«Փաստաթուղթը հաջողված չէ» Վերջին մի քանի օրերին «Առավոտ»-ն անդրադառնում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին ՕԵ նախաձեռնությանը, որի առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումները։ Նախ եւ առաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի նախագիծն առաջին օրվանից արդեն իսկ հետաձգվել է։ Երկրորդ՝ ներկայացված փաստաթուղթը ընդամենը նախագիծ է, որը ԱԺ կանոնակարգի համաձայն մի քանի ամիս շրջանառության մեջ պիտի գտնվեր, որի արդյունքում այն կարող էր ե՛ւ լրամշակվել, ե՛ւ հանվել շրջանառությունից։ Պրակտիկայում նման դեպքեր բազմաթիվ են։ Երրորդ՝ նախագծով ոչ թե պարտադրվում է ստեղծել ռուսական դպրոցներ, այլ գրված է, որ այդպիսիք կարող են ստեղծվել, որտեղ, համաձայն նույն նախագծի, հայերենի ուսուցումը պարտադիր է, որից եւ բխում է, որ այն չի կարող արվել մայրենիի հաշվին։ Այս տեսանկյունից ընդունելի չեն այն տեսակետները, թե իբր, այն էլ դիտավորությամբ, փորձ է արվում նսեմացնել հայոց լեզվի դերը։ Իսկ նման դպրոցներ ստեղծելու մասին որոշումը անհրաժեշտության դեպքում պետք է կայացներ կառավարության լիազոր մարմինը։ Չորրորդ՝ մենք եւս կարծում ենք, որ փաստաթուղթը հաջողված չէ եւ այն պետք է կատարելագործել, որ ձեւակերպումները միգուցե չեն համապատասխանում մեր առաջադրված նպատակին, որի արդյունքում էլ այն տարընկալումների տեղիք է տվել։ Դրա համար էլ այն ընդամենը նախագիծ է, այն էլ հետաձգված։ Հինգերորդ՝ հայտարարում ենք, որ մեր նպատակը ընդամենը թե՛ ռուսերենի, թե՛ եվրոպական լեզուների ուսուցման բարելավումն է նաեւ հանրակրթական մակարդակում, որտեղ կրկին համոզված ենք, որ պետք է արտահայտվի հայերենի գերակա դերը։ Վեցերորդ՝ թե՛ «Օրինաց երկիրը», թե՛ Արթուր Բաղդասարյանը մայրենիի դերի նսեմացման ճանապարհով որեւիցե քայլ չեն կատարել եւ չեն կատարելու, քանի որ նման ոչ ցանկություն կա, ոչ էլ նպատակ։ Ավելին, համոզված ենք, որ դրա իրավունքը որեւիցե մեկին տրված չէ։ Յոթերորդ՝ ելնելով մեր առաջադրած նպատակից, պատրաստ ենք այն լիարժեք ձեւակերպելու համար ցանկացած քննարկման, իսկ պատշաճ իրավական լուծումներ չգտնելու դեպքում՝ այն ուղղակի կհանվի շրջանառությունից։ Մեր համոզմունքն է, որ մեր երեխաները մրցակցող աշխարհում պետք է լավագույնս տիրապետեն նաեւ այլ լեզուների, եթե ապագայում ցանկանում ենք ունենալ մրցունակ սերունդ եւ մրցունակ պետականություն։ Սա է մեր նպատակը։ ՕԵԿ լրատվական ծառայություն