ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ՝ ՏՈՆԻՑ ԱՌԱՋ Երեկ կառավարության անդամները բրիֆինգը կանանց տոնի առթիվ շնորհավորանքներով սկսեցին: Բայց եթե Հովիկ Աբրահամյանը լայն ժպիտով ու մեծ սրտով դա արեց, ապա Վարդան Խաչատրյանն ասաց, որ նախընտրում է ապրիլի 7-ը (չնայած՝ կանանց միշտ կարելի է շնորհավորել), ու քանի որ ստիպված է՝ … Հետո նա բոլորին շնորհավորեց, բայց բոլորը միանգամից հասկացան, որ խոսքը կանանց մասին է: Իսկ մինչ այդ, հաճելի անակնկալ էր պատրաստել Հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ կառավարության աշխատանքները լուսաբանող լրագրողուհիներին ծաղիկներ նվիրելով: Կառավարության երեկվա նիստի արդյունքում, օրինակ, Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանը 2 ամսով պակաս կղեկավարի համայնքը, քան նախատեսվում էր: Ինչպես նաեւ Նուբարաշենի թաղապետը: Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի զեկուցմամբ կառավարությունը մի օրինագիծ է մշակել, ըստ որի, այս տարի Երեւանի համայնքների թիվը կկրճատվի՝ 12-ից դառնալով 10: Հետագայում համայնքների թիվը եւս 2-ով կկրճատվի: Այս որոշումն, ըստ Հ. Աբրահամյանի, ընդունվել է զուտ տնտեսական նկատառումներով. «Տնտեսական եւ ֆինանսական առումներով այսպես ավելի արդյունավետ է: Նորք-Մարաշը եւ Նուբարաշենը «պահվում էին» պետության դոտացիայով: Չի կարող մի համայնքը 9000 բնակչից բաղկացած լինել, մյուսը՝ 180 հազարից»: Հարցին, թե Սահմանադրության հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանում, Հ. Աբրահամյանը ասաց, որ ոչ, չնայած՝ Սահմանադրական դատարանի եզրակացությունը չկա: Ըստ նրա, փոփոխություններ կլինեն նաեւ Ընտրական օրենսգրքում. «2 ամիս է մնացել, 2 ամսվա համար թաղապետը լուրջ դժգոհություն չի հայտնի: Միեւնույն է, վերջին 2 ամսում թաղապետերը սովորաբար ընտրական գործունեություն են ծավալում»: Իսկ Վարդան Խաչատրյանի համար, ինչպես լրագրողներից մեկը նկատեց, տոն էր երեկվա նիստը. 11 նախագիծ էր ներկայացրել, որոնց մեծ մասով ֆինանսավորման որոշումներ են կայացվել: Նախ, ընտրությունների ընթացքում 5%-ի սահմանը հաղթահարած կուսակցություններին 100 մլն դրամ հատկացնելու մասին որոշումն ընդունվեց: Նախարարը հայտնեց, որ ՀՅԴ-ն դեռեւս չի ստացել իրեն հասանելիք գումարը, ինչը ենթադրում է, որ «բիրիքով» կարող է ստանալ: Այս կուսակցությունը, նախարարի խոսքերից դատելով, պատկերացրել է, թե փողերը տանելու են իրենց բաժանեն: Բայց կուսակցությունները պետք է ֆինանսավորման հայտ ներկայացնեն: Երեկ որոշվել է հատկացնել նաեւ առողջապահության համակարգի 1մլրդ 649 մլն պարտքը: Նախարարն, ի դեպ, նկատեց, որ սա համակարգի ընդհանուր թերֆինանսավորման գումարն է, եւ թե սրանից ինչքանն է աշխատավարձի, ինչքանը՝ դեղորայքի պարտք, տեղյակ չէ: Այս օրերին, սակայն, տասնյակ բուժաշխատողներ 17 ամսվա աշխատավարձ ստանալու պահանջով գործադուլեր են անում, բողոքելով նաեւ առողջապահական գործակալության գործունեությունից: Իսկ ամիսներ առաջ Վ. Խաչատրյանը հայտնել էր, որ այս կառույցում մի շարք լուրջ օրինախախտումներ են տեղի ունեցել: Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին նախարարը պատասխանեց, որ գործակալությունում ստուգումներ եղել են, որի ընթացքում պարզվել է, որ պարտքի չափն ուռճացված է: Իսկ առողջապահական գործակալության այլընտրանքը բժշկական ապահովագրությունն է: Նախարարը դժգոհեց, թե երբ պարտքն ավելի մեծ էր լինում նախորդ տարիներին, այսքան բողոքներ չէին լինում: Իսկ բաշխիչ ցանցերի (միաժամանակ 4-ի) նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել միայն «Յունիոն ֆենոզան»: ՌԱՕԵԷՍ-ն էլ չէր հրաժարվի, բայց անվճար, առանց ներդրումներ անելու: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ