԱՏ ՄԵՂՐԻ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մեղր ծախողը միշտ իր մատը լիզում է Հայաստանի պետական ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը, ինչպես հիշում ենք, կրկին վերադարձավ այս պաշտոնին 2000թ. օգոստոսի առաջին օրերին։ Եվ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նրան հարց ուղղեց. «Ծրագիր ունե՞ք»։ «Ծրագիրը ո՞րն է, մարդը թեւերը քշտում է ու աշխատում»,- ինքնավստահ, ուռած կրծքով պատասխանեց Հովհաննես Երիցյանը։ Ի պաշտոնե, Երիցյանը հայտարարեց, որ ծրագիր ունենալը, փաստորեն, անհեթեթություն է, կարեւորը թեւեր քշտելն է։ Թեւերը քշտեց ու ահա այսօր հայկական ավիացիան կրակի դուռն է ծեծում։ Գլուխ է գովում, թե A310 ինքնաթիռի վարձակալության նախկին պայմանագրի պայմանները կլավացնի, ցածր գներով կվարձակալի։ Արդյունքում ի՞նչ ստացվեց. այն, որ վարձակալության գինը իջեցրեց՝ որակի եւ սպասարկող որոշ ծառայությունների կրճատման հաշվին (ապահովագրում եւ այլն), որի պատճառով այսօր այդ ինքնաթիռն ընդհանրապես չի աշխատում։ Ստիպված եղանք վարձակալել Ռուսաստանից Ձձ 154 (M) ինքնաթիռը՝ ռուս օդաչուներով հանդերձ։ Այդ օդաչուներին, բնականաբար, հայկական ավիացիան վճարում է խայտառակ մեծ չափերի գումարներ, իսկ հայ օդաչուները զրկված են աշխատանքից։ Այսինքն՝ հայկական ավիացիան Հովհաննես Երիցյանի խելքի ու անկարողության պատճառով արհեստականորեն դարձյալ սնանկանում է։ Այսօր լուրջ խնդիր է առաջացել նաեւ Գերմանիայից Հայաստան փոխադրվող փոստի եւ անհատ անձանց ու մասնավոր ընկերությունների, ձեռնարկությունների բեռների տեղափոխման հարցում։ Գերմանիայում այսօր բեռների ահռելի կուտակումներ կան։ Պատճառը հետեւյալն է. այսօր անսարք վիճակում գտնվող A310 ինքնաթիռը մեր ինքնաթիռներից միակն էր, որում տեղադրված էր TCAS կոչվող սարքավորումը (այս սարքը մոնտաժվում է օդանավի մեջ եւ ցույց է տալիս վտանգավոր մոտեցումները)։ Արդեն 4 տարի շարունակ հայկական ավիացիայի յուրաքանչյուր աշխատակից գիտի, որ եվրոպական բոլոր ավիաընկերություններն այդ TCAS կոչվող սարքի տեղադրման պահանջը խիստ ընդգծում են՝ իբրեւ անվտանգության առաջին կարեւոր չափանիշ։ Ռուսաստանից վարձակալված Ձձ 154 (M) ինքնաթիռը, բնականաբար, TCAS-ով է։ A310 ինքնաթիռը ուղեւորներից եւ ուղեբեռից բացի, հնարավորություն ուներ 12 տոննա բեռ տեղափոխել։ Իսկ Ձձ 154 (M)-ը ուղեւորներից եւ ուղեբեռներից բացի, ընդամենը 1-1,5 տոննա է ի վիճակի տեղափոխել։ Այս է պատճառը, որ եվրոպական երկրներ չվերթեր կատարող Ձձ 154 (M)-ը չի կարող փրկել դրությունը։ Գերմանիայի հետ համագործակցող մասնավոր ընկերություններն ու ձեռնարկությունները, անհատ անձինք իրենց բիզնեսում մեծ դժվարությունների առջեւ են կանգնում, ընդհուպ մինչեւ սնանկացում։ Հայկական ավիցիայի վարչությունը մի քանի չվերթի վարձակալության գումարով կարող էր ձեռք բերել 120-150.000 դոլար արժողության TCAS սարքը. արդյունքում մեր ինքնաթիռներից եւս մեկը միջազգային նորմերին կհամապատասխաներ, բեռների կուտակումներ չէին լինի, այդ բեռների փոխադրման գումարները կմտնեին Հայաստանի բյուջե, մասնավոր ընկերություններն ու փոստային համակարգը չէին հայտնվի այսպիսի ծանր վիճակում, մինչեւ A310-ը կվերագործարկվեր։ Իսկ Երիցյանն այս ընթացքում «Ծրագիրս ո՞րն է, մարդը թեւերը քշտում է ու աշխատում» կամ՝ «ձեռներս մաքուր է, գլուխս աշխատում է»։ Հովհաննես Երիցյանը պաշտոնավարման օրից բավական խոստումներ տվեց, որոնք ոչ միայն չկատարեց, այլեւ վտանգեց ողջ ավիացիան։ Հիշենք Եգիպտոսի չվերթը, որը մեծ շուքով բացեց, սակայն շատ շուտով փակվեց, քանզի ավիացիայի բիզնեսի առումով այն ի սկզբանե արդյունավետ չէր կարող լինել։ Օդաչու, հոգեբանական գիտությունների թեկնածու, Ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը Ավիացիայի վարչության պետ է եղել նաեւ 1989-1991թթ.։ Ապա աշխատել է նաեւ Կանադայում եւ մեկ այլ երկրում՝ իբրեւ Աերոֆլոտի ներկայացուցիչ։ Երեւանի Այգեստան թաղամասում երեք հարկանի հսկա մի դղյակում է ապրում Հայկական ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը։ Հսկայական ծավալի, պարսպապատ, եղեւնիներով լի բակով եռահարկ այս թարմ կառույցը, ասում են, մի քանի տարվա պատմություն ունի։ Ոչ մի կապ չունի՝ քանի տարի առաջ է կառուցել՝ երե՞ք, թե՞ չորս. Հովհաննես Երիցյանը երկու «սրոկի» Ավիացիայի վարչության պետ է։ Հիշեցնենք պրն Երիցյանի հայտնի մի խոսքը եւս՝ ուղղված իր համակարգի աշխատակիցներին, թե «մարդ, որ ձեռները քշտած մտնում է մեղրի փեթակի մեջ, չի կարող պատահի, որ մատի ծայրին մեղր չմնա»։ Այսինքն՝ խորհուրդ է տալիս՝ մատի ծայրի մեղրով բավարարվել։ Հովհաննես Երիցյանը, թերեւս, կյանքից քաղած իր դասերով, փորձի փոխանակմամբ է տուն կառուցում, հայավիացիայի համակարգ աշխատեցնում… Իհարկե, փեթակից «մատի ծայրի մեղրն» էլ բավական է… ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել