Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքին կհարվածեն Վրաստանի՞ց

Մարտ 08,2002 00:00

Իրաքին կհարվածեն Վրաստանի՞ց Ռուսաստանյան մամուլը շարունակում է անդրադառնալ ԱՄՆ ռազմական փորձագետների Վրաստանում գտնվելու փաստը: Մասնավորապես «Նեզավիսիմայա գազետան» է անդրադարձել Վրաստանում կատարվող իրադարձություններին: Անատոլի Գորդիենկոն արձանագրել է. «Վրաստանում համառորեն շրջանառվում է այն տարբերակը, թե ԱՄՆ-ը մտադիր է վրացական ռազմական օդակայաններն ու մասնավորապես Մառնեուլում տեղակայված ռազմաօդային նոր բազան օգտագործել Իրաքին օդային հարվածներ հասցնելու համար: Իհարկե, վրացական իշխանություններն առայժմ հերքել են այդ փաստը, բայց, հեղինակի վկայությամբ, ավելի շատ՝ խուսափողական եւ անորոշ պատասխաններով: Այսպես, Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գելա Բեժուաշվիլին «ՆԳ»-ի թղթակցին զգուշավոր պատասխան է տվել: «Վրաստանում աշխատող ԱՄՆ ռազմական փորձագետները վրացական կողմին նման ծրագրերի ու մտադրությունների մասին տեղյակ չեն պահել»,- գրում է թերթի թղթակիցը՝ միաժամանակ մեջբերելով նախագահ Շեւարդնաձեի այն խոսքերը, թե ահաբեկչության դեմ պայքարի համար ամերիկյան ռազմական փորձագետների ժամանումը Վրաստան «ընդարձակ ծրագրի մի մասն է միայն, որի վերջնական նպատակն է ամերիկյան օրինակով վրացական նոր բանակի կազմավորումը»: Հրապարակման հեղինակի կարծիքով, «Թբիլիսում, իհարկե, հասկանում են, որ Ռուսաստանում այդ ամենն ընդունվում է, մեղմ ասած, առանց առանձնակի խանդավառության: Բայց Շեւարդնաձեն ակնհայտ թեթեւությամբ ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցող իրադարձություններին, նաեւ վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության ընդլայնվող ծրագրերին վերաբերվում է «հանգիստ ու կշռադատված»: Ինչեւէ: Երեկ սկսել են շփումները վրացական եւ ռուսական հատուկ ծառայությունները: «Թբիլիսի է ժամանել Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ն.Պատրուշեւը, իսկ այդ գերատեսչության փորձագետների խումբը տնօրենի տեղակալ Վլադիմիր Պրոնիչեւի գլխավորությամբ արդեն մի քանի օր աշխատում է Վրաստանի ազգային անվտանգությունում: Թե բացի «ծրագրային հարցերից» երկու երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն էլի ինչ հարցեր են քննարկում փակ դռների ետեւում, իհարկե, հայտնի չէ»,- գրում է «ՆԳ»-ի թղթակիցը՝ ավելացնելով, թե կուլուարներում վրաց քաղաքական գործիչները խոսում են Պուտինի եւ Շեւարդնաձեի միջեւ ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Խոսվում է նաեւ մասնավորապես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Վրաստանում ազդեցության ոլորտների բաժանման մասին: Իհարկե, հարկ է նշել, որ հենց երեկ ռուսաստանյան իշխանությունները կտրականապես հերքեցին այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանք ոտնահարում են ռուսական եւ վրացական կողմերի արժանապատվությունը: Միաժամանակ, ռուս լրագրողը տեղեկացնում է նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ իբր ձեռք բերված այնպիսի համաձայնության մասին, ըստ որի՝ Մոսկվան իրավունք է ստացել Աբխազիայի տարածքում գտնվող Գուդաուտա քաղաքում տեղակայված ռուսական ռազմական օդակայանների շահագործումը շարունակելու, որի դիմաց ԱՄՆ-ը «քարտ բլանշ» է ստացել Մառնեուլի օդակայանն օգտագործելու հարցում: «Ի դեպ, այստեղ արագ տեմպերով կարգի են բերվում թռիչքավայրէջքային գոտիները եւ նորացվում են օդանավիգացիոն սարքավորումները: Աշխատանքները համակարգում է Թուրքիան, որն արդեն բազայի արդիականացման նպատակով կատարել է ավելի քան 1 միլիոն դոլարի ներդրում: Երեքշաբթի ռազմական տեխնիկայի եւ սարքավորումների հերթական խմբաքանակը վրացական բանակին հանձնելու արարողության ժամանակ թուրք ռազմական կցորդ գնդապետ Ա.Գյուլերն ասել է, թե Անկարան կշարունակի աշխատանքները Մառնեուլում, որի համար արդեն լրացուցիչ միջոցներ են հատկացված»,- գրում է Ա.Գորդիենկոն: Իսկ արդեն երեկ եռօրյա այցով Թբիլիսի է ժամանել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Թունջայ Չականիի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ վերջինս կհանդիպի վրացական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կայցելի Ախալցխայի վրացական սահմանապահ ջոկատ, նաեւ կհանդիպի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր Թ.Մոսիաշվիլիի հետ: Պատրաստեց Ն.ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել